ՀՀ կառավարությունը երեկ ԱԺ քննարկմանն էր ներկայացրել «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» օրենքի նախագիծը: Օրինագծի կարեւորագույն տարրերից է գաղտնալսումների խնդիրը կարգավորող դրույթը: Գաղտնալսումը հնարավոր է երկու դեպքում՝ երբ խոսքը հանցագործության մասին է, որի համար նախատեսված է 5 եւ ավելի տարվա ազատազրկում, եւ երբ այլ մեթոդներով հնարավոր չէ տեղեկություններ ստանալ. «Նման բնույթի օպերատիվ հետախուզական աշխատանքը կիրականացվի միայն դատարանի սանկցիայով, բացառությամբ լուրջ սպառնալիքների, մասնավորապես` ահաբեկության կամ ատոմակայանի վրա հարձակման դեպքերի»,- ասել է ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Առաջարկվում է ստեղծել միասնական հատուկ ծառայություն, որը հեռախոսային գաղտնալսումներ իրականացնելու իրավունք կունենա: «Սա շատ դժվար վերահսկելի ոլորտ է, եւ բարդ է ստեղծել այնպիսի մեխանիզմներ, որոնք թույլ կտային կանխել հեռախոսային խոսակցությունների գաղտնալսում իրականացնելու տեխնիկական հնարավորություններ ունեցող կառույցների կողմից իրենց լիազորությունների չարաշահումը»,- նշել է նախարարն` առաջարկելով հատուկ մի ծառայություն ստեղծել, որը կսպասարկի օպերատիվ հետախուզական բոլոր ծառայությունների պատվերները: Ըստ այս օրինագծի` մեր հեռախոսազրույցները լսելու հայտեր կարող են ներկայացնել ԱԱԾ-ն, Ոստիկանությունը եւ ՀՀ Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայությունը: Հայաստանում հատկապես քաղաքական եւ բիզնես ոլորտի մարդիկ հեռախոսային զրույցներում փորձում են հնարավորինս զգույշ լինել, քանզի միշտ նկատի են ունենում, որ իրենց «ինչ-որ տեղ» լսում են: Մեզանում ոչ միայն «ականջ դնելը», այլեւ որեւէ «փակ», անձնական բնույթի ինֆորմացիա ստանալն այլեւս մեծ բարդություն չի ներկայացնում: Երեկ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ մերժել է նախագիծը: Ավելին` ՀՀ Ազգային անվտանգությունը շատ հաճախ, պետության անվտանգության հարցերը թողած` մարդկանց նեղ անձնական հարաբերությունների մեջ է մտնում: