Պուտինը հրավիրել է

13/12/2006 Տիգրան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի միջեւ Մինսկում կայացած վերջին հանդիպումը նոր հարցեր առաջացրեց: Հանդիպումից հետո պարզվեց, որ ադրբեջանական կողմի արտահայտած աննախադեպ լավատեսությունը հայկական կողմն այնքան էլ չի կիսում, թեպետ երկու կողմն էլ միահամուռ պնդում են, որ ղարաբաղյան կարգավորման հարցի շուրջ բանակցություններում իրավիճակն այլեւս փակուղային չէ: Սա հիմք տվեց վերլուծաբաններին եւ քաղաքական գործիչներին եզրակացնելու, որ կողմերը շատ մոտ են շրջանակային համաձայնագրի ստորագրմանը: Այլ հարց է, թե «ինչ սրտով է» այդ քայլին գնում Ռ. Քոչարյանը, որը տարիներ շարունակ փորձում էր խուսափել (եւ դա նրան հաջողվում էր) ԼՂ ներկայիս կարգավիճակում որեւէ փոփոխություն մտցնելու պարտավորություններ ստորագրելուց: Համարվում էր, որ գործընթացը ձգձգելու գործում Ռ. Քոչարյանի համար հուսալի գործընկեր էր Ռուսաստանը: Վրաստանի փաստացի դուրս գալը ռուսաստանյան աշխարհաքաղաքական ազդեցության գոտուց, նրա բացահայտ ձգտումները դեպի ՆԱՏՕ եւ բացահայտ վարվող հակառուսական քաղաքականությունը Ռուսաստանին պարզապես ստիպեցին Հարավային Կովկասում, ՀՀ-ից բացի, ի դեմս Ադրբեջանի ունենալու երկրորդ ռազմավարական դաշնակիցը: ՌԴ եւ Ադրբեջանի մերձեցման գործընթացներն ակնհայտորեն նկատվում էին վերջին երկու-երեք տարիների ամբողջ ընթացքում, այսինքն` հենց այն պահից, երբ ՌԴ աջակցությամբ Ադրբեջանում իշխանության եկավ Մոսկվայում կրթություն ստացած եւ այնտեղ խոշոր բիզնեսներ ունեցող Ի. Ալիեւը: Հարավային Կովկասում` ի դեմս Հայաստանի եւ Ադրբեջանի, ռազմավարական դաշնակիցներ ունենալու ռուսաստանյան նոր քաղաքականությունն, ի վերջո, իր արտահայտությունը գտավ Մինսկում կայացած հայ-ադրբեջանական ամենաբարձր մակարդակի վերջին հանդիպման ընթացքում, երբ ըստ լավատեղյակ աղբյուրների` արդեն ոչ միայն արեւմուտքը սկսեց պարտադրել ՀՀ ղեկավարությանը` ստորագրել Հայաստանում ոչ միանշանակ ընկալվող ու ընդունվող շրջանակային համաձայնագիրը, այլեւ Ռուսաստանը: Եվ պատահական չէ, որ Մինսկի վերոհիշյալ հանդիպումից հետո Երեւան վերադարձած հայաստանյան պատվիրակությունը շատ հապճեպ կերպով, վերադարձի հենց հաջորդ օրվանից սկսեց հանրությանն աստիճանաբար նախապատրաստել, ինչպես ասում են՝ «վատագույնին», բնականաբար` «համեմելով» դա տարաբնույթ դիվանագիտական հնարքներով:

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա այնտեղ մտադիր չեն կանգ առնել ճանապարհի կեսին: ՀՀ եւ Ադրբեջանի նախագահներն արդեն իսկ Վլադիմիր Պուտինի կողմից հրավիրվել են Մոսկվա, մոտ օրերս դեկտեմբերի 9-ին կամ 10-ին Մոսկվայում Վ. Պուտինի մասնակցությամբ ԼՂ հարցի շուրջ նոր կոնսուլտացիաներ անցկացնելու համար: Սակայն ըստ նույն աղբյուրների` հակամարտության կողմ երկրների երկու նախագահներն էլ մերժել են ՌԴ նախագահի՝ հանդիպելու վերաբերյալ առաջարկը, չբացառելով, որ նոր հանդիպումը կարող է տեղի ունենալ դեկտեմբերի վերջին՝ Աստանայում ԱՊՀ 15-ամյակի կապակցությամբ երկրների ղեկավարների մասնակցությամբ ծրագրավորվող հոբելյանական գագաթաժողովի ժամանակ: