Բանակի խնդիրն առաջին գիծն ամրապնդելն է

13/12/2006 Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Այդ հողերն ազատագրվել են` նպատակ ունենալով ստեղծել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շուրջ անվտանգության գոտի, ինչպես նաեւ՝ ժողովրդի խաղաղ գործունեությունը ապահովելու համար: Մենք հեռացրել ենք բոլոր այն կրակակետերը, որոնք ներազդում էին մեր հանրապետության բնակավայրերի վրա»,- այս մասին հայտարարել է ԼՂՀ պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Սեյրան Օհանյանը, դեկտեմբերի 6-ին Ղարաբաղի պաշտպանության առաջնային գծում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ:

Այդպիսով նախարարը մեկնաբանում էր ՀՀ նախագահի խորհրդական Գառնիկ Իսագուլյանի այն հայտարարությունը, թե «տարածքներն ազատագրվել են նրա համար, որ հետագայում Ղարաբաղի կարգավիճակի դիմաց ինչ-որ բան լինի առաջարկելու»: «Իհարկե, եթե մենք ուզում ենք Ղարաբաղի հարցը լուծվի, լինելու են նաեւ թե համապատասխան զիջումներ, թե փոխանակումներ, որոնք բանակցության եւ քաղաքական իշխանությունների գործունեության արդյունք են: Եթե դուք նկատում եք, ես ընդհանրապես այդ մասին չեմ խոսում: Իմ խնդիրն առաջին գիծն օրըստօրե ամրապնդելն է եւ պայքարելը` յուրաքանչյուր թիզ հողի համար»,- ասաց ԼՂՀ պաշտպանության նախարարը:

Խոսելով ադրբեջանական կողմից հաճախակի հնչեցվող այն հայտարարությունների մասին, թե «իբր հայկական կողմն է խախտում հրադադարը», նախարարն էլ իր հերթին փաստեց, որ հրադադարի խախտումները միշտ տեղի են ունենում հակառակորդի կողմից: «Նախորդ տարիների ընթացքում մենք չէինք ասում դրա մասին: Հարկ չէինք համարում այն փոքր հրաձգությունների, կրակոցների մասին աշխարհով մեկ ասել, բայց, կարծում եմ, դա անհրաժեշտ է: Դրանով ադրբեջանական կողմը փորձում է համապատասխան քարոզչություն իրականացնել՝ իբր մենք ենք խախտում զինադադարի պայմանագիրը»: Նախարարի կարծիքով, յուրաքանչյուր բանիմաց անձնավորություն, կազմակերպություն, որը գիտի մեր ամբողջ գոյապայքարի եւ պատճառները, եւ ամբողջ ընթացքը, այդպես չի մտածում:

Իսկ այն հարցին, թե սահմանի այս կամ այն կետում սահմանային գծի փոփոխություններ եղե՞լ են այս տարի, Ս. Օհանյանը պատասխանեց. «2006-ին այդպիսի մի քանի փորձեր եղել են, բայց բոլորը կանխվել են: Այն, ինչ նախորդ տարիների (2004, 2005 թվականների) ընթացքում կատարվում էր, այս տարի հիմնականում կանխվել է, որովհետեւ մենք ավելի ենք ուժեղացրել դիտարկումն առաջին գծում»:

Ս. Օհանյանը, գնահատելով առաջին գծում տիրող իրավիճակը, հավաստիացրեց, որ համեմատաբար հանգիստ է: «Իհարկե, լինում են փոխհրաձգություններ, դիպուկահարների կրակոցներ, որոնց, ի դեպ, պատասխանում ենք միայն այն դեպքում, երբ այդ կրակոցները նպատակային են (անկանոն կրակոցներին մենք երբեւիցե չենք պատասխանում): Ի տարբերություն մյուս տարիների, 2006-ը համեմատաբար ավելի հանգիստ է եղել: Այս տարվա ընթացքում մենք գրեթե 0-ի ենք հավասարեցրել հակառակորդի ազդեցության արդյունքում ունեցած մեր կորուստները: Դա հիմնականում այն բանի արդյունքն է, որ ինժեներական սարքավորումների կահավորման մեջ հիմնականում մեծ ուշադրություն ենք դարձնում անվտանգության ապահովմանը»,- ասաց Սեյրան Օհանյանը:

Ի դեպ, պատահական չէր, որ ԼՂՀ ՊՆ նախարարի մամուլի ասուլիսը առաջնային գծում եւ վրանային պայմաններում էր հրավիրված: Դա արվել էր լրագրողների խնդրանքով, որոնք նախարարի ուղեկցությամբ սկզբում այցելեցին Պաշտպանության նախարարության Ք. Իվանյանի անվան ռազմամարզական վարժարան, որտեղ ծանոթացան վարժարանի սաների առօրյային, ուսուցման պայմաններին, ինչպես նաեւ այցելեցին պաշտպանական շրջաններից մեկը: Այնուհետեւ լրագրողները եղան առաջնային գծում` հակառակորդից մոտ 120-150 մետր հեռավորության վրա: