Նրանք լուռ են ու զգացմունքային

10/12/2006 Անի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Երիտասարդության շրջանում հաճախ ինչ-որ բան փոխելու ցանկություն է առաջանում: Երբ նման ցանկություն ունեցավ Ցոլակ Գալստյանը, ծնվեց մի նոր թատրոն, որը, կոչվելով «Միհր», սկսեց աշխատել պլաստիկ պարային թատրոնի սկզբունքներով:

Ինչո՞ւ «Միհր»… «Ազդեցիկ է, շատ լակոնիկ, լավ է թարգմանվում աշխարհի տարբեր լեզուներով, հնչողության մեջ ուժ կա եւ հայեցի է, հեթանոսական ոչ մի ուղղվածություն չունի»,- պարզաբանում է Ցոլակը: Նրա կարծիքով` մենք սովոր ենք անել միայն այն, ինչն արդեն արվել է կամ արվում է: Մինչդեռ նորի պահանջ է զգացվում, այն նորի, որն ամենեւին էլ չի ժխտում այլ թատրոնների սկզբունքները, պարզապես սեփական ճանապարհն է որոնում: «Մենք միակ պարային թատրոնն ենք: Եվ դա շատ է պարտավորեցնում: Դժվար է ստեղծել նոր տեսակի թատրոն ու ստանալ որակ: Եվ եթե անում ենք որեւէ նոր բան, ուրեմն, պետք է անենք շատ լավ»,- ասում է նա:

Նկարիչ Ցոլակ Գալստյանը տասներկու տարի պարով է զբաղվում, եւ իր ստեղծած թատրոնում սինթեզում է պատկերն ու պարային շարժումը: Հետաքրքիր է, որ պարի ու նկարչության միաձուլումը շատ դրամատիկ է դառնում: Ներկայացումների սյուժետային գիծը հանդիսատեսը զգում ու հասկանում է առանց խոսքերի: «Երբեմն խոսքը շատ հասարակ ու պարզ է ամեն ինչ ներկայացնում, իսկ շարժումը միշտ ավելի խոսուն է: Հանդիսատեսի համար առավել կարեւոր են զգացմունքները»,- մեկնաբանում է թատրոնի գեղարվեստական ղեկավարը: Նորաստեղծ թատրոնի խնդիրը հոգու խնդիրն է, հոգեւոր արժեքների մեկնաբանությունը: «Արվեստն ազգություն չունի, իսկ արվեստագետն` ունի»,- ասում է նա: Նրա հավաստմամբ` որքան էլ ներկայացման մեջ օգտագործվեն առաջին հայացքից անսպասելի նյութեր` ցելոֆան, ալյումին, կտորներ ու այլն, միեւնույն է, ամեն ինչ խոսում է մեր կենցաղի, մեր օրերի, մեր հայրենակցի մասին, այն մարդու, ով Երեւանում է ապրում, ամեն օր երթուղային տաքսի է նստում ու լսում է այն երաժշտությունը, որը միացնում է երթուղայինի վարորդը, շփվում է այն մարդկանց հետ, ովքեր շատ են սիրում սեւ գույնի զգեստներ հագնել… Այս ամենը իր ազդեցությունն է թողնում մարդկանց հոգիներում: Նույնպիսի ազդեցություն է թողնում նաեւ մեր օրերի ճարտարապետությունն ու գրականությունը: Թատրոնի ղեկավարը համոզված է, որ ներկայացումների մեջ հայկական երաժշտություն օգտագործելով, դրանք հայկական չես դարձնի: Սակայն բավական է հայ երգից տասը վայրկյան միայն հնչեցնել, ու այդ տասը վայրկյանները կդառնան այն համեմունքը, որոնց շնորհիվ ներկայացումը հայկական կդառնա:

Երեք տարեկան «Միհրը» զրկված է սեփական տանիքի տակ ստեղծագործելու հաճույքից, բայց դա խմբին քիչ է մտահոգում: Նրանց կողքին կանգնած են մարդիկ, ովքեր պատրաստ են օգնել: Փորձերի համար նրանց տարածք է հատկացրել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը: Խմբի գեղարվեստական ղեկավարի քույրը` Շողերը, եւ եւս չորս պարող դերասանները կազմում են «Միհրի» ստեղծագործական կորիզը: Հիմնական դերասանական խմբին պարբերաբար միանում են այլ կատարողներ, ովքեր մասնակցում են թատրոնի կողմից կազմակերպվող միջոցառումներին: Թատրոնն իրականացրել է մի շարք բացօթյա ակցիաներ ու բեմադրություններ: Առաջին բացօթյա ներկայացումը «Միհրը» ցուցադրել է 2003թ. ապրիլի 7-ին. այն նվիրված է եղել Մայրության ու գեղեցկության տոնին: Այդ ներկայացումը քայլող ցուցահանդես-ակցիա էր` «Չեմ թաքցնում իմ արվեստը երկնքից» խորագրով: Ակցիայի ընթացքում ցուցադրվեցին կնոջը ներկայացնող 40 գրաֆիկական աշխատանքները: Արդեն երեք տարի է, ինչ խումբն ապրիլի 24-ին Հայոց եղեռնի զոհերի հիշատակին նվիրված բացօթյա ակցիաներ է կազմակերպում: Ճերմակ հագուստներով, մոմերը ձեռքներին` 24 դերասան լուռ քայլում են փողոցներում, հասնում մինչեւ Ծիծեռնակաբերդ: Այդ լուռ քայլքով երիտասարդները ցույց են տալիս իրենց հարգանքը բոլոր զոհվածների հիշատակին: Այդ լուռ ակցիաները սկզբում շատ զարմանալի ու անհասկանալի էին թվում: «Մարդկանց զարմացնում էր լռությունը, նրանք «հարգանքի տուրք մատուցելը» հասկանում են իբրեւ ծիծաղելով, խոսելով, ծաղիկները թափահարելով ու արեւածաղիկները գրպանում լցրած, անցնել փողոցներով»,- ասում է Ց. Գալստյանը: Սակայն տարեցտարի խմբի դերասաններին ուղղված արհամարհական ռեպլիկները սկսեցին նվազել, ու մարդիկ ընկալեցին լուռ պատկերի տպավորությունը:

2006 թվականը թատրոնի համար բավականին հագեցած է: Խմբի անդամները նկարահանվել են հայտնի նկարիչ Մարկ Շագալին նվիրված ֆիլմում, որը հագեցած է լինելու պարային հատվածներով: Ֆիլմի պրեմիերան տեղի կունենա «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնի կամ Մարկ Շագալի 120-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում:

Ցոլակը շատ է կարեւորում իրենց վերջին ներկայացումը: «Արդյոք խե՞նթ եմ ես» ներկայացման ժամանակ հանդիսատեսի աչքերին արցունքներ են հայտնվել: «Դա մեր ամենամեծ հաղթանակն է: Ինձ համար դա է գնահատականը»,- խոստովանում է Ցոլակը։ Նա համոզված է, որ պլաստիկ թատրոնի զարգացման համար կան բոլոր նախադրյալները: Արդեն կայանում է «Միհրի» ինտեգրումը Եվրոպական թատերական դաշտին, թատրոնը շուտով Չեխիա կմեկնի, որտեղ կմասնակցի ամենամյա «Յարնիլա Երաբկովա» փառատոնին: Թատրոնը շատ է հրավերներ ստանում, պարզապես ֆինանսական հարցեր են ծագում, դժվար է գումար գտնել: Իսկ այս տարի «Միհրը» կկարողանա արտասահման մեկնել, քանի որ բոլոր ծախսերը հոգալու է հրավիրող կողմը: Խմբի անդամները լավատես են ու հավատում են, որ ամեն բան դեպի լավն է գնալու: Իսկ խմբի ղեկավար Ց. Գալստյանը ավագ սերնդի արվեստագետներից միայն մեկ բան է խնդրում. «Պետք չէ ասել, որ մենք մեր մասին մեծ կարծիքի ենք, բայց իրականում` շատ վատն ենք: Թողեք հավատանք, որ մենք լավն ենք, ուժեղ ենք ու տաղանդավոր ենք..»: