Խաղա, բայց չափդ ճանաչիր

07/05/2005 Նարինե ԱՎԵՏՅԱՆ

Խաղալիքների՝ բավականին հագեցած մեր շուկան, թվում է, ընտրության լայն հնարավորություն է տալիս եւ տեսականու, եւ գնային բազմազանության առումով: Սակայն խաղալիքների աշխարհն էլ է ենթակա որոշակի քաղաքականության: Իրազեկները խոստովանում են, որ շուկայի նման բազմազանությունը նաեւ իր բացասական կողմերն ունի այն առումով, որ մեզ հիմնականում առաջարկվում է արտասահմանյան արտադրության՝ հատուկ երրորդ երկրների համար նախատեսված ապրանք: Պատճառները թերեւս օբյեկտիվ են, սակայն մեր երեխաներին առաջարկվող երրորդ կարգի այդ խաղալիքները երբեմն տխուր հետեւանքներ են ունենու. օրինակ, սովորական պլաստիլինից հնարավոր է անվերադարձ թունավորվել: Ներմուծողներից ոչ բոլորն են այնքան բարի, որ մեզ նախազգուշացնեն այդ մասին, եթե մեր խելքը չի կտրում: Իսկ «հեշտ մարսվող» պլաստիլինը թանկ հաճույք է: Արդյունքում՝ «Ամենալավը` երեխաներին» կարգախոսով մենք կարող ենք փչացնել մեր երեխաների ապագան:

Թանկից էժանը չկա

«Խաղալիքը, զուտ խաղալիք լինելուց բացի, նաեւ երեխայի մտավոր զարգացմանը նպաստող գործոն պետք է լինի»,- այս սկզբունքով է աշխատում «Մեշոկ Պապի. խաղալիքների աշխարհ» ընկերությունը: Տնօրեն Կարեն Մնացականյանի դիտարկմամբ, հայ գնորդն առայժմ այս կարեւորությունը լիովին չի գիտակցում: Պատճառը նաեւ տեղեկատվության պակասն է: «Մեր վաճառասրահների աշխատողները սոսկ վաճառող չեն համարվում, նրանք նաեւ որոշակի պատրաստվածություն ունեն եւ խորհրդատվական ֆունկցիա են կատարում»,- «Մեշոկ Պապին» այսպիսով փորձում է լրացնել տեղեկատվության պակասը: Ընկերությունը խաղալիքների ներմուծմամբ զբաղվել է 1997 թվականից: Հայ գնորդին առաջարկում են հիմնականում աշխարհում ճանաչում վայելող ընկերությունների արտադրանք, ինչպիսիք են Tolo (Անգլիա), Anna Club (Հոլանդիա), Butado (Իտալիա), Creative (Իսրայել), Play-Dol (ԱՄՆ) եւ այլ, շուրջ 20 ընկերություններ: Դժվար է ասել, թե մեր հայրենակիցների որ տոկոսն է կարողանում օգտվել այս հաճույքներից, երբ նվազագույն եւ առավելագույն գնային հարաբերությունները մոտավորապես այսպիսի պատկեր են կազմում՝ Tolo՝ 2900-56.700 դրամ, Anna Club՝ 7400-86.600դրամ, Butado՝ 7200-31.900 դրամ, Creative՝ 4500-35.600դրամ, Play-Dol՝ 4800-50.700դրամ: Ներմուծողները, սակայն, մեզ առաջարկում են դատել «թանկից էժանը չկա» սկզբունքով եւ մեր երեխաների հաշվին փող չտնտեսել: Հատկապես, երբ առաջարկվող էժան ապրանքի ծագումն ու սանիտարահիգիենիկ վիճակը չի երաշխավորվում: Իսկ այդպիսի խաղալիքների պակաս հայկական շուկան չի զգում՝ շնորհիվ Արաբական երկրներից ներկրվող ապրանքների: Այդ ոլորտում համեմատաբար բարի համբավ ունեն ռուսական, բելառուսական եւ, ինչո՞ւ չէ, նաեւ հայկական խաղալիքները, թեեւ…

Հայերը հայկական արտադրանք գնելը կամ նվիրելն ամոթալի են համարում

«Հայաստանում չկա այնպիսի ընտանիք, որի ունեցած փափուկ խաղալիքների հավաքածուում մեր արտադրանքից գոնե մի հատ չլինի»,- վստահ է փափուկ խաղալիքների արտադրության «Մանկան» ՍՊԸ-ի տնօրեն Վարուժան Գյուրջյանը:

1992 թվականից սկսած Վարուժան Գյուրջյանը զբաղվել է խաղալիքների ներմուծմամբ: Հենց այդ ժամանակ էլ միտք է հղացել Հայաստանում խաղալիքի արտադրություն սկսել: Խաղալիքի արտադրությունը մեզանում որոշակի անցյալ չունի: Այս ոլորտի իրազեկները միայն «Արմենթոյի» անունն են հիշում, եւ ուրիշ ոչինչ: Իսկ հատկապես փափուկ խաղալիքների արտադրության նախադեպ Հայաստանում չի եղել: «Մանկանն» այդ ասպարեզում առաջինն է ու, թերեւս, միակը: Փափուկ խաղալիք արտադրող մեկ այլ ընկերության անուն չի հիշվում, չհաշված՝ այն անհատ ձեռներեցներին, ովքեր երբեմն-երբեմն շատ փոքր քանակությամբ ինքնաշեն խաղալիքներ են շուկա հանում:

«Մանկանն» արդեն 5 տարեկան է: Վ.Գյուրջյանի հավաստմամբ՝ խաղալիքի ներմուծման բիզնեսն ավելի հեշտ ու շահավետ է եղել, արտադրություն հիմնելիս չեն էլ պատկերացրել՝ ինչ դժվարություններ են սպասվում, սակայն հիմա «տարիների քրտնաջան աշխատանքով ստեղծածը չես կարող բռնել ու միանգամից քանդել»: «Թեկուզ պակաս շահավետությամբ, կաշխատենք որքան մեր ուժերը կներեն, մինչեւ լավ օրեր գան»,- ասում է «Մանկանի» տնօրենը: «Մանկանը» մեծ արտադրական ծավալներ չունի: Առայժմ աշխատում են որակի վրա: Տեսականին էլ շատ մեծ չէ՝ 30-ի է հասնում: Հիմնականում ուրախ գույներով «փափուկ» կենդանիներ են: Գները տատանվում են 300-30.000-ի սահմաններում: Արտադրությանն անհրաժեշտ ամեն մանրուք՝ սկսած մորթուց, խաղալիքների փափկությունն ապահովող հատուկ անվնաս նյութերից՝ մինչեւ թել ու կոճակ, բացառապես ներմուծում են: «Մանկանը» միայն պիտակների արտադրությանն անհրաժեշտ հումքը չի ներմուծում: Ամենամեծ խնդիրը շարունակում է մնալ ներմուծման հետ կապված դժվարությունները:

«Մեր խաղալիքները բազմաթիվ ցուցահանդեսների են մասնակցել արտերկրում, եւ ոչ մի անգամ դատարկաձեռն չենք վերադարձել»,- պատմում է Վ. Գյուրջյանը: Փափուկ խաղալիքներ մեր ձեռներեցները ներմուծում են հիմնականում Արաբական երկրներից, Լեհաստանից, Ռուսաստանից: Նշյալ երկրներից ներմուծվում են հատկապես չինական արտադրության խաղալիքներ: «Մեր արտադրանքն իր որակով չի զիջում նրանց արտադրանքին,- հավաստիացնում է «Մանկանի» տնօրենը,- տարբերությունն այն է պարզապես, որ մենք աշխատում ենք՝ հաշվի առնելով հայ գնորդի ճաշակը»: Խաղալիք սպառողների հայկական շուկան, պարզվում է, ուրախ գույներ է նախընտրում: «Օրինակ, եթե փորձենք մեր վառ գույներով խաղալիքներն արտահանել, ենթադրենք, Լեհաստան, սպառում չի ունենա, որովհետեւ այնտեղ մեղմ գույներ են նախընտրում, ինչպես Լեհաստանից ներմուծված մեղմ գույներով խաղալիքներն են այստեղ անտեսվում. յուրաքանչյուր շուկա իր ճաշակն է թելադրում»:

«Մեր ուզած որակը մենք դեռ ոչ մի անգամ չենք ստացել,- ասում է Վ.Գյուրջյանը,- անընդհատ աշխատում ենք կատարելագործվել»: «Մանկանի» խաղալիքները դեռ չեն «երգում-պարում», բայց շուտով դա էլ կանեն՝ շեշտը դնելով ազգային մշակույթի վրա: Աշխարհը փափուկ խաղալիքները չի փաթեթավորում, մերոնք որոշել են դա էլ անել. փաթեթավորումն էլ «կխոսի» տիկնիկի ազգային պատկանելության մասին: «Մեկ-մեկ հիմար գնորդներ են լինում, չգիտեմ՝ ուրիշ ինչ բառ ասեմ նրանց հասցեին,- մի քիչ էլ ջղայնացավ պրն Գյուրջյանը,- որ խանութ են գալիս խաղալիք առնելու՝ ենթադրենք, նվերի համար, ու հենց խանութում մեր պիտակը պոկում-շպրտում են, որ չիմացվի՝ հայկական արտադրանք է: Դեպք է եղել, որ ես նկատել ու արգելել եմ էդ գնորդին խաղալիք վաճառել: Է, թող գնա արտասահմանյան արտադրության խաղալիք առնի, եթե հայկականը նվիրելը ամոթ է համարում»: Դեպքեր են լինում նաեւ, երբ «Մանկանի» պիտակները պոկում ու վաճառում են արտասահմանյան արտադրանքի անվան տակ: Գնորդը պարզապես չի հավատում հայրենական ապրանքի որակին: Իսկ «Մանկանը» եւ՛ պիտակով, եւ՛ առանց պիտակի չի զիջում շուկան հեղեղած արտասահմանյան անանուն ապրանքներին: «Մանկանը» պարզապես զգուշացնում է՝ պիտակը պոկել-նետելուց առաջ արժե կարդալ՝ ինչ կա այնտեղ. օրինակ, որ չի կարելի այդ խեղճ խաղալիքը գցել եռման ջրով լվացքի մեքենան, կախել լվացքի պարանից, հետո էլ արդուկել: Որովհետեւ լվացքի մեքենայում բոլորն էլ հավասարվում են՝ եւ՛ տեղականը, եւ՛ ոչ տեղականը: