2005թ. ֆրանսիական «Հույսի եղբայրներ» բարեգործական կազմակերպության տրամադրած 10.000 եվրո գումարով ֆրանսահայ բարեգործ Թագուհի Ալեքսանյանի նախաձեռնությամբ Արագածոտնի մարզի Ուջան գյուղում սկսվեցին ոռոգման ջրագծերի անցկացման աշխատանքները:
2300մ ջրագծով նախատեսված էր ոռոգել 150 հեկտար տարածք: 150 հեկտար հողամասը, որի համար նախատեսված էր նոր ջրագիծը, նախկինում կոչվում էր «խնձորենիների հողամասեր», սակայն, ջուր չլինելու պատճառով, մարդիկ ստիպված կտրել են ծառերը եւ ցորեն ու գարի ցանել: Հողամասերի այդ հատվածում ջուր գրեթե չի հասնում: Եվ կառուցվող ջրագծով գյուղացիներն այս տարվանից պետք է ոռոգեին իրենց հողամասերը:
Սակայն ոչ մի գյուղացի այդ ջրագծով դեռ չի ոռոգել իր հողամասը, որովհետեւ առայսօր ջրի խողովակները եռակցված չեն: Գյուղապետ Նորիկ Մուրադյանն արդեն որերորդ անգամ համոզում է 81-ամյա տկն Թագուհուն, որ մնացել է 3-4 օրվա աշխատանք, սակայն աշխատանքներն, արդեն կես տարի է, չեն ավարտվում: Մեզ նա խաբեց երեք անգամ` ամեն անգամ նշելով ջրագծի «բացման» նոր ամսաթիվ:
10.000 եվրոն Թագուհի Ալեքսանյանը ոռոգման ջրի խողովակաշարեր եւ փականներ գնելու համար տվել է Ուջանի համայնքապետ Նորիկ Մուրադյանին: Այդ մասին վկայում է համայնքապետի տված ստացականը` նրա ստորագրությամբ եւ կնիքով: Ծրագրի համաձայն` շինարարական աշխատանքների եւ բանվորների աշխատավարձերի ծախսերը պետք է հոգար գյուղապետարանը, ըստ հաշվարկների` մոտ 6670 ԱՄՆ դոլար: Գյուղապետը հայտնեց, որ այդ գումարը հավաքել են հողամասատերերից` յուրաքանչյուրը 3000 դրամ: Բայց դա էլ չի օգնել գործին: Բանվորներն ամեն օր չեն աշխատել, քանի որ չեն ստացել համապատասխան վարձատրություն: Նրանք ասում են, որ համաձայն կլինեին ամեն օր աշխատել, եթե գյուղապետը ոչ թե համոզեր աշխատել, այլ վճարեր աշխատանքի դիմաց:
«Ամռան ամիսներին հրաժարվեցին աշխատել` պատճառաբանելով, որ գարի ու ցորեն են դաշտում ցանել: Բայց ի՞նչ օգուտ, ջուր չլինելու պատճառով բերք չստացան: Ամբողջ աշուն ինձ համոզեցին, որ այսօր-վաղը կավարտեն գործը, ես հավատացի, սպասեցի, բայց հիմա գործը չեն ավարտել: Ինչո՞ւ չեն ուզում հասկանալ, որ իրենց համար է սա արվում,- ասում է ֆրանսահայ բարեգործը,- մտածեցի, որ մարդիկ, ջուր ունենալով, կկարողանան լավ բերք ստանալ, հոգալ իրենց կարիքները, ուսում տալ իրենց երեխաներին, մի փոքր ավելի լավ ապրել»:
Տկն Թագուհու տված գումարով գնվել են 13 փականներ եւ 2300 մետր խողովակ: Խողովակները հին են: Դրանք նախկինում գործածվել են խմելու ջրի մատակարարման համար եւ գնվել են համայնքային Ջրօգտագործման միությունից: Պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ մինչեւ այժմ ջրագծի շինարարական աշխատանքներն ավարտված չեն, Ուջանի գյուղապետը սկսում է բողոքել եղանակից ու անձրեւներից: Նա նույնիսկ այս տարվա նոյեմբերի 6-ին շնորհակալական նամակ է տվել տկն Թագուհուն, որտեղ գրված է, որ «գ. Այժմ 2300 մետր խողովակաշարի տեղադրման աշխատանքներն ամբողջությամբ ավարտված են, եւ 150 հեկտար անջրդի վարելահողերը դարձել են ոռոգելի»:
«Բայց ինչպե՞ս է ավարտված, եթե խողովակները միացված չեն, եւ ջուրը չի հոսում,- միամտորեն զարմանում է տկն Ալեքսանյանը,- այս նամակն ինձ պետք չէ, ես ուզում եմ գործն ավարտված տեսնել: Երեւի հույս ունի, որ Ֆրանսիա կգնամ ու ամեն ինչ այդպես էլ անավարտ կմնա»,- ասում է տկն Թագուհին, որն արդեն մի քանի անգամ ստիպված է եղել հետաձգել Ֆրանսիա մեկնելը:
Այդ ջուրը պետք է հասներ մինչեւ ուջանցի Հակոբ Հարոյանի հողամասը: Բայց աշխատանքների անավարտ լինելու պատճառով նա այս անգամ էլ չսկսեց աշնանացանը:
«Երկու հողամաս ունեմ, բայց ոչինչ չեմ ցանել: Մենակ ես չեմ, ուջանցիների 90 տոկոսն աշնանացանին ոչինչ չի ցանել: 7 եղբայր ենք, ոչ մեկս էլ չենք ցանել: Ջուր չունեմ, աչքս վախեցել է: Անցած տարի երեք պարկ գարի էի ցանել, բոլորը կորավ: Ամեն տարի ասում են, որ ջուր կլինի, բայց ջուր չկա: Գյուղապետն ամեն օր ասում է` 3-4 օրվա գործ է մնացել, բայց չեմ հավատում, գործն առաջ չի գնում, խաբում են: Հիմա պետք է ցորենն արդեն ցանած լինեինք եւ երկու անգամ էլ ջրած լինեինք, բայց ոչինչ էլ չենք արել»,- ասում է ուջանցի Հակոբը:
Տկն Թագուհու օգնությամբ մասամբ լուծվել է Ուջանում խմելու ջրի հարցը: Ուջանում ապրում է 3200 մարդ: Հիմա բնակիչների 60 տոկոսն ամեն օր 10 ժամ խմելու ջուր ունի, իսկ մյուս 40 տոկոսը խմելու ջուրը դեռեւս հավաքում եւ պահում է դույլերում եւ շշերում, քանի որ ջուր ունենում է միայն երեքշաբթի եւ շաբաթ օրերին` չորս ժամով: Վերջին երեք տարիների ընթացքում տկն Ալեքսանյանի ջանքերով լուծվել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Սուս գյուղի խմելու եւ ոռոգման ջրի խնդիրը:
«Սուս գյուղը խմելու ջուր չուներ: Գյուղացիները խնդրեցին օգնել: Ֆրանսիայում ներկայացրի նախագիծը: Ֆրանսիացի բարերարները հավանեցին ծրագիրը եւ օժանդակեցին: Պատկերացրեք, որ 5 հազար դոլարով գործը հաջողվեց: Գյուղացիների ուրախությանը չափ չկար»,- ասում է տկն Թագուհին:
Սուս գյուղում նրան «Ջրաբեր» են ասում: Ջրագծեր անցկացնելը տկն Ալեքսանյանի միակ բարեգործությունը չէ: 10 տարի շարունակ նա հազարավոր (մոտ 100 տոննա) ֆրանսերեն գրքեր է նվիրել Հայաստանի համալսարաններին, դպրոցներին եւ ուսումնարաններին: Դժվար կացության մեջ հայտնված բարեգործն այժմ չգիտի` ումի՞ց աջակցություն ակնկալի:
Նա մտահոգված է, քանի որ պարտավոր է իր ֆրանսիացի գործընկերներին ներկայացնել արդեն ավարտված գործի արդյունքները, հակառակ դեպքում, պայմանագրի համաձայն, պետք է վերադարձնի չկատարված գործի համար ծախսված 10.000 եվրոն: Դեկտեմբերի 4-ին նա մեկնեց Ֆրանսիա, որպեսզի իր գործընկերներից ժամանակ խնդրի գործն ավարտելու համար:
www.hetq.am