Պաշտոնավարման 100 օրը լրանալու կապակցությամբ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանը ասուլիս էր հրավիրել իր կատարած գործերը եւ ընդհանրապես 2004 թվականի աշխատանքային հաշվետվությունը հանրությանը ներկայացնելու համար:
Հանձնաժողովն անցած տարի տնտեսության ազատ մրցակցությունը պաշտպանելու ուղղությամբ կատարել է բավական, բայց ոչ` բավարար գործեր: Հայտնաբերել է անբարեխիղճ մրցակցության 41 դրսեւորումներ: Անբարեխիղճ տնտեսվարողների նկատմամբ կիրառել է պատասխանատվության միջոցներ՝ «հանձնարարվել է սահմանված ժամկետում վերացնել խախտումները, հետագայում բացառել դրանք եւ հանձնաժողով ներկայացնել տեղեկատվություն՝ օրենքի խախտումների հետեւանքով ստացված շահույթը ՀՀ պետբյուջե փոխանցելու մասին»: Իսկ պետբյուջե փոխանցվել է մի ամբողջ դրամագլուխ՝ 7մլն 566.740 դրամ:
Պատկերացնո՞ւմ եք, հանձնաժողովն «ԱրմենՏել ՀՁ» ընկերության վարքագիծը որակել է որպես գերիշխող դիրքի չարաշահում, որովհետեւ վերջինս «ԱրմենՍելլ» ՓԲԸ-ին ինտերնետ ցանցին միանալու համար համահայկական համար է տրամադրել: Կամ՝ «Սոֆիրա» ընկերությունը տուգանվել է 9.000 դրամով, որովհետեւ վերջինս «Մոբարակ Օլիվիա» անվանումով միջադիրների փաթեթի վրա օգտագործել է այլ տնտեսվարող սուբյեկտին սեփականության իրավունքով պատկանող ապրանքային նշանը եւ սպառողների մոտ շփոթություն է առաջացրել: Մի օրինակ եւս. Նոր տարվա շեմին հանձնաժողովն ուսումնասիրել եւ գտել է, որ «կճեպով ձվի» գնի աճը սպեկուլյատիվ բնույթ է կրում: Կատարած մոնիտորինգի արդյունքում հայտնաբերված այն խանութները, որոնք ողջամտության սահմաններից դուրս են բարձրացրել ձվի գինը, ներկայացվել են հարկային մարմինների դատին:
Հանձնաժողովի նախագահը նկատել է նաեւ մի տարօրինակ երեւույթ. խորհրդային տարիներին Հայաստանում սպառվում էր 36.000 տոննա կարագ, հիմա ներկրվում է 5.200 տոննա: Հարց. հայերը դիետայի վրա են, Մաքսայինում են չարաշահումներ կատարո՞ւմ, թե՞ մեր կարագի արտադրությունը մեզ բավարարում է: Սա դեռ ուսումնասիրվում է: Իսկ շաքարավազի ներկրումը, որ մենաշնորհ բնույթ ունի, հանձնաժողովի նախագահի կարծիքով` ստեղծվել է ազատ մրցակցության պայմաններում, որովհետեւ շատ բերելու դեպքում դրսում էժան են առնում: Ի դեպ, շաքարավազի մոտ 94%-ը ներկրում է «Ֆլիդ ֆուդ» ընկերությունը, որը, ասում են, պատկանում է Սամվել Ալեքսանյանին (Լֆիկ): Իսկ թե «Կոկա-կոլա» կամ «Գրանդ քենդի» ընկերություններն իրենց արտադրության համար անհրաժեշտ չնչին քանակությունները ինչու են ներկրում, կամ եթե ներկրում են` ինչու ավելի շատ չեն ներկրում, թե՛ մեզ, թե՛ պարոն Շահնազարյանի համար մնաց հարց:
Պարոն Շահնազարյանն ընդունում է, որ իրենց լծակները քիչ են ազատ մրցակցություն ապահովելու համար, անհրաժեշտ են օրենսդրական համապատասխան փոփոխություններ, համագործակցություն Եվրախորհրդի համապատասխան կառույցների հետ եւ ամենակարեւորը` լրագրողների եւ հանրության տեղեկատվական աջակցությունը: Ու ժամանակի ընթացքում մեր տնտեսվարողներն ավելի պաշտպանված կլինեն: Նա համաձայն չէ, որ հանձնաժողովն ունի ընդամենը գիտահետազոտական ինստիտուտի արժեք: Այն հարցին, թե առանց իրենց հանձնաժողովի այսօր մեր տնտեսության մեջ մրցակցությունն ինչքանո՞վ ազատ կլիներ, կամ հանձնաժողովն ապահովո՞ւմ է մրցակցության ազատությունը, պարոն Շահնազարյանն այսպես պատասխանեց. «Տնտեսական մրցակցությունը պաշտպանող հանձնաժողովն այսօր Հայաստանի տնտեսությանն այդքան էլ անհրաժեշտ չէ, երեկ էլ անհրաժեշտ չէր: Ա՛յ, վաղը անհրաժեշտ կլինի»: