Հայաստանի տպագիր ԶԼՄ-ներն իրենց մաշկի վրա զգացին՝ որքան խոցելի է մեր երկրի տնտեսությունը եւ որքան են մեզ «հարգում» այլ պետությունները։
Դեկտեմբերի 6-ից հնարավոր է Հայաստանում ոչ մի թերթ չտպագրվի՝ թուղթ չկա։ «Տիգրան Մեծ» հրատարակչությունը, որն իրականացնում է թերթերի մեծ մասի տպագրման աշխատանքները, երեկ տեղեկացրել է, որ Իլյիչեւսկ-Փոթի լաստանավի չգործելու պատճառով Հայաստան լրագրական թուղթ չի ներկրվում։ Այդ պատճառով էլ ս.թ. դեկտեմբերի 6-ից անորոշ ժամանակով դադարեցվում է ընկերությունում հրապարակվող բոլոր թերթերի տպագրությունը։
Վերին Լարսի անցակետի փակումից ի վեր, Ռուսաստանից եկող բեռները Հայաստան հասնում են հետեւյալ կերպ։ Երկաթուղով հասցվում են մինչեւ Ուկրաինա՝ Իլյիչեւսկ, այնտեղից լաստանավով ուղեւորվում դեպի Փոթի կամ Բաթումի, հետո նորից բարձվում վագոնների վրա եւ տեղափոխվում Հայաստան։ Այս շղթան ընդհատվել է Իլյիչեւսկում։ Լաստանավերն այնտեղից դուրս չեն գալիս։ Մեր տեղեկություններով, այդ որոշումը կայացվել է նոյեմբերի 24-ին։ Խոսքը վերաբերում է ոչ միայն թղթին, այլ բոլոր ապրանքներին։
Հարցի առնչությամբ մեկնաբանություններ խնդրեցինք ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախարարության «Երկաթուղի» ՊՓԲԸ տնօրեն Արարատ Խրիմյանից։
Վերջինս իրավիճակը բացատրեց Ուկրաինական Երկաթգծի եւ լաստանավը տնօրինող «ՈւկրՍեր» ընկերության հարաբերությունների խնդիրներով։
«Մեր նախարարը խոսել է Ուկրաինայի տրանսպորտի նախարարի հետ։ Այս երկու օրը լարված աշխատում ենք խնդիրը լուծելու ուղղությամբ»,- նշեց Ա. Խրիմյանը։ Նա նաեւ տեղեկացրեց, որ մեր ներկայացուցիչներն այսօր մեկնելու են Իլյիչեւսկ՝ իրավիճակին տեղում ծանոթանալու համար։ Սակայն թե խնդիրը ե՞րբ կկարգավորվի, պրն Խրիմյանը դժվարացավ պատասխանել։ Մեր այն դիտարկմանը, թե ուկրաինացիներն այս քայլով Հայաստանին շրջափակման են ենթարկում, Ա. Խրիմյանը չհամաձայնեց. «Սա Հայաստանի դեմ ուղղված քայլ չէ, եւ քաղաքականության հետ կապ չունի։ Իրենց ներքին հարաբերությունների խնդիրն է»։ Իսկ որ այդ ներքին խնդիրների արդյունքում մենք, ինչպես միշտ, տուժողի դերում ենք՝ դա փաստ է։
Եվս մի հետաքրքիր փաստ։ Երկու տարի առաջ Հայաստանի եւ Ռուսաստանի պաշտոնատար անձինք ուրախ ժպիտներով եւ ծափերով կատարեցին Նովոռոսիյսկ-Փոթի գծի բացումը։ «Կովկաս» լաստանավը պետք է բեռները միանգամից Ռուսաստանից տեղափոխեր Փոթի։ Դա էապես կնվազեցներ տրանսպորտային ծախսերը, եւ կապահովագրեր մեզ նման իրավիճակներից։ Սակայն գործը «ժապավեն կտրելուց» այն կողմ չգնաց։ Լաստանավը տարբեր պատճառաբանություններով չի գործում։ Միգուցե հիմա՞ մեր պետական այրերը ավելի լուրջ ուշադրություն դարձնեն այս այլընտրանքային ուղու գործարկմանը, որպեսզի ուկրաինական երկու կազմակերպությունների վեճի արդյունքում մի ողջ երկրի բնականոն գործունեությունը կաթվածահար չլինի։ Երեւի սա մի ինչ-որ տեղ օգտակար էլ կլինի։ Հայի բնավորություն է՝ մինչեւ դանակը ոսկորին չհասնի, բան չեն անի։