Ինչպես հայտնի է՝ Կոմիտաս եւ Տիգրան Մեծ փողոցների վերակառուցման աշխատանքները պետք է իրականացվեին «Լինսի» հիմնադրամի միջոցներով: Սակայն հիմնադրամը մինչեւ հիմա գումարները չի փոխանցել՝ պատճառաբանելով, թե փոխանցման հետ կապված համապատասխան փաստաթղթերը դեռ պատրաստ չեն: «Հայաստանի կողմն ինքնակամ որոշ աշխատանքները սկսեց՝ փորելով հողը»,- ասել էր «Լինսի» հիմնադրամի փոխատենապետ Հարութ Սասունյանը: Այդ փողոցները մոտ երկու ամիս մնացին քանդած եւ մեծ դժվարություններ են ստեղծում երթեւեկության համար: Բայց քանի որ ձմեռ է, եւ այդ քանդած ճանապարհներն ավելի մեծ դժվարությունների, նաեւ դժբախտությունների պատճառ կարող են դառնալ, ՀՀ իշխանությունները որոշեցին ինքնուրույն ավարտել սկսած գործը: Դեռեւս հայտնի չէ, թե այդ փողոցների վերակառուցումն ինչ միջոցներով է իրականացվում: Միայն գիտենք, որ օրեր առաջ Երեւանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը հայտարարեց, թե աշխատանքները կավարտվեն դեկտեմբերի 15-ին: Իսկ «Երեւան ջուր» ընկերությունից մեզ պատասխանեցին, թե Կոմիտաս փողոցով անցնող ջրատար եւ կոյուղատար խողովակները փոխվում են իրենց միջոցներով: «Արաբկիր համայնքի Կոմիտաս փողոցի վերակառուցման աշխատանքների շրջանակներում «Երեւան ջուր» ՓԲԸ-ն նախատեսում է կառուցել 5156 մետր ջրատար եւ 515 մ կոյուղատար խողովակներ: Աշխատանքները ֆինանսավորվում են «Երեւան ջուր» ՓԲԸ-ի կողմից վարձակալության պայմանագրի շրջանակներում: Ջրատարի կառուցման ընդհանուր արժեքը 167 մլն դրամ է, կոյուղատարի կառուցման արժեքը՝ 7 մլն դրամ: Աշխատանքներն իրականացնում է «Դորոժնիկ» ՍՊԸ-ն: Հողային եւ ասֆալտապատման աշխատանքների պատվիրատուն «Լինսի» հիմնադրամն է: 2006թ. նոյեմբերին կառուցվել է 1200մ խողովակաշար: Աշխատանքներն ընթանում են ժամանակացույցի համաձայն եւ կավարտվեն 2007թ. հուլիսի 1-ին»,- նշված է «Երեւան ջուր» ընկերության` «168 Ժամին» ուղղված պատասխան գրության մեջ: