Դուդուկի ոգին` Կրեմլում

13/12/2006

Դեկտեմբերի 4-ին Մոսկվայի հսկայական Կրեմլյան դահլիճը լեփ-լեցուն էր, մարդիկ եկել էին լսելու փոքրիկ հայկական ազգային երաժշտական գործիքի՝ դուդուկի մեծ վարպետ, վիրտուոզ Ջիվան Գասպարյանի նվագը։ Ջիվան Գասպարյանը վաղուց արդեն միջազգային համբավ է ձեռք բերել, նրա հետ ձայնագրություններ անելն ու ելույթ ունենալն աշխարհի հայտնի շատ երաժիշտներ պատիվ են համարում։ Մոսկվայում մեծ դուդուկահարը ելույթ ունեցավ Ռուսական ազգային սիմֆոնիկ նվագախմբի հետ, կատարեց կինոֆիլմերից բոլորին ծանոթ այն սաունդտրեկերը, որտեղ իր դուդուկն է հնչել, նաեւ որպես համերգի շարունակություն` ռուս հանդիսատեսին ներկայացրեց զուտ հայկական մեղեդիները։ Այս համերգն իր բնույթով բացառիկ էր։ Համերգի նպատակը դուդուկի բոլոր հնարավորությունների բացահայտումն էր. այս համերգը կես տարուց ավելի է նախապատրաստվել։ Կոմպոզիտորների շրջանում նախապես հայտարարվել էր մրցույթ՝ հայկական մեղեդիների հիման վրա լավագույն երաժշտության հեղինակին գտնելու համար։ Այդ մրցույթի հաղթող դարձավ Իլյա Շիպիլովը, ում ստեղծագործությունները եւս հնչեցին այդ օրը, ինչպես նաեւ հնչեցին ռուսական ժողովրդական մեղեդիներ ու հանրահայտ «Deep Purple»-ի կոմպոզիցիաները։ Նվագախմբի ու դուդուկի միահյուսումը դժվար է տեղի ունեցել, քանի որ դուդուկի իմպրովիզացիաները երբեք նախօրոք կռահել ու հաշվարկել չի կարելի, դուդոկը կարող է հնչեցնել նույնիսկ մեկ քառորդ նոտաները։ Այդ պատճառով էլ նվագախմբի դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը ստիպված է եղել յուրաքանչյուր կատարողի հետ առանձին փորձեր անել ու ցույց տալ, թե երբ է պետք մեկ նոտայից մյուսին անցնել։ Դուդուկն ընդունակ է հնչել ցանկացած երաժշտական ժանրում, ցանկացած ոճի մեջ, կարող է հարստացնել մեղեդին ու պատմել ամեն ինչի մասին։ Կարող է երեխայի պես լաց լինել, այրվել սիրուց կամ թախծել կարոտից։ Ռուս լրատվամիջոցները դուդուկի ձայնը հաճախ «Հայաստանի արցունքներ» են անվանում։ Եվ այդ շատ լուսավոր ու թախծոտ արցունքները կարելի է ստանալ միայն վայրի ծիրանի ծառից պատրաստված ծիրանափողից։ Ջիվան Գասպարյանը, ով միշտ ինքն է պատրաստում իր դուդուկները, համոզված է, որ այգում աճող, «վարժեցրած» ծիրանից պատրաստված դուդուկները կեղծում են հնչողությունը։ Դուդուկին ազատություն ու տարածություն է հարկավոր, ճիշտ այն բաները, որոնք պետք են եւ ծառերին, եւ մարդկանց։ «World music» հասկացողությունը հարստացնելով հայկական դուդուկով ու տարբեր ամենահայտնի բլոկբաստերներում լսելով դուդուկի հնչյունները, մենք հասկանում ենք, թե ինչ կարող է անել փոքր ու իմաստուն այդ երաժշտական գործիքը, ինչը չի կարող անել որեւէ քաղաքական գործիչ կամ դիվանագետ։ Այն կարող է սահմանները վերացնել կամ թեկուզեւ՝ ընդլայնել դրանք։

Անկեղծ, համեստ, մեծ պրոֆեսիոնալ Ջիվան Գասպարյանը կարողացավ փոքրիկ հայկական ժողովրդական երաժշտական գործիքն աշխարհում հայտնի ու մոդայիկ դարձնել։ Նրա կատարումներն ընդգրկող սկավառակների վաճառքը ռեկորդներ է սահմանում։ Նա ելույթներ է ունենում աշխարհի ամենահայտնի նվագախմբերի հետ, ձայնագրություններ է անում Պիտեր Գաբրիելի ու Սթինգի հետ։ Եվ երազում է Հայաստանում մանուկների համար անվճար դուդուկի դպրոց բացել։