Դեկտեմբերի 6-ին ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանն ընդունել է ՀՀ-ում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության նորանշանակ ղեկավար Պեր Էկլունդին: Պ. Էկլունդը նշել է, որ իրենք առաջնահերթ են համարում Կառավարության ԱՀՌԾ-ն եւ Հազարամյակի մարտահրավերների շրջանակներում իրականացվող միջոցառումները: Նախարարն ասել է, որ ԱՀՌԾ-ն, հանդիսանալով կառավարության հիմնական տնտեսական փաստաթուղթը, ուղեցույց է բոլոր դոնոր կազմակերպությունների համար, քանի որ ծրագրում հստակորեն նշված են առաջնահերթությունները, խնդիրները եւ ժամկետները: Անդրադառնալով դոնոր կազմակերպությունների համագործակցությանը` Վ. Խաչատրյանը նշել է, որ վերջինները ժամանակ առ ժամանակ կազմակերպում են հանդիպումներ` հստակեցնելու համար իրենց կողմից իրականացված աշխատանքներն ու ուղղությունները, իսկ նրանց օժանդակության համար ստեղծվել է տվյալների էլեկտրոնային բազա, որի տվյալները թարմացվում են դոնորների կողմից, ինչը նրանց հնարավորություն է ընձեռում նույն ծրագիրը չկրկնելու համար ծանոթանալ մյուսների ծրագրերին: