Շաբաթվա սկզբին ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն իր անհանգստությունը հայտնեց, որ հարցման մասնակից զինակոչիկներից քչերն են պատասխանել, թե զինծառայության են մեկնում հայրենիքի հանդեպ սիրուց դրդված եւ հայրենիքը պաշտպանելու նպատակով: Որպես խնդրի լուծման կարեւոր տարբերակ` նախարարը մատնացույց արեց դպրոցը, մասնավորապես նշեց, թե պետք է բարձրացնել ռազմագիտություն առարկայի դերն ու նշանակությունը: Սակայն եթե անգամ տեսականորեն պատկերացնենք, որ 9-րդ եւ 10-րդ դասարանների աշակերտները նախընտրում են ոչ թե դպրոց ընդհանրապես չգնալու համար տնօրեններին 200 դոլար կաշառք տալ, այլ ամեն Աստծո օր պարտաճանաչ ներկայանալ ռազմագիտության դասերին, միեւնույն է, ասենք, Լենինգրադյան փողոցում ապրող տղաներին ոչ մի կերպ չեն համոզի ռազմագիտության դասատուի հայրենասիրության դասերը, քանի որ այս տարվա սկզբին իրենց փողոցում բանակում ստացած մարմնական վնասվածքների պատճառով մահացած երկու տղաների թաղման ականատեսն են եղել: Տղաներից մեկի՝ 1985 թվականին ծնված Հայկ Գեւորգյանի պատմությանն անդրադարձել էինք նրա մահից մի քանի օր անց: Մինչ ներկայացնելը, թե ինչ վիճակում գտանք նրա ընտանիքը երկու օր առաջ, հիշեցնենք, որ բանակում Հայկի մահվան պատճառն ամենեւին նրա ռազմագիտության ուսուցչի անփորձությունը չէր: Հայկին բանակ էին զորակոչել Աջափնյակի զինկոմիսարիատից՝ նախապես իմանալով, որ տղայի ձախ արմունկը վնասված է (ձեռքը լիարժեք չէր բացվում): Ինչպես Հայկի մայրը՝ Սուսաննա Գեւորգյանը մեզ պատմեց, Հայկին կանչում են զինկոմիսարիատ, որտեղից էլ տղային տանում են ծառայելու ՊՆ Արարատ Զոդի N զորամաս: Ծառայության երկրորդ ամսին տղան ամորձիներում ցավ է զգում. բուժզննումը պարզում է, որ այնտեղ գոյացություն կա: Հայկին ուղարկում են Երեւան, զինվորական հոսպիտալ: Վիրահատությունը կատարում է վիրաբույժ Միշա Աղայանը: «Վիրահատությունից հետո Միշա Աղայանն ինձ վստահեցրեց, որ գոյացությունը բարորակ էր, եւ, որ Հայկը նորից կարող է վերադառնալ ծառայության,- պատմում էր տիկին Սուսաննան: -Երեխայիս ուղարկում են հետ՝ դիրքեր: Պատկերացնո՞ւմ եք, վերադառնալուց ուղիղ երկու օր հետո սպա Արա Բաբայանին դուր չի գալիս, թե ինչպես է Հայկն իրեն պատիվ տալիս (ախր, երեխաս դեռ թույլ էր) եւ ծնկով հարվածում է Հայկիս վիրահատած մասին»: Տղայի վիճակը կտրուկ վատանում է: Տեղի բժիշկը վստահեցնում է Հայկին, որ անհանգստանալու կարիք չկա, եւ նա դեռ մեկ ամիս այդ վիճակում մնում է բանակում: Սակայն, երբ ցավերն անտանելի են դառնում, Հայկին դարձյալ ուղարկում են զինվորական հոսպիտալ, որտեղ կատարվում է երկրորդ վիրահատությունը: Պարզվում է, որ Հայկն ունի արդեն տարածված քաղցկեղ: Տղայի բուժման հաջորդ հանգրվանն արդեն Քանաքեռի օնկոլոգիական դիսպանսերն էր, ուր Հայկն ընդունում է քիմիաթերապիա: Այստեղ մի էական հանգամանք էլ կա. բուժման ծախսերը հոգում էր բացառապես Հայկի ընտանիքը (նրա հայրն, ի դեպ, վաղուց է մահացել, մայրն էլ, որդուն խնամելու նպատակով, ստիպված էր աշխատանքից ազատվելու դիմում գրել): Քիմիաթերապիան, ինչպես լինում է արդեն տարածված քաղցկեղի դեպքում, այնքան էլ չի օգնում, եւ անհրաժեշտություն է զգացվում կատարել Հայկի երրորդ վիրահատությունը: Հունվարի 27-ին Միշա Աղայանը կատարում է երրորդ վիրահատությունը, որից մեկ ամիս անց` այս տարվա փետրվարի 27-ին, Հայկը մահանում է: Սուսաննա Գեւորգյանը պատմում էր, որ Հայկին ծնկով հարվածած սպան դատարանի կողմից ստանում է մեկ տարի պայմանական ազատազրկում, որը կրում է Ղարաբաղում, ավելի ստույգ՝ Քելբաջարում: Այս տեղեկությունը տիկին Սուսաննայից ստացել էինք նրա որդու մահվանից մի քանի օր անց: Ինչպես արդեն նշեցինք, երկու օր առաջ մենք դարձյալ եղանք Հայկ Գեւորգյանի բնակարանում՝ իմանալու, թե ինչպե՞ս են ապրում նրա մայրը, քույրը, տատը: Ավելորդ է ասել, որ տիկին Սուսաննան եւ իր դուստրը ապրում են սոցիալական շատ ծանր վիճակում: Նյութական բարդություններից բացի՝ նրանց տանջում է այն, որ Հայկին ծեծած սպան փաստացի անպատիժ է մնացել, այն, որ իրենց տրվել է ընդամենը 1000 դոլար՝ որդու թաղման եւ գերեզմանի ծախսերը հոգալու համար: «Զինծառայողների սոցիալական պաշտպանության մասին» օրենքն այնքան էլ շռայլ չէ զոհվածների ընտանիքների հանդեպ: Ինչպես դառնացած պատմում էր տիկին Սուսաննան, ՊՆ-ից իրենք տարեկան կստանան տասը հազար դրամ եւ ամսական վեց հազար դրամ թոշակ՝ կոմունալ ծախսերը թեթեւացնելու համար: «Ասում են, տղանե՛ր, գնացեք ծառայեք, սակայն, ինքներդ ասեք, կարո՞ղ եմ ես որեւէ մեկի մորն ասել՝ տղայիդ հանգիստ խղճով բանակ ուղարկիր, թող գնա, հայրենիքի առաջ իր պարտքը կատարի»:
Հոդվածը պատրաստելուց առաջ զրուցեցի Հայկի հարեւաններից մեկի՝ 19-ամյա մի երիտասարդի հետ, որը երդվեց, որ ամեն ինչ անելու է՝ բանակից խուսափելու համար. «Հանելու եմ գժի թուղթ, մենակ չգնամ բանակ»: Մեր հորդորը, թե այդ դեպքում ո՞վ պետք է պաշտպանի մեր երկիրը, եւ հայրենասիրական բովանդակության նման այլ կլիշեները տղային բնավ չհուզեցին, եւ նա հարցով դիմեց ինձ. «Դուք, կարծեմ, Հայկի դեպքը գիտեք, չէ՞: Իսկ գիտե՞ք, թե բացի էդ …-ից (ոչ գրական արտահայտություն Հայկին հարվածած սպայի հասցեին.-Լ.Ա.), Հայկին էլի քանի անգամ են բանակում անմեղ տեղը ծեծել»:
Մի առիթով երբ զրուցում էինք «Զինվորի մայր» հասարակական կազմակերպության ղեկավար Գրետա Միրզոյանի հետ, նա (հասկանալի է, ներկայացնելով որոշ դրական տեղաշարժեր) նշեց նաեւ, որ բանակում ավելացել է դաժանությունը: Բանակում տեղի ունեցող այսպիսի դեպքերը վախեցնում են երիտասարդներին եւ նրանց ծնողներին, եւ, բնականաբար, նման իրավիճակում հասարակությունը չի նկատում դրական տեղաշարժերը: Առավելեւս, երբ մեղավորներն անպատիժ են մնում: Պաշտոնական տվյալներով՝ վերջին մեկ տարում բանակում զոհվել է
35-ից ավելի զինծառայող, սակայն բանակային թեմաներով գրող գործընկերներիցս մեկը վստահեցրեց, որ ոչ պաշտոնական թվով՝ զոհվածների թիվը մոտ 150 է (նման դեպքում որքան անհեթեթ է հնչում «մոտ» բառը):