Գործնական հարաբերությունների էթիկետը

13/12/2006

Պատմականորեն էթիկետը ծագել է պալատներում, այդ պատճառով էլ այն կոչվել է պալատական: Հետագայում դրանից առաջացել է դիվանագիտական, ապա՝ բարձրաշխարհիկ եւ գործնական էթիկետը:

Էթիկետի կանոնները բացարձակ բնույթ չեն կրում, դրանք փոփոխվում են ժամանակի հետ:

Գործնական էթիկետը գործնական հարաբերությունների կարեւոր բաղկացուցիչն է:

Համաձայն քաղաքավարության ընդհանուր նորմերի` առաջինը ողջունում է.
– տղամարդը` կնոջը
– կրտսերը` ավագին
– կողքից անցնողը` կանգնածին
– ներս մտնողը` ներսում գտնվողին:

Այս նորմերը պահպանվում են նաեւ գործնական էթիկետում, սակայն այստեղ որոշ փոփոխություններ կարող են լինել. առաջին պլան է մղվում ոչ թե տարիքն ու սեռը, այլ պաշտոնը: Օրինակ` քարտուղարուհին առաջինն է ողջունում իր ղեկավար տղամարդուն, ուսանողն առաջինն է բարեւում կողքից անցնող դասախոսին եւ այլն, այսինքն` կարեւոր է դառնում մարդու զբաղեցրած պաշտոնը: Թեեւ այս նորմերը միշտ չէ, որ խստորեն պահպանվում են, սովորաբար առաջինը ողջունում է նա, ով առաջինն է տեսել մյուսին, եթե պաշտոնի եւ տարիքային մեծ տարբերություններ չկան:

Կնոջը կամ իրենից բարձր պաշտոն զբաղեցնողին ողջունելիս տղամարդը սովորաբար ոտքի է կանգնում:

Եթե մարդկանց միջեւ տարածությունը մեծ է կամ նրանց միջեւ այլ մարդիկ կան, կարելի է բարձրաձայն բարեւելու փոխարեն գլխով բարեւել` 1-2 վայրկյան գլուխը խոնարհելով:

Ողջույնը կարող է ուղեկցվել ձեռքսեղմումով, սակայն նկատենք, որ եթե մարդիկ ամեն օր են հանդիպում, ապա ձեռքսեղմումն ընդունված չէ: Ձեռք սեղմելիս տղամարդը հանում է ձեռնոցը, իսկ կինը` ոչ: Առաջինը ձեռքը մեկնում է կինը` տղամարդուն, տարիքով ավագը` տարիքով կրտսերին: Ձեռքսեղմումը պետք է ոչ շատ ամուր լինի, ոչ էլ շատ թույլ: Չի կարելի թափահարել դիմացինի ձեռքը, սեղմել այն երկու ձեռքով կամ էլ դիմացինին մեկնել մատների ծայրերը: