Վրաստանի «Ռուսթավի 2» հեռուստաընկերության դեկտեմբերի 4-ի տեղեկատվությունն այն մասին, թե Լենինի մերձավոր զինակիցներից մեկի` բոլշեւիկյան կուսակցության անվանի գործիչ Կամոյի աճյունը հանգչում է ընդհանուր գերեզմանում, չի համապատասխանում իրականությանը: Այդ մասին «ԱրմԻնֆոյին» հաղորդել է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր, Վրաստանի հայերի միության ղեկավարներից մեկը՝ Վահան Բայբուրդը: Նրա խոսքերով, 1991թ. Վրաստանում մեկնարկած հակակոմունիստական արշավի ընթացքում հեղափոխական-բոլշեւիկների` ներառյալ Կամոյի բոլոր մահարձանները եւ գերեզմանաքարերը կորել են: Սակայն, Վրաստանի իշխանությունները գտել են Կամոյի հարազատներին եւ վերաթաղել նրա աճյունը Թբիլիսիի հայտնի Վակե գերեզմանատանը, հարազատ քրոջ` Ջավահիր Խուլութաշվիլու գերեզմանի մոտ: