Ամեն տարի ՀՀ կառավարությունը մեծ հրճվանքով թոշակի աննշան բարձրացումներով թոշակառուներին փորձում է ուրախացնել: Բայց պարզվում է, թոշակառուներն այդքան էլ միամիտ չեն, որ շուտ ուրախանան: Որովհետեւ նրանք արդեն գիտեն, որ այդ բարձրացումներին սովորաբար հաջորդում կամ նախորդում է կոմունալ որեւէ վարձավճարի կամ ընդհանրապես հիմնական օգտագործման ապրանքների թանկացումը: Թոշակառուների որոշ ընտանիքներ ներգրավված են նաեւ սոցիալական ծառայության ծրագրերում. նպաստ են ստանում: Ամեն տարի հունվարին նպաստառու ընտանիքներն աղքատության դիմում-հայտարարագիր են ներկայացնում սոցիալական ծառայության տարածքային բաժիններ: Այստեղ տվյալները մուտքագրում են համակարգիչ, եւ համապատասխան ծրագիրը որոշում է, թե տվյալ ընտանիքը քանի միավոր ունի: Հենց այդ միավորն էլ որոշում է, թե հայտատուն նպաստ կստանա՞, թե՞ ոչ: Անցողիկ են համարվում 34 ու բարձր միավորները: 34-ից ցածր միավոր հավաքելու դեպքում հայտատուն արդեն զրկվում է նպաստից:
Նախատեսված է, որ այս տարի ապրիլին հիմնական թոշակի չափը 3000 դրամից կդառնա 4000 դրամ: Այս չնչին բարձրացումը թոշակառուների համար թաքնված վտանգ ունի. ավելացրած 1000 դրամը կարող է նպաստառուի միավորը 34-ից իջեցնել թեկուզ 0,1 նիշով, եւ նա կզրկվի 4500 դրամ նպաստից: Այս թոշակառու-նպաստառուների մեջ կան նաեւ անժառանգ, միայնակ ապրող ծեր կանայք ու տղամարդիկ, որոնք ապրում են միայն թոշակ-նպաստի հույսով:
Ռենետա Մնացականյանը 75 տարեկան է, ունի 47 տարվա աշխատանքային ստաժ, աստղագետ է. 30 տարի աշխատել է Բյուրականում, 10 տարի էլ՝ Ակադեմիայում, Պարիս Հերունու հետ: Չի աշխատում 1997 թվականից: Ստանում է 13.800 դրամ թոշակ եւ 4500 դրամ նպաստ: Նա արդեն գիտի, որ այս տարի նպաստից զրկվելու է: Սոցիալական ծառայության տարածքային բաժիններից մեկի աշխատակիցը բացատրեց, որ անժառանգ ծերերի թոշակը եթե գերազանցում է 12.250 դրամը, անցողիկ միավորը 34-ից իջնում է, եւ նա այլեւս նպաստ չի ստանալու:
– 1992 թվականից անցել եմ հարկադիր դիետայի,- ծիծաղելով պատմում է տիկին Ռենետան,- որովհետեւ թոշակն ու նպաստը բավականացնում են, որպեսզի սովից չմեռնենք: Դեկտեմբերին 8.800 դրամի հոսանք եմ վառել, դրան գումարած՝ ջրի, հեռախոսի, վերելակի ու այլ մանր-մունր վարձեր, ստացվում է, որ թոշակդ գնաց: Եթե նպաստ էլ չստանամ, չեմ պատկերացնում, թե ոնց պիտի ապրեմ:
Այս դեպքում պատկերն ավելի տխուր է, որովհետեւ գործ ունենք հասարակության ավելի զգայուն խմբի հետ: Անժառանգ ծերերը Խորհրդային Միությունից ժառանգել են միայն պատկառելի աշխատանքային ստաժ: Որպես կանոն` նրանք ամբողջ կյանքում աշխատանքին ու երկրին նվիրված ու առաջատար մասնագետներ են եղել: Տիկին Էման ունի 50 տարվա ստաժ, երկար տարիներ ինժեներ է աշխատել, նախկին Անտառտնտեսության նախարարությունում եղել է գործերի կառավարիչ: Նա էլ 15.000 դրամ թոշակ է ստանում, բայց չի ուզում հավատալ, որ նպաստից զրկվելու է: Տիկին Էման ծիծաղում է, որ յուրաքանչյուր աշխատած տարվա համար հիմնական թոշակին ավելանալու է 20 դրամ:
– Ի՞նչ է, մեր մեկ տարվա աշխատածը հազիվ երկու լուցկու գի՞ն ունի,- հարցնում է նա:
Տիկին Էման այսօրվա հարուստներին ու պաշտոնյաներին համարում է գողեր.
– Քանդեցին սովետը եւ դարձան էս երկրի գողերը: Չնայած սովետի ժամանակ էլ, երբ սկսեցին պարտիայի մեջ ընդունելու համար 3000, հետո 5000 ռուբլի կաշառք վերցնել, արդեն պարզ էր, որ այդ համակարգն էլ երկար չի գոյատեւի: Ես տեսնում եմ, որ հիմա ավելի վատ բաներ են կատարվում:
Թե՛ Ռենետա Գեւորգյանը, թե՛ տիկին Էման պետության կողմից իրենց շատ լքված են զգում: Պետությունը չգիտի՞, որ իրենց ապրուստի միակ միջոցն այդ աղքատիկ թոշակն ու նպաստն են: Ի՞նչ է, իրենք այդքան մեծ թի՞վ են կազմում ընդհանուրի մեջ: Հնարավոր չէ՞ անժառանգ թոշակառուներին որոշ արտոնություններ տալ: Չէ՞ որ իրենց ընդամենը մի քանի տարի է մնացել ապրելու:
– Մենք քայլող դիակ ենք,- շարունակում է տիկին Էման,- թող մեր նմաններին հավաքեն, լցնեն մի շենքի մեջ ու սպասեն՝ մինչեւ մեռնենք-պրծնենք… Չեք պատկերացնում, թե ինչքան եմ ուզում մեռնել: Ամբողջ կյանքս նվիրել եմ իմ գործին, իմ պետությանը: Հիմա որ պիտի հանգիստ ծերություն ապրեմ, ամբողջ օրը վախեցած՝ կոպեկներ եմ հաշվում:
Իսկապե՞ս հնարավոր չէ անժառանգ թոշակառուների համար սահմանել որեւէ արտոնություն, որ գոնե նպաստից չզրկվեն: Աշխատանքի ու սոցիալական ապահովության նախարարությունում այս մասին նույնիսկ չուզեցին խոսել՝ պատճառաբանելով, որ նպաստ ստանալու համար աղքատության հայտարարագրումն այս տարի դեռ չի ավարտվել: Երբ ավարտվի՝ այն ժամանակ էլ իրենց տղամարդու խոսքը կասեն: