Եվ այսպես, Հայաստան, 2007թ.։ Բոլորը պատրաստվում են խորհրդարանական ընտրություններին: Բայց ուշադրություն դարձրեք հետեւյալին. ոչ թե, որ նորմալ ընտրություններ անցնեն, այլ` թե ով ինչ օգուտ է քաղելու այդ ընտրություններից, իսկ ավելի ստույգ՝ ով ինչքան «չոր փող» է աշխատելու: Բնականաբար, տեսնելով Վրաստանի եւ Ուկրաինայի փորձը, մի քանի, այսպես կոչված, արեւմտամետ ուժեր (այդ պահին շատերը կդառնան արեւմտամետ, քանի որ քաղաքական այդպիսի մտածելակերպը կոնկրետ փողեր կբերի) կսկսեն իրար հրելով մասնակցել հայտարարված «Ամենաարեւմտամետ գործիչ» տենդերին: Այդ տենդերում հաղթողը կընտրի իր նախընտրական (հեղափոխական) գույնը: Ամենայն հավանականությամբ՝ դա կլինի ծիրանագույնը (նման է նարնջագույնին, բայց ազգային է): Սակայն նախընտրական աքսեսուարների վրա հայտնվելով (փող տնտեսելու կամ, ավելի շուտ, փող ուտելու նպատակով, տպագրությունը բնականաբար կկատարվի Հայաստանում)` ծիրանագույնը կլղոզվի եւ կստանա շատ տհաճ երանգ՝ ինչպես ռուսներն են ասում՝ «ՓՉպՑՈ ՊպՑրՍՏռ վպՏՋՌՊՈվվՏրՑՌ»:
Այսպես, օրինակ, ՀՌԱԿ-ին կհովանավորի ոչ թե Արա Աբրահամյանը, այլ, ասենք, Գաֆէսճյանը կամ Էռնեկյանը, ՀԺԱՄ-ին՝ Բելգիայում կամ Բուլղարիայում մանր եւ միջին բիզնեսով զբաղվող հայերը, իսկ «Հզոր Հայրենիքին» Վրաստանի հայերը ոչ թե կհովանավորեն, այլ` կցուցաբերեն Կովկասում ժողովրդավարության կղզյակին վայել բարոյական աջակցություն: Այս ամենից հետո նրանք,միեւնույն է, չեն անցնի խորհրդարան, որովհետեւ դա նրանց մոտ արդեն «խասյաթ» է դարձել:
Համաձայն այդ նույն խասյաթի՝ պատգամավոր կդառնան Վազգեն Մանուկյանը, Շավարշ Քոչարյանը եւ Հրանտ Խաչատրյանը (կարեւոր չէ, թե որ դաշինքի շրջանակներում, կարեւորը, որ մի քանի ընդդիմադիր պատգամավոր ունենանք):
Լյուդմիլա Հարությունյանը, հասկանալով, որ կարեւորը ոչ թե արժանապատիվ ապագան է, այլ արժանապատիվ ներկան, կմիանա ոչ թե Գագիկ Ասլանյանի հետ, որն իր արժանապատիվ ներկան գտել է «Տարածքային կառավարման եւ արտադրական ենթակառուցվածքները համակարգող» նախարարությունում, այլ, օրինակ, Հարություն Փամբուկյանի (եթե վերջինիս այդ մասին ասեն նախագահականից, քանի որ նրա համար տարբերություն չկա, թե ում հետ կմիավորվի, մեկ է, ինքը մեծամասնականով պատգամավոր է դառնալու):
Կոալիցիայի կուսակցությունները, որոնք մինչ այդ իրար հետ «կաշխատեն», այդ օրերին իրար վրա ցեխ շպրտելով կփորձեն բարձրացնել իրենց վարկանիշը՝ զբաղվելով իրենց պատկերացումով` PR-ով (չնայած այսօր քաղաքական գործիչները ոչ միայն չգիտեն այդ հապավումի բուն իմաստը, այլեւ չգիտեն դրա բառացի թարգմանությունը): Հատուկ Հայաստանի քաղաքական գործիչների համար նշեմ, որ PR-ը ոչ թե քաղաքական գովազդն է, այլ հասարակության հետ կապը: Իսկ հիմա պատկերացրեք՝ ինչպիսի կապ պետք է քաղաքական կուսակցություններն ունենան հասարակության հետ նախընտրական շրջանում, եթե այսօր այդ կապը կրում է միայն սեռական բնույթ:
Գուրգեն Արսենյանը կփորձի ապացուցել, որ ՄԱԿ-ի հաջողությունն անցած ընտրություններում ոչ թե պատահականություն էր, այլ` ճիշտ ներդրման արդյունք: Այսինքն՝ ինչքան մեծ է ներդրման չափը, անքան շատ են դիվիդենտները:
Շատ հետաքրքիր է լինելու հայկական էստրադայի ներկայացուցիչների շփումը պոտենցիալ ազգընտիրների հետ: Հարկատու երգիչ-երգչուհիները փորձելու են «մուռ հանել» այն մարդկանցից, ովքեր համարձակվել են հարկ հավաքել «աստղերից» (օրինակ՝ Հայկոն, Արամոն, Շուշան Պետրոսյանը եւ Վարդուհի Վարդանյանը նախընտրական արշավների ժամանակ գյուղերում կսկսեն Soul կամ Jazz երգել, որ տեղի ընտրազանգվածը հիասթափվի այն կուսակցությունից, որի նախընտրական քարոզչության շրջանակներում նրանք երգում են): Հետեւաբար, եթե մինչ օրս նախընտրական բյուջեի մեջ նրանց համար գումար նախատեսված չի եղել, ապա 2007-ին դա անպայման պետք է արվի, թե չէ Տիգրան Կարապետյանն իր էստրադային հնարավորություններով բոլորին կհաղթի՝ «զմրուխտների» եւ «ադամանդների» հետ շրջագայելով ամբողջ հանրապետությունով մեկ:
Ինչ վերաբերում է ժողովրդին, ապա այստեղ կանխատեսումներ անելը շատ հեշտ է. ով ավելի շատ կտա: Այս պարագայում, բնականաբար, օլիգարխների կուսակցությունները կարող են անսպասելիորեն առաջ անցնել ավանդական կուսակցություններից:
Ամենադժվարը լինելու է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործը: Ես չգիտեմ՝ ով է այս անգամ նրանց համար բնորդ լինելու, բայց հաստատ գիտեմ, որ արեւմտյան դիտորդներն ավելի մեծ հաճույքով կգնեն Վերնիսաժի նկարները, քան ԿԸՀ-ի նկարները:
Ամենահետաքրքիրն, իհարկե, այն հանգամանքն է, որ 2007-ին հաջորդելու է 2008-ը, սակայն դրա մասին մենք կխոսենք ավելի ուշ: Այնպես որ՝ խոսելու դեռ շատ բան ունենք: