Խոսում է Գառնիկ Իսագուլյանը

10/12/2006 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

Աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային փոփոխություններին զուգահեռ՝ փոփոխություններ կկատարվեն նաեւ ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության մեջ:

Ելնելով ընդհանուր հայեցակարգից՝ ռազմավարության հետ կապված բոլոր նախարարությունները ներկայացրել են իրենց ոլորտին վերաբերող առանձին հայեցակարգերը, եւ եթե ազգային անվտանգության ռազմավարության փաստաթուղթը «բաց է», ապա մյուս ռազմավարություններում՝ կախված գերատեսչության առանձնահատկությունից, կարող են լինել մասեր, որոնք գրված են «ոչ հրապարակման համար»: Այս մասին երեկ «Ուրբաթ» ակումբում հայտարարել է ՀՀ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Գառնիկ Իսագուլյանը: «Սերժ Սարգսյանը ելույթ ունեցավ բարձրաստիճան սպայակույտի առաջ, եւ այդ փաստաթուղթը մենք դրեցինք հայեցակարգի մշակման հիմքում: Ինչ-որ մեկը պետք է սա նախաձեռներ: Պետք էր իսկապես նախաձեռնություն, որովհետեւ շատ-շատերը խոսում են, բայց դժվար գտնվի մեկը, որ ինչ-որ փաստաթուղթ դներ, հասկանալով, որ կարող է ենթարկվել բավականին լուրջ քննադատության: Բայց, ի պատիվ պաշտպանության նախարարի, նա արեց այդ քայլը»,- նշեց Գ. Իսագուլյանը: Իսկ երբ լրագրողները նախագահի խորհրդականից փորձեցին պարզել, թե արդյոք հնարավո՞ր է, որ մեկ մարդ, մասնավորապես` պաշտպանության նախարար, Անվտանգության խորհրդի քարտուղար, Հայ-ռուսական միջակառավարական հանձնաժողովի համանախագահ, Շախմատի ֆեդերացիայի նախագահ, ԵՊՀ խորհրդի նախագահ, ԵՊՀ շրջանավարտների միավորման հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀԿ խորհրդի նախագահ Ս. Սարգսյանն այդքան ծանրություն վերցնել իր վրա, Գ. Իսագուլյանը պատասխանեց. «Դա մենք պետք է ողջունենք: Ի պատիվ իրեն, բոլոր այն բնագավառներում, որտեղ ինքը պատասխանատվություն է ստանձնում, շատ լավ հաջողում է, եւ այնպես չէ, որ արդյունքները որեւէ տեղ ընկալելի, շոշափելի եւ տեսանելի չլինեն»: Իսկ հարցին, թե հնարավո՞ր է, որ հենց Ս. Սարգսյանը դառնա նաեւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, մեր հավաքականը դառնա Եվրոպայի չեմպիոն, Գ. Իսագուլյանը պատասխանեց. «Օրակարգում այդպիսի հարց չկա»: Ինչպես հայտնի է, Գ. Իսագուլյանն առիթ ունեցել է հայտարարելու, որ իր կարծիքով՝ ՀՀ հաջորդ նախագահի ամենահարմար թեկնածուն հենց Ս. Սարգսյանն է: Երեկ պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ կլինի Հայաստանի հետ, եթե Ս. Սարգսյանը հանկարծ նախագահ չդառնա, Գ. Իսագուլյանը նշեց. «Այո, իմ տեսակետը ես հայտնել եմ եւ մնում եմ իմ տեսակետին: Եկեք ժամանակից առաջ չընկնենք եւ ենթադրություններ չանենք: Եկեք սպասենք, ժամանակը կգա, կլինի, եւ, ըստ այդմ, համապատասխան գործընթացներ կծավալվեն: Խնդիր չկա, այստեղ ես ողբերգություն չեմ տեսնում»:

Գ. Իսագուլյանը երեկ նաեւ համոզմունք հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանի դերակատարությունը Հայաստանի քաղաքական կյանքում բարձր է լինելու նաեւ 2008-ից հետո: Խոսելով «հակակրիմինալ շարժման» մասին՝ նախագահի խորհրդականը հայտարարեց, թե ծանոթ չէ հակակրիմինալի հրապարակումներին: «Կուզենայի, որ փաստերի առկայությամբ ինչ-որ բաներ ասեն, եւ իմանայինք` ովքե՞ր են այդ շարժման մեջ, գուցե իրենց հետ կապված էլ որոշակի խնդիրներ կան: Եթե լինեն, հետո ես կփորձեմ պարզել, թե դրանցից ո՞վ ինչքա՞ն բարոյական իրավունք ունի կրիմինալից խոսելու»,- նշեց Գ. Իսագուլյանը: Նրա խոսքերով՝ ցավոք, մեր քաղաքական գործիչներն արդեն այնքան անտեղի հայտարարություններ են անում, որ «եթե փորձենք անդրադառնալ դրանց, կնշանակի` մենք ուրիշ անելիք չունենք»: «Ասեք, այդ քաղաքական գործիչները վերջին ութ տարիների ընթացքում ե՞րբ չեն զրպարտել: Եվ բազում անգամներ իրենց զրպարտությունների մասին հստակ ասվել է»,- նշեց նա՝ հավելելով, թե «միանշանակ զրպարտանք է» նաեւ այն, որ հայտարարում են, թե հանրաքվեն կեղծվել է: Իսկ քաղաքական դաշտում, ըստ նրա, այսօր կան միայն երեք ուժեր, որոնք «ձեւակերպել են իրենց ծրագրային խնդիրները եւ դրանով առաջնորդվում են՝ ՀՀԿ, ՀՅԴ, ՀՀՇ»: Ասվածից հետեւո՞ւմ է, որ Գ. Իսագուլյանն իր ղեկավարած «Ազգային անվտանգություն» կուսակցությունը «գաղափարական» չի համարում: «Մենք չենք կարող պարծենալ կամ հպարտանալ, որ եւ՛ կառույցներով, եւ՛ մնացած խնդիրներով այդ կուսակցությունների հետ համարժեք քայլ կարող ենք կատարել: Իսկ հասկանալու համար, թե մերը գաղափարակա՞ն է, թե՞ չէ, կարող եք ծրագիրը նայել, որ շատ հստակ ձեւակերպված է: Նաեւ սպեցիֆիկ առումով մենք դեռեւս մեր մասին աշխատում ենք համեստորեն լռել»,- համեստորեն պատասխանեց Գ. Իսագուլյանը: