Ինչպիսի՞ն ՝ ձեր մաշկը

13/12/2006 Վիկի ՕԴԵ

Անկախ այն բանից՝ մաշկը յուղո՞տ է, թե՞ չոր, այն նաեւ կարող է լինել զգայուն, ջրազրկված, շատ խոնավ կամ այտուցված:

Զգայուն մաշկ

Հաճախ (բայց ոչ միշտ) զգայուն է լինում չոր մաշկը: Զգայուն մաշկը լինում է.
– Կարմրած
– Այտերին կարող են մազանոթներ երեւալ
– Հպվելիս այն տաք է
– Կարող է թեփոտվել
– Լվացվելուց կամ մաքրելուց հետո այն կարմրում է:

Ալերգիկ մաշկ

Ալերգիկ մաշկը ոչ թե ընդհանրապես զգայուն է, այլեւ որեւէ քիմիական կամ գրգռիչ նյութ օգտագործելիս (դիմահարդարման նյութեր եւ այլն) հակազդեցություն է ցույց տալիս: Ալերգիա առաջացնող նյութը մաշկը գրգռում է եւ կարող է վնասել մաշկի պաշտպանողական գործընթացը: Չպետք է անտեսել մաշկի այդպիսի հակազդեցությունը, քանի որ սխալ նյութի շարունակաբար օգտագործումից կարող են առաջանալ մաշկային այնպիսի հիվանդություններ, ինչպիսին էկզեման կամ դերմաթիթն է:

Ջրազրկված մաշկ

Ջրազրկված համարվում է այն մաշկը, որը կորցրել է իր խոնավությունը: Ջրազրկվել կարող է ցանկացած տեսակի մաշկ, սակայն այս երեւույթն ավելի շատ տեսնում ենք չոր կամ կոմբինացված մաշկերի մոտ: Երբեմն մաշկի ջրազրկումն ուղղակիորեն բխում է անձի առողջական վիճակից: Օրինակ, մաշկը կարող է ջրազրկվել հիվանդության ժամանակ շատ քրտնելու հետեւանքով: Որոշ դեղամիջոցներ կամ շատ խիստ դիետաները եւս ջրազրկում են մաշկը: Ընդհանրապես այս երեւույթը նկատվում է չոր կլիմայում, տանը կամ աշխատավայրում տաքացուցիչից (AC) օգտվելու հետեւանքով: Ցանկալի է գտնել մաշկի ջրազրկության բուն պատճառը եւ ապա փորձել բուժել այն:

Ջրազրկված մաշկի առանձնահատկություններն են.
– Ջրազրկության հետեւանքով մաշկը նմանվում է նարնջի բարակ կեղեւի
– Մաշկի մակերեսին թեփեր են հայտնվում
– Մաշկի վրա երեւան են գալիս մակերեսային նուրբ կնճիռներ
– Մաշկի վրա նկատվում են կարմիր մազանոթներ:

Մաշկի ճանաչումը կշարունակենք հաջորդ հինգշաբթի:

– Չափից ավելի քրտնելը, որ պատահում է տաք օդից կամ հիվանդության դեպքում, կարող է մաշկի խոնավազրկության պատճառ դառնալ։ Հետեւաբար, այդպիսի դեպքերում անհրաժեշտ է շատ հեղուկ օգտագործել՝ կորցրած ջուրը վերականգնելու համար։

– Մաշկի մակերեսին մոտ գտնվող մազանոթները մարմնի ջերմաստիճանը կարգավորելու համար լայնանում են եւ պատճառ են դառնում, որպեսզի մաշկը կարմրի։ Եթե մազանոթները չափից ավելի գրգռվեն, ապա կվնասվեն, կմնան այդպես լայն կամ կպատռվեն։ Նման պարագայում մաշկը հատուկ խնամք է պահանջում։

– Օծանելիքը երբեք մի քսեք մաշկի արեւ տեսնող հատվածի վրա, քանի որ դրանից մաշկը կարող է դառնալ զգայունը եւ այդ նույն հատվածը կարող է մգանալ կամ ալերգիկ դառնալ։

Հարց-պատասխան

«Արդյոք կարելի՞ է ձմռանն արեւապաշտպանիչ քսուք օգտագործել»:
Ա.Թ.

Հարցերին պատասխանում է «Վիտակ» մաշկի խնամքի կենտրոնի փորձառու մասնագետ Վիկի Օդեն:

– Սիրելի Ա.Թ., ոչ թե կարելի է, այլ խիստ անհրաժեշտ է տարվա բոլոր եղանակներին արեւապաշտպանիչ օգտագործելը: Մաշկի վաղահաս ծերացումների հիմնական պատճառն արեւի վնասակար ճառագայթներն են:

Այնպես որ, խորհուրդ ենք տալիս ամեն օր օգտագործել արեւապաշտպանիչը՝ այն քսելով մաշկի առօրյա կրեմի վրա:

Ձեզ հուզող հարցերի մասին կարող եք գրել

[email protected] էլեկտրոնային հասցեով: Պատասխանները կտպագրվեն «168 Ժամ»-ի հինգշաբթի օրվա համարում: