«Աստված օգնում է Հայաստանին՝ իր մասին մտահոգվող մարդկանց միջոցով»- ասում է բժիշկ Կիմ Հարցները

13/12/2006 Զրույցեց Սոնա ՀԱՄԱԼՅԱՆԸ

Կիմ Հարցների կապը Հայաստանի հետ սկիզբ է առել 1980թ.-ից, երբ նա առաջին անգամ մեր երկիր էր այցելել որպես զբոսաշրջիկ: Այն ժամանակ նա չէր կարծում, որ հետագայում ետ կվերադառնա` ղեկավարելու օգնության լայնածավալ աշխատանքներ եւ աննախադեպ ջատագովության ծրագրեր, որոնք ուղղված կլինեն հաշմանդամ երեխաների կյանքը բարելավելուն: 1991-ին Կիմ Հարցները եւ իր հայրը` Ռենեն, իրենց հայրենի Դանիայում հիմնադրեցին «Առաքելություն արեւելք» օգնության եւ զարգացման միջազգային կազմակերպությունը: Հայաստանը դարձավ «Առաքելություն արեւելքի» ամենաառաջին ռեցիպիենտ երկիրը, երբ 1992թ.-ին կազմակերպությունն այնտեղ հիմնեց հիվանդանոց: Այդ ժամանակվանից ի վեր «Առաքելություն արեւելքը» հազարավոր տոննա սնունդ է բաժանել Սյունիքի մարզում եւ մարզից դուրս գտնվող խոցելի համայնքներին: Սկսած 1998թ.-ից, «Առաքելություն արեւելքը» շարունակ ուշադրություն է դարձրել հատուկ կարիքավոր երեխաների նկատմամբ բացասական վերաբերմունքը փոխելուն, նպաստել է նրանց ավելի լավ կրթություն եւ առողջապահական ծառայություններ ստանալուն եւ հաշմանդամների եւ նրանց ընտանիքների սոցիալ-տնտեսական հնարավորություններն ավելացնելուն: 1999թ. Կիմ Հարցները նշանակվեց «Առաքելություն արեւելքի» գործադիր տնօրեն` Հայաստանում, Աֆղանստանում, Բուլղարիայում, Նեպալում, Ռումինիայում, Տաջիկստանում եւ այլուր կազմակերպության կողմից տրամադրվող շարունակաբար ընդլայնվող օգնության վերահսկողությունն իրականացնելու: Այս տարվա օգոստոսին Հարցները, որը մասնագիտությամբ բժիշկ է, մեկ տարով իր ընտանիքի հետ տեղափոխվել է Հայաստան` նպատակ ունենալով ավելի լայն պատկերացում ստանալ տեղի խնդիրների մասին եւ օգնել առավելագույնի հասցնել «Առաքելություն արեւելք» կազմակերպության ծրագրերի ազդեցությունը Հայաստանում:

– Ի՞նչ ակնկալիքներ ունեք հատկապես հաշմանդամ երեխաների համար, «Առաքելություն Արեւելքի» վերջերս սկսած ծրագրի առումով:

– Նպատակը երկակի է: Առաջինը. ես հույս ունեմ ավելի լավ պատկերացում ստանալ երկրի արմատական հարցերի մասին, եւ երկրորդը. կցանկանայի նպաստել այդ խնդիրների մասին իրազեկման ընդլայնմանն ավելի ընդգրկուն, միջազգային մակարդակով, ներառյալ` սփյուռքահայությանը: Անցյալում ես բավական երկար ապրել եմ Հայաստանում, բայց այսօր, երբ «Առաքելություն արեւելքը» մոտենում է երկրում իր 15-րդ տարելիցին, ես կարծում եմ, որ ինձ համար խիստ կարեւոր է մեկ տարի կամ անգամ ավելի երկար ժամանակ իսկապես ապրել այստեղ, որպեսզի կարողանամ մարզերում ապրող մարդկանց, հատկապես` երեխաների վրա իրենց ազդեցությունն ունեցող խնդիրների մասին տեղեկանալ սկզբնաղբյուրից, ինչպես նաեւ` ավելի լավ տեղեկացված լինել գոյություն ունեցող ծրագրերի եւ կառավարության արձագանքի մասին, խնդիրների հաղթահարման հատուկ կանոնակարգերի եւ ընդունված մոտեցումների մասին: Այդ կանոնակարգերի մասին առաջնային տեղեկացվածությունն ինձ կօգնի ծրագրելու դրամական միջոցների հայթայթման եւ հանրության իրազեկման ավելի արդյունավետ քարոզարշավներ` հույսը դնելով Հայաստանի ժողովրդին օգնության ձեռք մեկնելու երկարատեւ ավանդույթի վրա: Գիտեք, «Առաքելություն արեւելքը» Հայաստանում էր գտնվում պատերազմի եւ 2000թ. երաշտի ժամանակ` բնակչության ցավը թեթեւացնելու համար տրամադրելու շտապ օգնություն եւ այլ աջակցություն: Ես կցանկանայի մեր աշխատանքում ներգրավել հայկական Սփյուռքը: Ես կցանկանայի ունենալ դոնորներ, եւ, որ Դանիայի մեր նախարարությունից գային եւ տեսնեին, թե մենք ինչ ենք անում այստեղ: Եվ ես կցանկանայի, որ մենք հասանելի լինենք հայկական եւ միջազգային ԶԼՄ-ների համար եւ պատմենք նրանց, թե մենք ինչպես ենք պատկերացնում իրավիճակը:

Մեր երկու հիմնական ծրագրային ոլորտները Հայաստանում առողջապահությունն ու կրթությունն են: Սրանք հույժ կարեւոր խնդիրներ են, որ կօգնեն Հայաստանին նորից ոտքի կանգնել: Երկրի մոտավորապես 50 տոկոսը զարգացած չէ: Մոտավորապես 1,5 միլիոն մարդ գտնվում է աղքատության սահմանագծից ցած: Իսկ երկիրը դեռեւս գտնվում է տնտեսական շրջափակման մեջ: Իրավիճակի արմատական բարելավումն, իհարկե, հսկայական ջանքեր է պահանջում, եւ դրա համար հավանաբար կպահանջվի 10-15 տարի: Բայց դրությունը բոլորովին էլ անհույս չէ: Հայաստանը շատ առավելություններ ունի, այդ թվում` լավ կրթություն ունեցող բնակչություն, հարուստ պատմություն եւ արմատավորված քրիստոնեական ավանդույթ, ինչպես նաեւ` ամուր կապեր ամբողջ աշխարհում:

– Հաշմանդամ երեխաների վիճակը Հայաստանում բարդ հարց է, որը մի կողմից` արդյունք է հիմնականում համակարգի ռեսուրսների բացակայության, մյուս կողմից` խոցելի եւ մեկուսացված երեխաների նկատմամբ բացասական սոցիալական վերաբերմունքի:

– Հիմնականում մենք դրանք լուծում ենք համապարփակ մոտեցմամբ: Վերցնենք, օրինակ, մեր 1998թ. փորձնական ծրագիրը Նուբարաշենի որբանոցում: Պատկերացնո՞ւմ եք, երեխաները չգիտեին անգամ իրենց ծննդյան օրերը, նրանք չգիտեին՝ ինչպե՞ս կապել իրենց կոշիկների քուղերը, չգիտեին` փողն ի՞նչ տեսք ունի, չգիտեին` ինչպե՞ս գնել ավտոբուսի տոմս: Նրանք սոցիալապես հաշմանդամ էին: Որբանոցի ղեկավարության վերաբերմունքն այսպիսին էր` «Ի՞նչ կարիք կա նեղություն քաշել եւ նրանց սովորեցնել այդ ամենը, եթե նրանք չեն պատրաստվում դա օգտագործել»: Ուսումնական ծրագիրն էլ ընդհանուր ծրագրի պարզեցված տարբերակն էր, եւ իրական ջանք չէր գործադրվում խրախուսելու իսկապես սովորելն ու ըմբռնելը: Հետեւաբար, երեխաները տարիներով մնում էին առաջին դասարանում` ի վիճակի չլինելով փոխադրվել երկրորդ դասարան: Մենք սկսեցինք լուծել հարցը նախ եւ առաջ` ընդունելով գործնական մեթոդաբանություն` երեխաներին գործնական գիտելիքներով զինելու համար: Հետո մենք կիրառեցինք ավելի համակարգային մոտեցում` հատուկ կարիքներ ունեցող երեխաներին սովորեցնելու` հենց եղանակը փոխելու առումով: Վերջին երկուս ու կես տարվա ընթացքում մենք աշխատել ենք ներդնել նոր ուսումնական ծրագիր` նախատեսված հատուկ այդպիսի երեխաների համար: Միեւնույն ժամանակ, մեր տեղական գործընկերոջ` «Հույսի կամուրջ» կազմակերպության միջոցով մենք հաջողությամբ լոբբինգ իրականացրեցինք կառավարության մեջ՝ ընդունելու հատուկ կարիքներով երեխաների լավ կրթություն ստանալու իրավունքը երաշխավորող օրենք: Ըստ էության, մենք աշխատում ենք փոխել դպրոցներում երեխաների մտավոր կարողությունների գնահատման եղանակը, այն, որ շատ երեխաների ավտոմատ կերպով տալիս են «անկարող է սովորել» պիտակը: Պարզ է, երեխայի, մյուսների հետ հավասար սովորել չկարողանալը կարող է մի քանի պատճառ ունենալ` հոգեբանական հարցեր, զարգացման խանգարումներ, ֆիզիկական խանգարումներ եւ այլն: Մենք կարիք ունենք հոգեբանների, զարգացման մասնագետ մանկաբույժների եւ անգամ խոսքի թերապեւտների` մի թիմի երեխաների ունակությունների ճիշտ գնահատման համար: Այժմ մենք աշխատում ենք ներդնել մի բոլորովին ժամանակակից գնահատման գործիք՝ օգնելու երեխաներին կրթական գործընթացում՝ ելնելով նրանց ուրույն պայմաններից: Եվ մենք հսկայական աշխատանք ենք տարել ուսուցիչների վերապատրաստման համար: Այս բոլոր բեկումնային գաղափարները մենք պետք է աշխատենք կիրառել որքան հնարավոր է շատ դպրոցներում, քայլ առ քայլ: Արդեն յոթ դպրոցներ ընդունել են մեր ծրագրերը:

Մենք նույնանման համապարփակ մոտեցում ենք ցուցաբերում երեխաների առողջապահական հարցերին, որոնք անսահմանորեն բարդ են: Բացի ֆինանսական միջոցների բացակայությունից, Հայաստանում շատ բուժող բժիշկներ չունեն համապատասխան պատրաստվածություն եւ սովորաբար գործում են ըստ խորհրդային հավատամքի, այն է՝ հատուկ կարիք ունեցող երեխան հիվանդ երեխա է: Հետեւաբար, բժիշկները շատ արագ ձեռք են քաշում հատուկ կարիքներով երեխաներից: Նրանք պատրաստված չեն գործ ունենալու այնպիսի վիճակների հետ, ինչպիսին է, օրինակ, աուտիզմը կամ զարգացման այլ խնդիրները, նրանք երկարաժամկետ բուժում տրամադրելու տեխնիկական պատրաստվածություն չունեն: Հատուկ կարիքներ ունեցող երեխաների վրա արդեն իսկ դրվում է անջնջելի սոցիալական խարան, ծնողներն ամաչում են այդպիսի երեխաներից եւ անգամ ամեն ջանք գործադրում են նրանց հասարակությունից թաքցնելու համար: Բժիշկների վերաբերմունքը միայն սաստկացնում է իրավիճակը:

«Առաքելություն արեւելքը» փորձում է հարցը լուծել բոլոր մակարդակներում: Օրինակ, մենք աշխատում ենք Բժ. Բաբլոյանի Արաբկիրի մանկաբուժական կենտրոնի հետ` սովորեցնելով բժիշկներին զարգացման վիճակների ախտորոշում: Հիշեք, որ Հայաստանի Բժշկական համալսարանի մանկաբուժության 200 ժամերից միայն 1 ժամ է նվիրված երեխայի զարգացմանը: Մենք ներկայումս ունենք Շվեյցարիայում սովորած մասնագետ, որը մարզերում բժիշկներին սովորեցնում է, թե ինչպես բացահայտել եւ ախտորոշել զարգացման վիճակները: Միայն Արմավիրում, աշխատելով մոտ 70.000 բնակչություն ունեցող 11 համայնքներում, մենք առանձնացրել ենք 460 ընտանիք, որոնք ունեն բժշկական եւ կամ սոցիալական օգնության կարիք ունեցող երեխաներ: Սա տագնապ հարուցող թիվ է եւ միայն ավելի է վատթարանում մեծ մասամբ այն պատճառով, որ ծնողները նեղված են իրենց երեխաների համար եւ հաճախ բժշկի չեն տանում նրանց՝ վախենալով, որ ընտանիքի վարկը կընկնի: Խնդիրն այնքան տարածված է, այնքան բարդ, որ դժվար է այն իսկապես համապարփակ ձեւով լուծելը, մի կողմից` անհատական, մյուս կողմից` համակարգի մակարդակով:

– Դուք հավատո՞ւմ եք, որ հնարավոր է հասնել փոփոխության ոչ միայն գործողություններում, այլեւ հասարակության քարացած մտածելակերպում:

– Այո, այդ հնարավոր է: Ես կարծում եմ` դրա համար շատ ժամանակ է պահանջվելու, դրա համար շատ աշխատանք, ջանք եւ եռանդ է պահանջվելու, բայց ես իսկապես կարծում եմ, որ մարդիկ ցանկանում են փոխվել: Օրինակ, Երեւանի պետական համալսարանում հենց նոր ստեղծվել է մի հարմարություն հաշմանդամ ուսանողներին օժանդակելու համար: Սա, ես կարծում եմ, մի հսկայական քայլ է առաջ: Մեկ այլ օրինակ է պրն Աշոտ Եսայանի` սոցիալական հարցերի նախկին նախարարի օրինակը (ում հետ «Առաքելություն արեւելքն» աշխատել է 1992 թվականից). նա ծրագրել է սոցիալական աշխատողների համար ձեռնարկ հրատարակել: Մի շարք ղեկավարներ աջակցում են այս աշխատանքներին, այդ թվում` արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը եւ նրա կինը` Նանին:

– Հայաստանում ունեք երեք գործընկեր-կազմակերպություն` «Նաիրի», «Հույսի կամուրջ» եւ «Արաբկիր»: Ինչպե՞ս են նրանք մասնակցում ձեր ծրագրերի իրականացմանը:

– Մեր երեք գործընկերները ներգրավված են աշխատանքի երեք տարբեր փուլերում: «Հույսի կամուրջի» նախկին փոքրիկ կազմակերպությունն այսօր դարձել է երկրում հաշմանդամների իրավունքների ջատագովության ամենաճանաչված կազմակերպությունը: Հենց այսօր համատեղ իրականացնում ենք լայնածավալ հանրային իրազեկման մի քարոզարշավ` մետրոյում, թատրոններում եւ ամբողջ քաղաքում փակցված պաստառներով: Մենք պաստառներ եւ այլ նյութեր ենք ուղարկում բոլոր պատգամավորներին: Մենք քարոզարշավը, այդ թվում եւ` վերջերս կայացած մամլո ասուլիսը, մեկնարկել ենք հետեւյալ թեմայով` «Իմ նկատմամբ քո վերաբերմունքն ավելի մեծ նշանակություն ունի, քան իմ հաշմանդամությունը», որը նշանակում է, որ հասարակության վերաբերմունքը մեծ եւ ուղղակի նշանակություն ունի հաշմանդամների կյանքում:

Արաբկիրի մանկաբուժական կենտրոնը արեւմտյան եղանակներով վերապատրաստված, հիանալի մղումներով օժտված աշխատողներ ունեցող խիստ մասնագիտացված հաստատություն է: Արա Բաբլոյանն այդ մեծ խարիզմատիկ ուժն է, որն առաջ է տանում կազմակերպությունը: Մարզերում տեղական հիվանդանոցների միջոցով «Արաբկիրը» հայտնաբերում է հատուկ կարիքներ ունեցող երեխաներին, տրամադրում խիստ անհրաժեշտ օգնություն, ներառյալ` երկարատեւ բուժում, եւ վերապատրաստում է պրոֆեսիոնալ բժիշկներին` զարգացման վիճակների բացահայտման եւ բուժման համար: «Արաբկիրի» գործունեությունը կախված է օտարերկրյա աջակցությունից եւ «Առաքելություն արեւելքի» օգնությունից: Ներկայումս մենք նրանց օգնում ենք ֆինանսապես` վճարում ենք նրանց փորձագետների աշխատավարձերը:

Մեր երրորդ գործընկերը «Նաիրին» է, անմիջականորեն շահառուների հետ աշխատող կազմակերպություն, որը հատուկ կարիքներ ունեցող երեխաներին տրամադրում է ուղղակի օգնություն, օրինակ` սնունդ, հագուստ եւ այլն: Մենք աշխատում ենք «Նաիրիի» հետ, որպեսզի այն կարողանա երեխաներին տրամադրել բժշկական օգնություն եւ կրթություն:

– Ինչպե՞ս կբնութագրեիք ՀՀ կառավարության եւ այլ մասնակիցների կողմից ցուցաբերած աջակցության մակարդակը «Առաքելություն արեւելքի» ծրագրերի նկատմամբ:

– Հայաստանի կառավարությունը միշտ դրականորեն է տրամադրված եղել մեր աշխատանքի նկատմամբ, որովհետեւ նրանք մեզ դիտում են որպես Հայաստանի նկատմամբ երկարաժամկետ պարտավորություն վերցրած մի կազմակերպություն: Հատկապես պետք է նշել Սոցիալական հարցերի եւ Կրթության ու գիտության նախարարությունները: Նրանք մեզ օգնել են մշակել ուսումնական ծրագիր հատուկ կարիքներ ունեցող աշակերտների համար եւ հիմնել հիվանդանոցներ Սյունիքի մարզում: Մեր աշխատանքը կունենա էլ ավելի մեծ արդյունք, եթե մենք այս կարգի աջակցություն ստանանք նաեւ մյուս պետական կառույցներից: Մենք նաեւ այլ գործընկերներ ունենք, օրինակ, COAF-ը (Հայաստանի երեխաներ հիմնադրամը), որը մեծ աջակցություն է ցույց տալիս: Այս կազմակերպությունը ներկայումս ֆինանսավորում է համայնքային կենտրոնների եւ հիվանդանոցների կառուցումը:

– Դուք մտադիր էիք հայերեն խոսել սովորել մինչեւ այս տարվա վերջը:

– Հայերենը շատ ավելի բարդ լեզու է, քան ես սկզբում կարծում էի, բայց ես անպայման կսովորեմ այն: Մի քանի ամսում կսովորեմ: