ԼՂՀ Սահմանադրության նախագծի մասին վաղուց գիտի, այդ մասին իմացել է Հայաստանի Հանրային հեռուստատեսության «Հայլուր» ծրագրից: Իսկ Արցախի Հանրային հեռուստատեսության հաղորդումները գյուղում հնարավոր չէ դիտել, որովհետեւ այն շատ ցածր որակով է հեռարձակվում: Հենց այդ է պատճառը, որ գյուղաբնակների մի զգալի մասը տեղյակ չէ Սահմանադրության նախագծից: Վարդանն ասում է, որ հանրաքվեի ժամանակ «այո» է քվեարկելու, քանի որ «Սահմանադրությունը նորանկախ պետության կայացման եւս մեկ կարեւոր քայլ է»: «Ես իմ հերթին փորձում եմ որքան հնարավոր է մեր գյուղացիներին տեղեկացնել հանրաքվեի եւ նրա ընդունման անհրաժեշտության մասին»,- ասում է Վարդանը:
Անուշ Սարգսյանը (մոտ 55 տարեկան) ապրում է Մարտունու շրջանի գյուղերից մեկում: Նրան հանդիպեցի Ստեփանակերտի շուկայում: Իմ հարցին, թե տեղյա՞կ է, որ դեկտեմբերի 10-ին Սահմանադրության հանրաքվե է տեղի ունենալու, պատասխանեց, որ շուկայի աշխատողներից է լսել, բայց «ոչ մեկն էլ հստակ չի կարողացել բացատրել, թե դա ինչ է, եւ ինչու պետք է ընդունենք»: «Բալա ջան, ես ամբողջ օրը կամ դաշտերում կանաչի եմ հավաքում, կամ էլ շուկայում դրանք վաճառելուց եմ լինում, ի՞նչ իմանամ՝ էդ ինչ է: Դեռ չգիտեմ՝ կմասնակցե՞մ էդ ընտրությանը, թե՞ չէ»,- մեր զրույցի ընթացքում նշեց նա:
Տեղեկացնենք, որ Սահմանադրության հանրաքվեին մնացել է ընդամենը մի քանի օր: Պարզելու համար, թե որքանո՞վ են Ղարաբաղի բնակիչները ծանոթ Սահմանադրության նախագծին, հանրապետությունում գործող տարբեր կազմակերպություններ սոցհարցումներ են անցկացրել: Վերջերս էլ նման հարցում է իրականացրել նաեւ Արցախի Ժուռնալիստների միությունը:
Հարցմանը մասնակցել է 500 քաղաքացի, որից 150-ը՝ Ստեփանակերտ քաղաքում, 50-ական՝ Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի, Շուշիի, Հադրութի, Քաշաթաղի եւ Շահումյանի շրջաններում (երեք թերթիկ անվավեր է ճանաչվել)։ Հարցման արդյունքները ցույց են տվել, որ նախագծին ծանոթ է 242 քաղաքացի, 154-ն ընդհանրապես ծանոթ չէ, իսկ 101 հոգի էլ ծանոթ է մասնակիորեն։ «Իսկ կմասնակցե՞ն Սահմանադրության հանրաքվեին» հարցին դրական են պատասխանել 431-ը, բացասական՝ 37-ը: Չկողմնորոշվածների թիվը, ըստ հարցման, 29-ն է։ Վերոնշյալ թվերից կարելի է եզրակացնել, որ հարցման ենթարկվածները, անկախ նրանից՝ ծանո՞թ են ԼՂՀ Սահմանադրության նախագծին, թե՞ ոչ, պատրաստակամություն են հայտնել մասնակցելու հանրաքվեին։
Իսկ ի՞նչ է արվում երկրի գլխավոր օրենքի նախագիծը քարոզելու ուղղությամբ: Եթե դատենք անցկացված հարցումների արդյունքներից, ապա կարող ենք արձանագրել, որ քարոզչությունն այնքան էլ պատշաճ մակարդակով չի արվում:
Մայրաքաղաք Ստեփանակերտում նույնպես չի զգացվում, որ Սահմանադրության հանրաքվե պետք է լինի. միայն մայրաքաղաքի որոշ փողոցներում են փակցված մի քանի պաստառները: Իսկ քարոզչության «ալիքը» պետությունը փորձում է բարձրացնել հանրապետությունում գործող մի քանի երիտասարդական կառույցների միջոցով, որոնք միասին որոշել են մի քանի խումբ կազմել եւ շրջել հանրապետության տարբեր շրջաններով` քարոզելու Սահմանադրություն ունենալու կարեւորությունը: Երիտասարդները բաժանվել են երեք խմբի: Առաջին հանդիպումը տեղի է ունեցել Արցախի պետական համալսարանում, այնուհետեւ` Մշակույթի եւ երիտասարդության պալատում, իսկ դեկտեմբերի 3-ից խմբերը շրջում են Ղարաբաղի տարբեր բնակավայրերով: Առաջին օրը երիտասարդներին հաջողվեց այցելել Մարտունու, Հադրութի եւ Ասկերանի շրջանների շուրջ 10 բնակավայրեր: Երիտասարդները քարոզչությունը նախատեսում են իրականացնել մինչեւ դեկտեմբերի 7-ը:
Հայտնի չէ, թե մի քանի օրում քանի գյուղ կհասցնեն շրջել երիտասարդները, եւ որքանով կհաջողվի «համոզել» գյուղերի բնակիչներին, սակայն մի բան պարզ է, որ Սահմանադրությունը կընդունվի այն ժամանակ, երբ առնվազն 60 հազար մասնակիցներից 30 հազարից ավելին «այո» կքվեարկի: