Պատճառահետեւանքային կապ

10/12/2006 Յուրի ՍԻՄՈՆՅԱՆ

ՌԴ փոխվարչապետ Սերգեյ Իվանովն ԱՀՊ եւ Բալթյան երկրների ազգային ԶԼՄ-ների 1-ին ֆորումին հաղորդեց ՌԴ-ի՝ այլ երկրների հետ միջպետական փոխհարաբերությունների կառուցման սկզբունքների մասին: Պարզվում է՝ այդ գործում Մոսկվան որպես անկյունաքար է դիտում շուկայական տնտեսության սկզբունքը: «Մենք առեւտուր ենք անում ինչպես մեր երկրի ներսում, այնպես էլ դրա սահմաններից դուրս՝ հիմնվելով շուկայական սկզբունքների վրա, եւ շարունակելու ենք դա անել»,- հայտարարել է նա: Պարզվում է՝ եւ բարեհաջող, եւ լարված հարաբերությունների պատճառը հարկ է փնտրել հենց տնտեսական ոլորտում: Զարգացնելով այդ միտքը՝ Իվանովը պարզաբանել է. «ՀՀ-ում գազի գինն ավելի ցածր է, քան Վրաստանում: Սակայն ոչ այն պատճառով, որ մենք ինչ-ինչ քաղաքական հանգամանքների բերումով ուզում ենք Վրաստանին գազն ավելի թանկ վաճառել, քան ՀՀ-ին: Բանն այն է, որ ՀՀ-ն մեզ որպես սեփականություն փոխանցել է ողջ ենթակառուցվածքը, եւ դա ազդել է արտադրանքի գնի վրա»: Ինչպես հայտնի է, 2007թ. «Գազպրոմը» Վրաստանին առաջարկում է գազ գնել 1000քմ 260 դոլարով: ՀՀ-ի համար, որը գազային մոնոպոլիստին է տվել ողջ տնտեսությունը, գինը նույնն է մնացել՝ 100 դոլարից քիչ ավելի: Հարց է ծագում՝ մի՞թե «Գազպրոմի» հսկայական մասշտաբներում գազամուղի փոքրիկ միացումը Վրաստանի գազի փականների հետ այդքան թանկ արժե: Իսկ ՀՀ-ն այդպես էլ ողջ ճանապարհին գազ է ստանալու 100 դոլարով, քանի որ որոշել է «գլուխ չդնել» «Գազպրոմի» հետ եւ նրան է տվել իր ողջ փոքրիկ գազատարներն ու ենթակայանները: Ընդ որում՝ գազը նախ` հասնում է Վրաստան, ապա նոր` ՀՀ: Ոչ, իհարկե, ես կոչ չեմ անում գազի գինը հավասարեցնել ՌԴ-ի ռազմավարական դաշնակցի եւ մի երկրի համար, որը, համաձայն հարցումների, շուտով կգլխավորի ՌԴ թշնամիների ցուցակը, կամ էլ երկրների, որոնք ՌԴ-ի համար պոտենցիալ վտանգ են ներկայացնում: Պարզապես ուզում ենք հասկանալ, թե, օրինակ, ինչպե՞ս կարող է կիսաաղքատ Վրաստանը թիվ 1 վտանգը լինել մի երկրի համար, որը հավակնում է գերտերություն լինելու: Սա, թերեւս, քարոզչական աշխատանքի թերություններից է, եթե, իհարկե, ՌԴ շուկայում արգելված վրացական գինիներն ու հանքային ջուրը չեն հավասարեցվել կենսաբանական զենքին: Սակայն այս մասին` քիչ ուշ: Իվանովն իր ելույթում հայտնեց եւս մի փաստ: Պարզվում է՝ ՌԴ-ից Վրաստան եւ հակառակը ինքնաթիռները չեն թռչում միայն այն պատճառով, որ վրացական ընկերությունները պարտք ունեն: Իսկ 2 երկրների միջեւ փոստային հաղորդակցության խաթարումը, պարզվում է, ոչ թե տնտեսական, այլ զուտ տեխնիկական պատճառով է: Վերջինս, սակայն, խնդիր չէ, քանի որ փոստային գործերով զբաղվում են մասնավոր ընկերությունները… Ինքնաթիռների հետ կապված հարց է ծագում՝ ինչի՞ համար թռչեն, ո՞ւմ են տեղափոխելու, եթե Վրաստանում փակ է ՌԴ հյուպատոսությունը, վիզաներ չեն տրամադրվում, իսկ առեւտրական հարաբերությունները սառեցված են: Վիզաներ, սակայն, որոշ բացառիկ դեպքերում, ինչպես Սամբոյի Վրաստանի հավաքականն է, տրվում են: Հենց դա էլ վկայակոչեց Իվանովը՝ ասելով, թե Վրաստանի հետ խնդիրներ չկան, եւ նրանք «կարող են գալ ՌԴ ու գնալ»: Ընդհանրապես, վարչապետին լսելով` տպավորություն էր ստեղծվում, որ ՌԴ-ին հետխորհրդային տարածքում շատ հաճախ չեն հասկանում: Ի՞նչն է, օրինակ, խանգարում Թբիլիսիին ոչ թե ռուսական լրտեսներ բռնել, այլ պարզապես փակել ավիացիոն պարտքը եւ հարաբերությունները վերադարձնել նորմալ հուն: Կամ էլ ոչ թե ամբողջ աշխարհով մեկ հիստերիա բարձրացնել տնտեսական ճնշման մասին, այլ մագիստրալ գազամուղը տալ «Գազպրոմին»: Ոչ թե տնտեական շրջափակման մասին խոսել եւ փոխարենը սպառնալ վետո դնել ՌԴ-ի՝ ԱՀԿ անդամ դառնալու հարցում, այլ լուծել սեփական գինեգործության հարցերը եւ այնպես անել, որ հանքային ջրի բաղադրությունը համապատասխանի պիտակին: Սակայն մի անհաջողություն կա. պիտակի անհամապատասխանությունները, ավիացիոն պարտքերը, գազի թանկացումը եւն սկսվեցին լրտեսական սկանդալից հետո, երբ Թբիլիսին անտեղի մեծ աղմուկով երկրից հեռացրեց Անվտանգության դաշնային ծառայության սպաներին: Այսինքն՝ սկզբում այնուամենայնիվ քաղաքական պատճառ կար, որը տնտեսական հետեւանքներ առաջացրեց, ինչն էլ, իր հերթին, սկզբունքորեն կարող էր ռուս-վրացական ներկայիս ճգնաժամի պատճառ դառնալ: Սակայն չդարձավ: Թեեւ նախանշաններ կան, որ ՌԴ-ն կարող է թուլացնել Վրաստանի տնտեսության «կոկորդին» դրված լարումը: Գլխավոր սանիտարական բժիշկ Գ.Անիշչենկոն վերջերս բերանից թռցրեց, որ հայտնի «Բորժոմիի» պակասը ՌԴ շուկայում երեւում է, եւ հույս հայտնեց, որ Թբիլիսին կսկսի արտադրել բարձրորակ հանքային ջուր, ու մատակարարումը կվերսկսվի: Իսկ ռուսաստանցիների «կարոտը» «Բորժոմիի» հանդեպ երեւի այնքան մեծ էր, որ խանութների վաճառասեղանները ստիպված եղան շուտափույթ լցնել «Բագիատտի» հանքային ջրով, որն արտադրվում է Վլադիկովկասում: Դրա պիտակը նույնությամբ նկարված է «Բորժոմիի» պիտակից: Ի դեպ, «Բագիատը» շշալցվում է Վրաստանի Ցխինվալիի շրջանում, եւ շատ համեղ է: Իսկ «Բորժոմիին» նման «Բագիատտին» առանձնապես մի բան չի, դեն թափելիք է: