2006թ. վերջին մնացել են հաշված օրեր։ Իսկ հետագայում, երբ ամփոփելիս կլինենք անցած տարին՝ տնտեսական տեսանկյունից, անպայման հիշելու ենք մի քանի կարեւոր ասպեկտներ։ Առաջին տեղերում կլինեն գազի թեման եւ, իհարկե, մեր հայկական ֆենոմենը՝ «դրամի արժեւորումը»։
Իսկ որ դա հիշելու ենք՝ կասկած չի հարուցում։ Դրամը, ինչպես սիրում են ասել պաշտոնյաները, սկսել է կրկին «արժեւորվել»։ Փոխարժեքը որոշ ժամանակ կայունացել էր 1 դոլարը 380 դրամի շրջակայքում։ Այժմ փոխանակման կետերը դոլարը գնում են 362 դրամով։ Դրամի արժեւորումը հիմա էլ երեւի կսկսեն բացատրել գալիք ամանորյա տոներով. մարդիկ ներքնակների տակից դոլարները հանում, վեր են ածում դրամի, որ նոր տարվա առեւտուր անեն, դոլարի քանակը մեծանում է, գինն էլ ընկնում։
Հնի եւ ներկայի արանքում
Մի բանում՝ պատճառներ բերելում, մեր իշխանությունները շատ հաջողակ են։ Ընդ որում, կարող են այսօր մի բան ասել, վաղը` մեկ ուրիշ։ Իսկ դրամի արժեւորման գլխավոր պատճառ միշտ նշվել է տնտեսական աճը եւ դրսից եկող տրանսֆերտները։
Մի փոքր ետ գնանք։ Բացելով ՀՀ ԿԲ կայքէջում տեղադրված փոխարժեքների արխիվը կամ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակումները՝ կարող եք տեսնել, որ դրամի «վերելքը» սկսվել է 2003թ. սեպտեմբերին։
Ի՞նչ էր տեղի ունենում մինչ այդ։
Տնտեսությունը զարգանում էր նույն երկնիշ թվերով։ 2002թ. տնտեսական աճը կազմել է 12.9%, իսկ 2003-ը ռեկորդային էր՝ 13.9%։ Այն ժամանակ ինչո՞ւ տեղի չէր ունենում դրամի արժեւորում, եթե տնտեսական աճն ավելի բարձր տեմպեր ուներ։
Այս հարցին ոչ ոք այդպես էլ լիարժեք պատասխան չտվեց։ Ասում են՝ դոլարն ամբողջ աշխարհում է արժեզրկվել։ Սակայն 2003-ի համեմատ չի արժեզրկվել մոտ 40%-ով, ինչպես Հայաստանում՝ 580 դրամից դառնալով 362 դրամ։
Նաեւ պատճառաբանում են նրանով, որ դրսից եկող արտարժութային տրանսֆերտները մեծ են եւ գնալով աճում են։ Սակայն դրսից՝ առաջին հերթին Ռուսաստանից, միշտ էլ դոլարներ են հոսել դեպի Հայաստան։ Ծավալները միգուցե ավելի փոքր են եղել (թեեւ դա էլ է տարօրինակ՝ վագրաձեւ թռիչքներով զարգացող երկիրը գնալով ավելի շատ օգնության կարիք է զգում), սակայն դա էլ համեմատելի է մեր տնտեսության ծավալներին։ Տրանսֆերտներն աճել են, սակայն աճել է նաեւ մեր տնտեսությունը։
2002թ. Հայաստանի ՀՆԱ-ն կազմել է մոտ 2.4 մլրդ դոլար (միջին փոխարժեքը 2002թ.՝ 1 դոլարը 573.35 դրամ)։ 2006թ. միայն առաջին 10 ամիսներին մեր ՀՆԱ-ն կազմում է մոտ 4.8 մլրդ դոլար՝ 2 անգամ ավելի։ Նկատի ունեցեք, որ այդ 4.8 միլիարդին դեռ կավելանան նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների ցուցանիշները, եւ թիվը կկազմի մոտ 5.5 միլիարդ դոլար։ Այսինքն, կարելի է ասել, որ տրանսֆերտներն աճել են տնտեսությանը զուգահեռ։ Եվ եթե այն ժամանակ դրանք փոխարժեքի վրա չէին ազդում, ինչո՞ւ են հիմա ազդում։ Սա էլ է պատկանում անպատասխան մնացած հարցերի շարքին։
Կարելի է նշել նաեւ վերջին շրջանում դասական դարձած միտքը՝ կամ փոխարժեք, կամ գնաճ։ Այսինքն, երկնիշ տնտեսական աճ ունեցող երկիրը միշտ էլ ունենում է բարձր գնաճ, իսկ մեր դեպքում գումարվում է նաեւ դրսից եկող դոլարների ճնշումը։ Եվ մեր ԿԲ-ն էլ, մտածելով ժողովրդի մասին, որոշել է կենտրոնանալ գնաճի ցածր մակարդակի ապահովման վրա՝ վախեցնելով, թե կայուն փոխարժեքի դեպքում կունենանք ահավոր գնաճ։
Հիմա եկեք նորից մի քանի տարով ետ գնանք։ Նույն 2002 եւ 2003թթ. եղել է ավելի բարձր տնտեսական աճ, քան հիմա։ Տրանսֆերտներ դրսից այդ տարիներին եւս եկել են։ Իսկ ազգային դրամը չի արժեւորվել։ Կարծում եք՝ պիտի արձանագրված լիներ շատ մեծ գնա՞ճ։ Ամենեւին։ 2002թ. գնաճը կազմել է ընդամենը 1.1%, իսկ 2003-ինը՝ 4.7%։ Այդքան էլ ահավոր չի, եթե հաշվի առնենք, որ այս տարվա ցուցանիշը լինելու է մոտ 6%։
Եվ այսպես, ի՞նչ փոխվեց, ի՞նչ տեղի ունեցավ 2003թ.-ին, որ դրամը սկսեց արժեւորվել։ Չէ՞ որ իշխանության ղեկին այդ ամբողջ ժամանակաշրջանում միեւնույն դեմքերն էին՝ նույն գաղափարներով։ Տնտեսագետներից մեկը մեզ հետ զրույցում կարծիք էր հայտնել, որ կայացվել է քաղաքական որոշում՝ նախապատվությունը տալ գնաճի կարգավորմանը։ Սակայն գնաճն այսպես թե այնպես նորմալ մակարդակի վրա էր։ Այնպես որ, այդ որոշման նպատակը լրիվ այլ բան էր, որին մենք դեռ կանդրադառնանք։
Իսկ մինչեւ այդ պահը կարծես ամեն ինչ հունի մեջ էր։ Տնտեսությունն աճում էր ինչպես այժմ, սակայն այն տարբերությամբ, որ աճում էր նաեւ արդյունաբերությունը։ 2002թ. արդյունաբերության աճն, առանց էներգետիկայի, կազմել է 24.2%, 2003-ին՝ 18.2%։ Համեմատության համար նշենք, որ այս տարվա առաջին 10 ամիսների համար այդ ցուցանիշը եղել է բացասական՝ մինուս 0.9%։
Վերցնենք նաեւ արտաքին առեւտուրը։ 2002թ. արտահանումն աճել է 48.4%-ով, իսկ 2003թ.՝ 34.2%-ով։ Սակայն հաջորդ իսկ տարում՝ 2004թ.-ին, արտահանման աճի տեմպը շեշտակի ընկավ՝ կազմելով ընդամենը 4.3%։ Իսկ այս տարի մեր արտահանումն աճել է շատ ավելի չնչին՝ 2.3%-ով, մինչդեռ ներմուծման աճը կազմում է 20.9%։ Ահա այսպես. աճում ենք, բայց ի վնաս մեզ։
Պետությունը կանգնած է ձեր կողքին… բայց ոչինչ պարտավոր չէ անել
Հետո մարդիկ սկսեցին դժգոհել՝ իրենց մաշկի վրա զգալով դրամի արժեւորման «օգուտները»։ Թռիչքներով զարգացող երկրի բնակչության 37%-ը, որն ապրում է դրսից եկող գումարներով, տեսավ, որ Ֆրանկլինի նկարով կանաչ թղթադրամով ինքն այժմ շատ քիչ բան կարող է գնել։ Արտադրողը տեսավ, որ առանց ինչ-որ պատճառի իր արտադրանքի ինքնարժեքը բարձրանում է, ու ինքը կորցնում է շուկայում իր տեղը։ Նրան հետո «բացատրեցին», որ պատճառն իր «բիզնես անգրագիտությունն» է, որ հարկավոր է վերազինվել, բարձրացնել արտադրողականությունը եւ այլն։
Ի դեպ, արտադրողներից շատերը տարբեր պատճառներով խուսափում էին խոսել այս քաղաքականության վնասների մասին։ Հետո դանակը հասավ ոսկորին, եւ սկսեցին տրտնջալ։
Գալով մեր արտադրողներին՝ նշենք նաեւ հետեւյալի մասին։ Մի որոշ ժամանակ մեզ համոզում էին, որ դրամի արժեւորումը արտադրությանը վնաս չէ։ Հետո ասում էին՝ վնաս է, բայց դա պետության խնդիրը չէ, թող հրաժարվեն շահույթից ու տեղը չկորցնեն։ Հետո հասկացան, որ պետության ֆունկցիան միայն հարկ հավաքելը ու մի կողմ քաշվելը չի, եւ ամեն ինչ արտադրողների վրա գցելն ու ձեռքերը լվանալն առնվազն ցինիկություն է։ Եվ սկսվեց «խորհուրդների դարաշրջանը»՝ վերազինվեք, արդիականացեք եւ այլն։
Իսկ վերջին փուլը ԿԲ նախագահի հայտարարությունն էր՝ մենք միայն խորհուրդ չենք տալիս, մենք նաեւ օգնելու ծրագիր ունենք։ Իսկ ծրագիրը հետեւյալն է՝ վարկանիշ ստանալ ԿԲ-ի կողմից, արժեթղթեր թողարկել, դրանք վաճառել, եւ ներգրավված միջոցների հաշվին ավելացնել կապիտալիզացիան։ Սա էլ տարբերակ է։ Սակայն որքանո՞վ է այն իրական եւ արդյունավետ։ Արժեթղթերի շուկան մեզ մոտ զարգացած չէ։ Կա ֆոնդային բորսա, սակայն այնտեղ իրականացվող գործարքները մեծամասնությամբ արտարժութային են։ ՖԲ փոխտնօրեն Կարեն Զաքարյանը նշեց, որ արժեթղթերի առեւտուր նույնպես կատարվում է՝ օրը մեկ ժամ, սակայն ծավալները փոքր են։
ԿԲ նախագահի խոսքերից ոգեւորվել էլ պետք չէ՝ մտածելով, թե նրա տված վարկանիշի շնորհիվ արժեթղթերը կարելի է վաճառել Նյու Յորքի կամ այլ բորսաներում։ Այդ վարկանիշն ավելի շուտ տվյալ ձեռնարկության PR-ի համար է, որը միգուցե ինչ-որ դեր կունենա միջազգային շուկա մտնելու թույլտվություն ստանալու համար։ Իսկ, օրինակ, Կ. Զաքարյանին ծանոթ չի որեւէ դեպք, որ հայկական որեւէ ընկերություն մինչ այժմ միջազգային շուկաներից մեկում արժեթուղթ վաճառած լինի։
Իսկ Հայաստանի նորագույն պատմության մեջ լրացուցիչ արժեթուղթ թողարկելու եւ դրա միջոցով կապիտալիզացիան մեծացնելու միայն մեկ փայլուն դեպք կա։ Այդ միջոցով «Գազպրոմը» մեզնից խլեց Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկը՝ գնելով «ՀայՌուսգազարդի» թողարկած լրացուցիչ բաժնետոմսերը։ Մի խոսքով, այս եղանակը հիշեցնում է «Էշ մի սատկի, գարուն կգա» ասացվածքը։ Քանի որ մինչեւ մարդիկ վարկանիշ ստանան, արժեթուղթ թողարկեն, վաճառեն ու սարքավորումներ գնեն, դրամը կարող է մեկին մեկ հավասարվել դոլարին։
Իսկ անորոշությունը շարունակվում է
Ամփոփելով՝ վերադառնանք այն հարցին, թե, այնուամենայնիվ, ի՞նչ որոշում է կայացվել 2003թ.-ին։ Դատելով տեղի ունեցող գործընթացներից՝ կարելի է ասել՝ որոշվել է մարդկանց ձեռքից հավաքել արտարժույթը։
Միգուցե Տ. Սարգսյանը վերեւներին համոզել է, որ Հայաստանի բարգավաճման համար հարկավոր է ամեն գնով, բոլոր հնարավոր միջոցներով պայքարել դոլարիզացիայի դեմ։ Մի քանի օր առաջ «Միր» հեռուստաընկերությունը հաղորդում էր պատրաստել հայկական դրամի մասին։ Այն հարցադրմանը, թե ազգային դրամը վերջնականապես կայացե՞լ է, Տ. Սարգսյանը պատասխանեց՝ կայացած կարելի կլինի համարել այն դեպքում, երբ դոլարիզացիայի մակարդակը շատ ցածր կլինի։ Եվ ստիպում են, որ ՀՀ քաղաքացիներն իրենց փողերը պահեն դրամով, իսկ դոլարներն ու եվրոները վստահեն իրենց։ Ո՞րն է դրա նպատակը՝ դժվար է ասել։ Երկրի՞ մասին են մտածում, իրե՞նց, թե՞ ուրիշների, դա երեւի իրենց էլ հայտնի չէ։
Մի բան, սակայն, նրանց հաջողվել է անել՝ մարդկանց գցել մտածմունքների գիրկը, կանգնեցնել հարցի առաջ։ Ինչպե՞ս պահել խնայողությունները՝ արտարժույթո՞վ, թե՞ վերածել դրամի։ Առավել եւս, որ ԿԲ-ն խորհուրդ է տալիս հենց այդպես էլ անել։ Խնդիրը սակայն այն է, որ մարդիկ չեն հավատում ո՛չ կառավարությանը, ո՛չ ԿԲ-ին, ո՛չ էլ նրա թողարկած դրամին ու վարկանիշներին։ Իսկ ի՞նչ պիտի անեն, եթե բոլոր խնայողությունները դրամի վերածելուց հետո, մի օր առավոտյան արթնանան եւ տեսնեն, որ դոլարը հասել է 600 դրամի…. Այն նույն տրամաբանությամբ, ինչ տրամաբանությամբ որ հիմա տեղի է ունենում հակառակ պրոցեսը։ Այսինքն, առանց որեւէ տրամաբանության։