Հաջորդ օրվան սպասելիս

10/12/2006 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Երեկ այս կերպով լրագրողները փորձում էին «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանից պարզել, թե ումի՞ց նա կհամաձայնի փող վերցնել՝ նախընտրական նպատակների համար։

Բանն այն է, որ Ա. Կարապետյանը չթաքցրեց, որ դեմ չէր լինի, եթե կողքից լրացուցիչ ֆինանսավորում լիներ՝ նախընտրական պայքարի ընթացքում։ Ընդ որում, Արա Աբրահամյանի օգնությանը պրն Կարապետյանը դեմ է, որովհետեւ «նա Արա Աբրահամյանն է»։ Նշված մյուս երկուսն էլ հարմար չեն, քանի որ ՆԺ նախագահը նախընտրում է, որ նրանք լինեն ներսից՝ Հայաստանից։ Այդ դեպքում միգուցե Խաչատուր Սուքիասյա՞նը կամ Գագիկ Ծառուկյա՞նը։ Պարզվեց, որ նրանք էլ հարմար թեկածուներ չեն, մանավանդ որ Գ. Ծառուկյանն իր գումարները ծախսելու տեղ արդեն ունի։ Համենայնդեպս, Ա. Կարապետյանը նախընտրում է ծախսել իր սեփական գումարները, որովհետեւ ուզում է «դառնալ անկախ նախագահ»։

Լրագրողների հետ հանդիպման ընթացքում պրն Կարապետյանը բացահայտեց մի քանի հետաքրքիր բաներ։ Օրինակ, նա խորհուրդ տվեց լրագրողներին` հետաքրքրվել եւ պարզել՝ ԱՄՆ կառույցներում գոյություն ունի՞ արդյոք «Ժառանգություն» կոչվող ծրագիր, որով նախատեսվում է Սերժ Սարգսյանին դարձնել Ռոբերտ Քոչարյանի իրավահաջորդը։ Պակաս հետաքրքիր չէր նաեւ իմանալ այն հրահանգի մասին, որը ԱՄՆ-ում ներքին կարգով իջեցվել է փաստաբաններին։ Պարզվում է՝ բոլոր այն հայերը, ովքեր կներկայանան որպես ՆԺ անդամ, ավելի հեշտությամբ կարող են ապաստան գտնել ԱՄՆ-ում, ստանալ բնակվելու իրավունք։

Անդրադառնալով առաջիկա ընտրություններին՝ ՆԺ նախագահը կարծիք հայտնեց, թե պետք է փորձել դրանք դարձնել շրջադարձային այնպիսի իրավիճակ, որպեսզի Հայաստանում լինի իշխանափոխություն։ Նա չի բացառում, որ հնարավոր է՝ այս անգամ անցնեն նորմալ ընտրություններ։ Սակայն ներկայիս գործընթացները հակառակի մասին են վկայում, այդ իսկ պատճառով Ա. Կարապետյանը համոզված է, որ ԿԸՀ-ն վերջում փորձելու է «նկարել» ընտրությունները։

«Դրա համար Հայաստանում յուրաքանչյուր համապետական ընտրություններից հետո պետք է պատրաստվել հաջորդ օրվան… Հաջորդ օրը նշանակում է փողոց, ժողովրդի անհնազանդություն, գործողություններ»,- նշեց Ա. Կարապետյանը՝ հավաստիացնելով, որ իր կուսակցությունը պատրաստվում է այդ գործողություններին։

Իսկ վստա՞հ է արդյոք Ա. Կարապետյանը, որ ընտրությունների հաջորդ օրը մյուս քաղաքական ուժերն իրեն մենակ չեն թողնի։ ՆԺ ղեկավարի կարծիքով, կարող է ստեղծվել այնպիսի վիճակ, որ ցանկացած քաղաքական ուժ էլ կարող է ստանձնել այդ օրվա պատասխանատվությունը։ Պարտադիր չէ, որ դա լինի հենց ինքը. «Ես չունեմ նման նկրտումներ… Երբեք չեմ ասել, որ գլխավորն եմ, ընդհակառակը, աշխատել եմ մնալ երկրորդ դերերում»։

Որպես իր խոսքերի ապացույց, Ա. Կարապետյանը մատնանշեց Հակակրիմինալ շարժումը, որտեղ բոլորը հավասար մասնակցություն ունեն՝ միեւնույն ժամանակ հիշեցնելով, որ կազմակերպչական բոլոր հարցերը լուծում է «Նոր Ժամանակները»։ Սակայն, դրանով հանդերձ, Ա. Կարապետյանը կարծում է, որ հաջորդ օրն իրենք մենակ չեն մնա։ «Համոզված եմ, որ շատ կուսակցություններ մեզ նման պատրաստ կլինեն պայքարի դուրս բերել ժողովրդին»,- նշեց նա։

Իսկ ինչ վերաբերում է Ռուսաստանում հայերի սպանության դեպքերին, ապա դրանք, ըստ Ա. Կարապետյանի, ուղղորդվում են ոչ թե ՌԴ իշխանությունների, այլ քրեական աշխարհի կողմից։ Ընդ որում, պարզ չէ՝ ռուսակա՞ն, հայկակա՞ն, թե՞ «հայ-ռուսական»։ Մի բանում, սակայն, ՆԺ նախագահը համոզված է՝ ուղղորդող ուժերը ցանկանում են Հայաստանը հեռացնել ՌԴ-ից։

Ըստ նրա, ԼՂՀ խնդրի կարգավորման հարցում էլ մեր իշխանությունները հայտնվել են փակուղային վիճակում, որովհետեւ եթե նրանք ստորագրեն որեւէ փաստաթուղթ՝ արտաքին աշխարհին այլեւս պետք չեն լինի, չստորագրեն էլ, դարձյալ պետք չեն լինի։ Մինչդեռ կան տարբեր հարցեր, որոնք պետք է հստակ պատասխան ստանան։ Օրինակ, ՆԺ ղեկավարին հետաքրքրում է, եթե ապագայում ԼՂՀ կարգավիճակի հարցով հանրաքվե լինի, ԿԸՀ-ն ո՞ր երկրի ենթակայության տակ է գտնվելու։ Ըստ Ա. Կարապետյանի, կան 40-ից ավելի նմանատիպ հարցեր, որոնց պատասխանները ոչ ոք չի լսում։ «Դրա համար ամեն խորհրդակցությունից հետո մենք տեսնում ենք՝ Ռ. Քոչարյանը վազելով նստեց մեքենա, վազելով նստեց ինքնաթիռ, վազելով եկավ Հայաստան։ Փախավ»։

Իսկ վերջում պարզվեց եւս մի հետաքրքիր իրողություն։ Երբ մեր պետական այրերը գնում են ՌԴ՝ տարբեր պաշտոնյաների հետ հանդիպելու, ապա Հայաստանից դուրս՝ աշխարհաքաղաքական տարբեր հարցերի մասին խոսելիս հայտնվում են շատ անհարմար վիճակում։ Իսկ հետո այդ ռուս պաշտոնյաներն իրենց տպավորությունները կիսում են Ա. Կարապետյանի հետ. «Ասում են՝ Արամ Ռաֆայելովիչ, հենց այդպիսի հարցեր են շոշափվում, աչքերը սկսում են մեծանալ, կափարիչը սկսում է խփել, եւ բոլորի մտքին մի բան է՝ փախչել, միայն թե պատասխան չտան»։ Իսկ այդ վարքագիծը, ըստ ՆԺ նախագահի` ունի շատ պարզ բացատրություն՝ մարդիկ սահմանափակ մտածողություն ունեն։