Թեեւ հայ ժողովրդի ինտելեկտի մասին աշխարհում լեգենդներ են շրջում, բայց դա ամենեւին չի խանգարում, որ մեր Հանրապետությունը գոնե ժամանակավորապես մնա առանց օրհներգի կամ, ինչպես որոշ թերթեր են գրում, անցումային օրհներգով։ Հիմնի նորացման հարցին մի քանի անգամ անդրադարձել եմ, եւ հիմա չեմ ուզում կրկնել նախկին հոդվածներում արտահայտած մտքերս, բայց՝ գայթակղությանը չդիմանալով, չեմ կարող չասել, որ Հայաստանում նոր օրհներգ ունենալու ոչ մի նախադրյալ չկա։
Ոչինչ չի փոխվել, ոչինչ չի փոխվելու նաեւ առաջիկա ընտրություններից հետո։ Բայց սա առանձին հոդվածի նյութ է, որին կանդրադառնամ, եթե Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոնական արձակուրդից հետո վերջնականորեն չհանգեմ այն մտքին, թե մեր Հայրենիքում արտասանված կամ գրված խոսքը ծանրաբեռնում է միայն մտերիմների ականջներն ու աչքերը՝ հասարակական կարծիքը թողնելով անփոփոխ։
Եվ այս հոդվածը, որ գրում եմ հիմա, սա եւս դժվար թե որեւէ ազդեցություն ունենա հայերի ինտելեկտի շուրջ աշխարհում ստեղծված կարծիքի վրա, քանի որ այն ստեղծում են ոչ թե աշխարհի լրատվամիջոցները, այլ` «Հայլուրի» խոհանոցի լվացարարները։ Ստեղծում են այնպիսի ջանասիրությամբ, որ Հայաստանի Հանրապետության նախագահը շուտով ստիպված կլինի՝ «Մովսես Խորենացին» անբավարար համարելով, ձեռք մեկնել շումերական արձանագրությունների հավանաբար հայ հեղինակներին՝ նրանցից մեկի անունով հիմնելով նոր, բոլորովին նոր մի մեդալ, որը կտրվի հայրենի հասարակությանը հետեւողականորեն եւ հիմնավորապես թյուրիմացության մեջ գցող լրագրողներին։
Իսկ հիմա պատկերացրեք, որ ես շարքային դանիացի եմ (Ինչո՞ւ եմ ասում շարքային. որ հանկարծ չշփոթեք արքայազն Համլետի հետ): Ուրեմն ես շարքային դանիացի եմ եւ հայ ժողովրդի ինտելեկտի մասին շրջող լեգենդներին հավատալով՝ վեր եմ կացել ու եկել «համայն մարդկության բնօրրանը» համարվող նորանկախ մի երկիր ու հանկարծ իմացել, որ այն չունի օրհներգ կամ ունի ժամանակավոր ինչ-որ բան, որը փոխարինում է ապագայում երեւի ստեղծվելիք հիմնին։
Ի՞նչ կկատարվի ինձ հետ, դժվար է նկարագրել։ Ի՞նչ զգացումներ կհամակեն ինձ՝ կարեկցա՞նք, խղճահարությո՞ւն, գուցե նախա՞նձ, որ մի քանի հարյուրական անդամանոց կոմպոզիտորների ու գրողների միություններ ունեցող երկրում մի ամբողջ տարի չեն կարողանում խելքը գլխին մի օրհներգ հորինել ու հետն էլ գլուխ են գովում ինտելեկտի՝ աշխարհում շրջող լեգենդների մասին։
Նախանձը, այո՛, դառը նախանձը կուտի եվրոպացու իմ սիրտը ներսից, որովհետեւ քաղաքակրթվելու եւ զարգանալու ջանքը, որ մեր եւ հարեւան ազգերը թափել են գոնե վերջին երկուհարյուրամյակում, ջուր կդառնա աչքիս առջեւ ու կհոսի, ինչպես հազարամյակներն են անտարբեր հոսում հյուրընկալ ազգի երակներում։
Բայց սա դեռ բոլորը չէ։ Նախանձն ինձ կուտի, եթե հանկարծ ես՝ շարքային եվրոպացիս, տեսնեմ Հանրապետության հրապարակում Լենինի երբեմնի արձանի փոխարեն տեղադրվելիք «կոթողների» մակետները։ «Թյու, սրանք ո՞նց են հաջողել նման լեգենդներ տարածել իրենց ինտելեկտի մասին, եթե եւս մի քանի հարյուրական անդամանոց նկարիչների ու քանդակագործների միություններ ունեցող երկրում չեն կարողանում նախ հասկանալ, որ հրապարակի բաց մուտքը ոչնչով ծանրաբեռնել պետք չէ, եւ ապա չհասկանալով՝ չեն կարողանում եռաչափ որեւէ գաղափար երկնել ու դնել պրոլետարիատի առաջնորդի տեղում»։
Նախանձն իմ սրտում առավել կթեժանա, եթե Ղարաբաղի խնդրի մասին խոսելիս՝ իմանամ հանկարծ, որ Արեւմուտքում ապրած-մեծացած մի քաղաքագետ համոզված ասում է, թե Ղարաբաղին նախադեպեր պետք չեն, ու Ղարաբաղն ինքն է նախադեպ դառնալու բոլորի համար։ Այստեղ կասկածներս մի քիչ կփարատվեն, կմտածեմ, թե իսկապես այս տարածքներում դարերի ընթացքում հղկված քաղաքական միտքն ունակ է անհնարինը կարելի դարձնելու, բայց իսկույն կհիշեմ հայկական լեգենդներից հայտնի չափածո մի ասք. «Ստամբուլը պիտի դառնա արյան ծով»։
Ու տեսնելով, որ Ստամբուլը երգի հորինման պահին հաջորդած մոտ մեկ հարյուրամյակում չի փոխել իր ագրեգատ վիճակը, միանգամից գլխի կընկնեմ, որ արեւմուտքից եկած քաղաքագետի՝ Ղարաբաղի նախադեպ դառնալու մասին պնդումը շուտով ինտելեկտուալ զանգվածի շուրթին դառնալու է բանահյուսություն. «Ղարաբաղը պիտի դառնա նախադեպ, ամեն կողմից կռիվ կսկսվի, ի դեպ»։
Հենց սա էլ կդառնա սրտիս մեջ բուն դրած նախանձի բորբոքման հաջորդ պատճառը, քանի որ, չնայած ճանապարհորդի իմ բավական երկարատեւ ու հարուստ կենսագրությանը, ես դեռ չեմ տեսել մի երկիր, որտեղ բանահյուսությունն ու քաղաքականությունը, բանահյուսությունն ու տնտեսությունը, բանահյուսությունն ու մշակույթը, բանահյուսությունն ու այլ բաները լինեին այսքան ներդաշնակ եւ այսքան սերտ։
Փառք Աստծո, հազար փառք, որ այս հիմար դանիացու պատմությունը երազի պես մի բան էր, որ ես ոչ մի դանիացի էլ չեմ, չհաշված, որ նման բաների մասին հայկական թերթերում հոդված գրելը կարող է նաեւ հիշեցնել Դանեմարքայի արքայազնի անհեռատես վարքը՝ «Ժամանակը դուրս է եկել իր շավղի՜ց», «Լինել, թե չլինե՜լ» ու էլի նման բաներ, որոնք չեն կեղեքում սերիալների ու շոուների հավատարիմ հանդիսատես հայ հասարակության սրտերը։
Եվ հայոց ինտելեկտի լեգենդի լուրն այս դեպքում շատ է նմանվում հոր ուրվականի մասին Համլետի ականջի տակ հնչած փսփսոցին։
Հ.Գ. Խնդրում եմ այս հոդվածը չընդունել որպես վերջերս Երեւանի դրամատիկական թատրոնում բեմադրված «Համլետի» թատերախոսություն։