Սառը ձեռքեր եւ ոտքեր

10/12/2006

Կանանց 30-40%-ի ձեռքերը եւ ոտքերը սառն են ո՛չ միայն ձմռանը, այլեւ ամռան տաք օրերին: Տղամարդկանց մոտ այս երեւույթն ավելի հազվադեպ է նկատվում:

Դրա պատճառը պերիֆերիկ արյան շրջանառության անբավարարությունն է, որն առաջանում է սնուցող ներվային համակարգի անոթալայնիչ կենտրոնների գործունեության փոփոխությամբ:

Մարդիկ, որոնք բողոքում են իրենց ձեռքերի եւ ոտքերի մշտական սառնությունից, սովորաբար ֆիզիկապես թույլ են, շուտ են հոգնում, տառապում են գլխացավով, նրանց սրտի զարկերն արագացած են, նրանք շուտ են քրտնում եւ ունեն ցածր արյան ճնշում: Այս ախտանշանները բնորոշ են նաեւ շատ հազվադեպ հանդիպող սակավարյունության անեմիա տեսակին, որով սովորաբար տառապում են մինչեւ 25 տարեկան դյուրագրգիռ աղջիկները: Ի՞նչ կարելի է ձեռնարկել ոտքերը եւ ձեռքերը տաքացնելու համար:

Որոշիչ խոսքը բժշկինն է, սակայն կարելի է տալ ընդհանուր խորհուրդներ: Եթե դուք ծխում եք, անհապաղ պետք է թողնել ծխելը, քանզի նիկոտինն առաջացնում է անոթների երկարատեւ կծկում` ձեռքերում եւ ոտքերում:

Նույնը վերաբերում է նաեւ ալկոհոլին: Ալկոհոլի անոթալայնացուցիչ ազդեցությունը շատ կարճատեւ է, իսկ տաքացնող տպավորությունը` խաբուսիկ:

Պետք է մշտապես կոփել օրգանիզմը: Քնելուց առաջ խորհուրդ է տրվում ձեռքերի եւ ոտքերի հակադիր լոգանք. պարբերաբար իջեցնելով մերթ տաք (38-40օC), մերթ սառը (16-20օC) ջրի մեջ, ձեռքերը` մինչեւ արմունկները, իսկ ոտքերը` մինչեւ կոճերը, որից հետո մաշկը շփել քաթանե սրբիչով մինչեւ թեթեւակի կարմրելը: Գիշերը ոտքերին հագնել բամբակյա կամ բրդյա բարակ գուլպաներ: Շատ կարեւոր է նաեւ, որ ամենօրյա կոշիկը լինի հանգիստ: