«ԱրմենՏելը» «ՎիմպելԿոմի» համար Ռուսաստանի տարածքից դուրս կնքված ամենախոշոր գործարքն է: «ՎիմպելԿոմը», Ռուսաստանից բացի, բջջային կապի ծառայություններ է մատուցում Ղազախստանում: Ընկերությունը վերջերս օպերատորներ է ձեռք բերել նաեւ Ուկրաինայում, Տաջիկստանում, Ուզբեկստանում, Վրաստանում եւ Հայաստանում:
«ՎիմպելԿոմը» գիտակցում է, որ ի դեմս «ԱրմենՏելի»` ձեռք է բերել շատ խոշոր ընկերություն, ինչը շատ կարեւոր քայլ է ԱՊՀ երկրներում սեփական բիզնեսը զարգացնելու համար: Ի դեպ, «ԱրմենՏելի» ֆիքսված հեռախոսակապի ոլորտը ռուսական ընկերության համար նորություն է, սակայն «ՎիմպելԿոմը» մտադիր չէ հրաժարվել դրանից եւ խոստանում է որակյալ կապ ու ծառայություններ ապահովել: Ըստ «ԱրմենՏելի» նոր տնօրեն Օլեգ Բլիզնյուկի՝ ֆիքսված հեռախոսակապի 600 հազար բաժանորդը Հայաստանի նման երկրի համար շատ քիչ է:
«Մենք ծրագրում ենք առավել ակտիվ իրականացնել թվային հեռախոսակապ Երեւանում եւ մարզերում, քանի որ դրա ներկայիս մակարդակը համարում ենք անբավարար՝ ընդամենը 50 տոկոս»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց պարոն Բլիզնյուկը:
Բջջային կապի ոլորտում նույնպես ընկերությունը պատրաստվում է ավելացնել բաժանորդների քանակը: Ներկայումս «ԱրմենՏելն» ունի մոտ 400.000 բաժանորդ, իսկ Հայաստանի բջջային կապի երկրորդ օպերատոր «ՎիվաՍելլը»՝ 600.000: Օ. Բլիզնյուկի խոսքով՝ շուկայի 25-30 տոկոսն իրենց չի բավարարում: Ընդհանրապես նրանք պատրաստվում են Հայաստանի կապի շուկայում մեծ բարեփոխումներ իրականացնել, դառնալ առաջատարը, ամենագրավիչ գործատուն, ապահովել գերժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած ծառայություններ: Բայց «ՎիմպելԿոմի» ներկայացուցիչները երեկ չմանրամասնեցին, թե որքան գումար են պատրաստվում ներդնել Հայաստանում իրենց նպատակներն իրագործելու համար:
«Տասնյակ միլիոններ»,- ասաց ընկերության մեկ այլ պատասխանատու Վլադիմիր Րյաբկոն:
Դեռ հայտնի չէ նաեւ, թե այդ բարեփոխումներն ինչ կարժենան «ԱրմենՏելի» ֆիքսված եւ բջջային կապի բաժանորդների գրպանին: Դեռ հայտնի չէ, թե ծառայությունների եւ րոպեավճարի սակագների փոփոխություն կլինի՞, թե՞ ոչ: Մանավանդ, որ նախկին սեփականատիրոջ օրոք, բոլորովին վերջերս, «ԱրմենՏելը» սակագների բարձրացման առաջարկով դիմել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին: Ճիշտ է, հանձնաժողովը մերժեց այդ հայտը՝ պատճառաբանելով, որ առաջարկը հիմնավոր չէ, բայց չի բացառվում, որ գարնանն ընկերության նոր սեփականատերերը ներկայացնեն իրենց հիմնավոր տարբերակը: Ընդհանրապես, «ՎիմպելԿոմի» ներկայացուցիչները երեկ տրամադրված չէին թվեր հրապարակել, բայց շատ էին խոսում իրենց ընկերության հնարավորությունների եւ նպատակների մասին: «ՎիմպելԿոմը» չի վախենում մրցակցությունից,- երեկ հայտարարեց Օ. Բլիզնյուկը: -Մենք պատրաստ ենք հրաժարվել ինտերնետ կապի մենաշնորհից»:
«ԱրմենՏելի» նոր ղեկավարներն արդեն հասցրել են վատ-վատ բաներ լսել ընկերության նախկին հույն սեփականատերերի մասին, սակայն խոստանում են խուսափել նման համբավից:
Իսկ ինչ վերաբերում է ՀՀ կառավարությանը պատկանող «ԱրմենՏելի» 10 տոկոս բաժնեմասին, ապա «ՎիմպելԿոմն» այն դեռ չի գնել, նույնիսկ գնելու մասին որոշում էլ չի կայացրել: Սակայն 100 տոկոս բաժնետոմսերի սեփականատեր լինելու հետաքրքրություններ ունի: Դեռ չեն որոշել նաեւ «ԱրմենՏելի» բրենդի փոփոխության հարցը: Պատճառը հարգանքն է «ԱրմենՏել» բրենդի նկատմամբ եւ այն զգուշությունը, թե փոփոխության արդյունքում հանկարծ չտուժի բիզնեսը: «ՎիմպելԿոմի» ներկայացուցիչները համոզված են. այս հարցում կհաղթի բանականությունը: Այսքան գեղեցիկ խոսքերից ու խոստումներից հետո դժվար է չհավատալ, որ «ՎիմպելԿոմի» հետ «ԱրմենՏելը» լինելու է մեր գրպանում, որ մեր ցանկալի բաժանորդը մեր կողքին լինելով հանդերձ` անհասանելի չի լինի, որ նախկին սեփականատիրոջ նման բաժանորդի վրա հավելյալ խոսակցական րոպեներ գրանցելու ու դրանով գումարներ աշխատելու փորձը նորից չի կիրառվի, եւ այդպես շարունակ: Բայց երբ հիշում ենք, որ «ՎիմպելԿոմը» ռուսական ընկերություն է եւ մրցակցային արտոնյալ պայմաններով է ձեռք բերել «ԱրմենՏելը», այս խոստումներին միանշանակ հավատալու առաջին ցանկությունը հօդս է ցնդում: Բոլոր դեպքերում, ժամանակից առաջ չընկնենք ու հոռետես չլինենք, սպասենք եւ տեսնենք, թե նոր սեփականատերերն ինչպես են իրականացնում իրենց խոստումները: