Վերջին շրջանում Երեւանը պարբերաբար դառնում է հասարակական խոսք ու զրույցի թեմա: Մի քանի պատճառով: Առաջինն, իհարկե, այն է, ինչ կատարվում է մեր մայրաքաղաքի հետ: Համարյա 40 տարվա կայունությունից հետո փոխվում է Երեւանի արդեն հին ու ծանոթ ճարտարապետական տեսքը: Երկրորդ` դարձյալ 40-ամյա կայունությունից հետո փոխվում է քաղաքային բնակչության կառուցվածքը: Մայրաքաղաքի կյանքում տեղի ունեցող այս բուռն տեղաշարժերն իշխանությունների եւ մասնագետների մոտ փոփոխություններ սկսելու գայթակղություն են ծնել: Առաջարկները բազմաթիվ են: Մայրաքաղաքի կառավարումը փոխելու սահմանադրական պարտավորությունից մինչեւ այն տարբեր համայնքների մասնատելը: Խորհրդային գաղափարախոսության բառապաշարով արտահայտված` «մայրաքաղաքում ու նրա շուրջ» ծավալվող գործընթացները ոչ ոքի անտարբեր չեն թողնում: Ոչ երեւանցիներին, ոչ մայրաքաղաքից դուրս ապրող հայաստանցիներին, ոչ սփյուռքահայերին: Ազգագրագետների կարծիքով` այսօր մայրաքաղաքը բացասական ընկալում ունի հանրապետության բնակչության մոտ: Հայաստանի ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Մխիթար Գաբրիելյանի կարծիքով` «Մայրաքաղաքը հանրապետության այլ բնակավայրերում դիտարկվում է որպես այնպիսի միավոր, որը մտածում է իր մասին եւ այդ նպատակով է ծառայեցնում առկա հասարակական ռեսուրսը»: Երեւանից դուրս ապրողները պնդում են, որ երկրում առկա հոգեւոր ու նյութական բոլոր ռեսուրսները միայն մայրաքաղաքի համար են օգտագործվում: Ռեսուրսները «խժռելուց» զատ, Երեւանն իր ձեռքում է կենտրոնացրել հնարավոր ամեն ինչ: Տեղական իշխանության ամենացածր պաշտոնների թեկնածությունն անգամ համաձայնեցվում է Երեւանի հետ: Այս կենտրոնացումն ըստ պրն Գաբրիելյանի՝ «Հանգեցրել է նրան, որ այսօր Երեւանն ընկալվում է որպես ինքնուրույն, որոշ դեպքերում` նաեւ հանրապետության այլ մարզերից ու բնակավայրերից էապես տարբերվող հնարավորություն ունեցող միավոր»: Երեւանի այս ընկալումը միայն նորօրյա գործընթացների արդյունք չի: Արդեն մի քանի տարի է, մենք անխոնջ այս պատկերն ենք կերտում: Մի քանի տասնամյակ առաջ մեր ցանկություններն ավելի լայնամասշտաբ էին: Մենք ձգտում էինք, որ Երեւանը ոչ թե 29 հազարանոց հանրապետության փոխարինիչը դառնա, այլ` Մեծ Հայքի: Ապացույցը քաղաքի թաղերի անուններն են` Կիլիկիա, Արաբկիր, Զեյթուն: Հետո, երբ Երեւանն արդեն ԽՍՀՄ փոքր կենտրոններից չէր, այլ անկախ պետության մայրաքաղաք, սկսեց դառնալ ՀՀ փոխարինիչը: Պատմական հայրենիք ժամանող սփյուռքահայը բավարարվում է միայն երեւանյան զբոսանքներով: Մայր Աթոռ Ս. Էջմիածին ու Գեղարդավանք այցելությունները եթե չհաշվենք, Հայաստան ժամանող զբոսաշրջիկները հազվադեպ են իրենց քիթը մայրաքաղաքից դուրս հանում: Երեւանից դուրս ու հեռու նրանց սպասարկող ենթակառուցվածքներ համարյա չկան: Սոցիալ-տնտեսական այս խաթարված պատկերի արդյունքում` բացասական ընկալվող մայրաքաղաքի հանդեպ «վրեժի» զգացում է ծնվում: Եվ այն հագուրդ է ստանում` տարօրինակ, բայց փորձված եղանակով: Մոտ 40 տարի առաջ Խորհրդային Հայաստանի ղեկավարությունը քաղաքի բնակչության արագ աճի քաղաքականություն իրականացրեց: Նպատակը մայրաքաղաքում մետրոպոլիտեն կառուցելն էր: Միայն միլիոնանոց քաղաքին էր թույլատրվում մետրո կառուցել: Մոսկվայից թույլտվություն պոկելուց հետո Երեւանը միգրացիայի առջեւ փակվեց: Մի քանի տասնամյակ մայրաքաղաքում քաղաքային մշակույթ ու կենցաղ ձեւավորվեց: Բայց այն կտրուկ քայքայվեց 90-ականներին սկսված ժողովրդագրական պրոցեսների արդյունքում: Հայաստանից պաշտոնապես արտագաղթեց բնակչության մոտ քառորդը: Արտագաղթողների մեջ գերիշխողը քաղաքային բնակչությունն է` 75 տոկոս: Սա` ազգագրագետ Աղասի Թադեւոսյանի տվյալներով: Նրա կարծիքով` 1991-96թթ. արտագաղթի արդյունքում կտրուկ փոխվել է մայրաքաղաքի երիտասարդության կազմը: Մայրաքաղաքաբնակ երիտասարդության արտահոսքին հաջորդեց մարզային քաղաքների ու գյուղական երիտասարդության ներհոսքը: «Տեղի ունեցած փոփոխության հանկարծակիության եւ ժամանակահատվածի կարճության պատճառով նման իրավիճակում հայտնված երիտասարդությունը, մի կողմից` չհասցնելով ադապտացվել քաղաքային մշակույթին եւ դառնալ կրող, եւ, մյուս կողմից` լինելով գավառային երիտասարդություն-քաղաքային երիտասարդություն հակադրության կրող, հակադրվելով ու մերժելով քաղաքային երիտասարդության ավանդույթները, սկսեց տարածել մշակութաբանական առումով պարզունակ ու ցածր որակ, ձեւական կամ կերպարանային ընդօրինակման պրակտիկան»,- եզրակացնում է ազգագրագետը: Մայրաքաղաքի «գավառացման» գործում իր լուման բերեց նաեւ սփյուռքահայությունը: Սա մի փոքր ավելի «փափուկ» թեմա է, եւ մեր հասարակագետներն առայժմ պատշաճ մակարդակով այն չեն վերլուծել: Հայրենիք մշտական բնակության վերադարձած կամ հայրենիքում որեւէ բիզնես ձեռնարկած մեր հայրենակիցներն էլ հիմնականում Երեւանն են նախընտրում: Այս ամենի ֆոնին մայրաքաղաքը որպես վարչական միավոր մասնատելու առաջարկները, մեղմ ասած, տարօրինակ են: Հնարավոր մասնատումն անշրջադարձելի կդարձնի մայրաքաղաքի «գավառացումը»: Թե համաշխարհային, թե հատկապես եվրոպական քաղաքակրթություններն իրենց հիմքում քաղաքային են: Ուրբանիզացիայի մակարդակն էր ժամանակին ապահովում մշակութային առաջընթացը: Արդի աշխարհում մշակութաստեղծ առաջատար միավորները մեգապոլիսներն են: Իսկ մեր` հայերիս միակ սեփական խոշոր քաղաքը Երեւանն է: