Դեռ վերջին չենք հասել

10/12/2006 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

Նոյեմբերի 28-ին Մինսկում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահը հայտարարեց, թե Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանն ուղղված բանակցություններում «կողմերը մոտենում են վերջնական փուլին»:

Ռոբերտ Քոչարյանն այդ հանդիպումից հետո այս թեմայով դեռեւս ոչինչ չի հայտարարել, փոխարենը` երեկ ասուլիս էր հրավիրել ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նա Ի. Ալիեւի վերոնշյալ հայտարարությունը որակեց շատ «օպտիմիստական», սակայն, միեւնույն ժամանակ, նշեց, որ Մինսկի հանդիպումից հետո կարող ենք ասել, որ բանակցությունները փակուղում չեն, ինչն, ըստ Վ. Օսկանյանի, նույն վստահությամբ «չէինք կարող ասել նախորդ հանդիպումներից հետո»: Վ. Օսկանյանը հայտարարեց նաեւ, թե, եթե Ի. Ալիեւը համարում է, որ բանակցությունները վերջնական փուլում են, ապա անհապաղ պետք է տա իր համաձայնությունը, որ ԼՂ-ն մասնակցի բանակցություններին, որովհետեւ «առանց ԼՂ-ի մասնակցության, գոնե վերջին փուլում, հարցի կարգավորումն անհնար է»: Նախարարի խոսքերով՝ բանակցությունների շարունակելու համար նախագահները շուտով հանձնարարականներ կտան արտգործնախարարներին՝ նշելով հստակ ուղեցույցներ, թե ի՞նչ հարցերի վրա պետք է կենտրոնանալ: Վ. Օսկանյանի գնահատմամբ՝ Մինսկում Քոչարյան-Ալիեւ վերջին հանդիպումը դրական էր, անցել է կառուցողական մթնոլորտում, նախագահները կենտրոնացել են այն խնդիրների վրա, որոնք դեռեւս մնում են չլուծված, բայց ասել, որ այդ հարցերի շուրջ նախագահների միջեւ համաձայնություն է եղել՝ ճիշտ չի արտահայտի իրականությունը: Ու թեեւ ամբողջական համաձայնություն չկա, սակայն «մերձեցումներ կան»: Իսկ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը երեկ day.az-ին տված հարցազրույցում նշել է, թե ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում կա 8-9 սկզբունք, որոնց մեծամասնությունն արդեն կողմերը համաձայնեցրել են, եւ «կարելի է ասել, որ մնում է մեկ հարց»: Է. Մամեդյարովը չի ասել, թե կոնկրետ ո՞րն է այդ հարցը՝ նշելով միայն, որ դա շատ զգայուն հարց է: Ադրբեջանի արտգործնախարարը նաեւ ասել է, որ Մինսկի խմբի համանախագահների հետ արդեն հստակեցվել է, եւ դեկտեմբերի 4-5-ին Բրյուսելում կկայանա նախարարների հերթական հանդիպումը: Ըստ Մամեդյարովի, նախարարները կհանդիպեն նաեւ Մինսկի խմբի երեք համանախագահներին ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Ադրբեջանի արտգործնախարարը չի բացառել մինչեւ այս տարվա ավարտը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների նոր հանդիպման հնարավորությունը: Ինչեւէ, Հայաստանի արտգործնախարար Վ. Օսկանյանը երեկ հրավիրած ասուլիսում նաեւ տեղեկացրեց, որ դեկտեմբերի 7-ին ՄԱԿ-ում կքննարկվի «սառեցված հակամարտությունների» վերաբերյալ ՎՈւԱՄ-ի (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) ներկայացրած բանաձեւը, որի տեքստը ՀՀ Արտգործնախարարությանը դեռ հայտնի չէ: «Նույնիսկ եթե դա անցնի, դրական առումով ոչ մի բան չի տա բանակցություններին, հակառակը՝ բավական լուրջ խոչընդոտներ կստեղծի բանակցությունների հետագա շարունակության համար: Գտնում ենք, որ իսկապես անտեղի է այս բանաձեւը»,- հայտարարեց Վ. Օսկանյանը՝ ավելացնելով, որ, մանավանդ` այժմ, երբ բանակցություններում դրական տեղաշարժ է նկատվում ու բարենպաստ մթնոլորտ է ստեղծվել, այդ բանաձեւի ընդունվելը ցանկալի չէ: Իսկ ՎՈւԱՄ-ի անդամ երկրները փորձում են իրենց տարածքների «սառեցված հակամարտությունները» կարգավորել տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքի հիման վրա: Ի դեպ, Վ. Օսկանյանը երեկ նաեւ հայտարարեց, որ Հայաստանը ՎՈւԱՄ-ի անդամ դառնալու ցանկություն չունի, քանզի «այդ կազմակերպության գաղափարական հենքը մեզ չի հետաքրքրում»:

Հայաստանի դիրքորոշման մեջ հակասություններ կան

Անդրադառնալով Մինսկում Ռ. Քոչարյանի հետ հանդիպումից հետո Ի. Ալիեւի արած այն հայտարարությանը, թե Ադրբեջանի դիրքորոշումը չի փոխվել, եւ ԼՂ հարցը պետք է լուծել տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա՝ Վ. Օսկանյանը երեկ հայտարարեց, թե հայկական կողմի դիրքորոշումն էլ չի փոխվել, եւ հարցը պետք է կարգավորվի ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի հիման վրա: Վարդան Օսկանյանի խոսքերով՝ այս երկու սկզբունքների թվացյալ հակասությունը միայն մի ձեւով կարելի է համատեղել. «Դա ռեֆերենդումի գաղափարն է: Այսինքն՝ ԼՂ ժողովրդին, որին վերաբերում է այս բոլորը, տալ հնարավորություն, որ ինքը որոշի, թե ո՞րն է ուզում՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությո՞ւնը, թե՞ իր ամբողջական ինքնորոշումը: Ինքնորոշում՝ նշանակում է ընտրություն»: Ուշադիր կարդացեք այս հայտարարությունը: Դրանից կարելի է երկու պարզ հետեւություն անել: Առաջին հետեւությունն այն է, որ Հայաստանը, ի դեմս արտգործնախարար Վարդան Օսկանյանի, «Ադրբեջանի տարածքային ամբողջականություն» ասելով` տվյալ դեպքում հասկանում է Ադրբեջանը՝ ներառյալ ԼՂ-ն, այսինքն՝ այնպես, ինչպես Իլհամ Ալիեւը: Այլապես ի՞նչ է նշանակում՝ թույլ տանք, որ ԼՂ ժողովուրդն ինքը որոշի՝ «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն» ուզո՞ւմ է, թե՞ չէ: Երկրորդ հետեւությունն էլ այն է, որ Լեռնային Ղարաբաղի հարցում իր որդեգրած դիրքորոշման մեջ Հայաստանը հակասում է ինքն իրեն, քանզի թե՛ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, թե՛ արտգործնախարար Վարդան Օսկանյանը, թե՛ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը եւ թե՛ պաշտոնատար այլ անձինք տարիներ շարունակ բազմիցս պնդել են, թե, այո՛, Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը (այս մասին 1999-ի նոյեմբերին Ստամբուլում Հայաստանը նույնիսկ փաստաթուղթ է ստորագրել), սակայն ԼՂ հարցն Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ ոչ մի կապ չունի, քանզի ԼՂ-ն երբեք անկախ Ադրբեջանի մաս չի եղել: Եվ այս ամենից հետո, երբ Ադրբեջանը շարունակում է պնդել, թե ԼՂ-ն Ադրբեջանի մաս է, եւ այդ խնդիրը պետք է լուծել Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքի հիման վրա, իսկ հայկական կողմն էլ նշում էր, թե ԼՂ-ն չի կարող Ադրբեջանի ենթակայության տակ լինել, ու հարցի լուծման հիմքում պետք է դրվի ազգերի ինքնորոշման սկզբունքը, հանկարծ հայտարարում է, թե` էլ ի՞նչ ենք վիճում, թե այս երկուսից որ սկզբունքն ընտրենք, եկեք ԼՂ ժողովրդին հարցնենք, թե ինքը այս սկզբունքներից որո՞վ է ուզում, որ լուծվի իր հարցը, այդկերպ փաստորեն նշելով, որ «Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանում» ասելով` հասկանում է նույն բանը, ինչ Ադրբեջանը: