Մոսկվայի ռեստորաններից մեկում ձերբակալվել է օրենքով գող, վրացական հանցավոր խմբավորման անդամ Էդուարդ Ասատրյանը՝ «Էդիկ Օսետրինա» կամ «Էդիկ Թբիլիսցի» մականուններով։ «Ռիա Նովոստին», վկայակոչելով Ռուսաստանի Ներքին գործերի վարչության աղբյուրը, հաղորդում է, որ ձերբակալվելիս Ասատրյանը եղել է թմրադեղերի ազդեցության տակ եւ նրա մոտ հայտնաբերվել է 22 գրամ մարիխուանա։ Հարուցվել է քրեական գործ։ Իրավապահ մարմինների հաղորդմամբ՝ «Էդիկ Օսետրինայի» ձերբակալումը մեծ հարված է վրացական հանցավոր խմբավորման համար, քանզի Ասատրյանն այդ խմբավորման «ֆինանսիստն» էր։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 21-ին Մոսկվայում ձերբակալվել էր «Տորչիկ» անունով եւս մի օրենքով գող, որ նույնպես պատկանում էր վրացական հանցավոր խմբավորմանը։