«Այս սահմանադրությունն առանձնահատկություն ունի»

10/12/2006 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

Եթե ընդհանրացնելու լինենք, մեկ տարի առաջ տեղի ունեցածն իշխանության ներկայացուցիչները որակում են որպես «աննախադեպ հաջողություն», ընդդիմադիրները՝ «աննախադեպ չափերի հասնող կեղծիքներով խայտառակություն», իսկ տվյալ դեպքում այդ երկուսի մեջտեղում գտնվող ԱԺ պատգամավոր Շավարշ Քոչարյանն էլ գտնում է, որ 2005թ. հանրաքվեից հետո ունենք աննախադեպ հիասթափված հասարակություն, աննախադեպ ցածր վարկանիշ ունեցող ընդդիմություն եւ «հանրաքվեն կեղծած իշխանություն, որը նույն կեղծիքների իմիտացիայի թափով գնում է դեպի ընտրություններ»: Կարճ ասած՝ նախորդ տարի աննախադեպ ինչ-որ մի բան, այնուամենայնիվ, եղել է: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հերմինե Նաղդալյանն էլ է գտնում, որ «այս Սահմանադրությունն առանձնահատկություն ունի», իսկ այդ առանձնահատկությունն, ըստ նրա, գալիս է ոչ միայն դրա բովանդակային մասից, այլեւ ընդունումից: Չէ, չէ, հանկարծ չկարծեք, թե տիկին Նաղդալյանն էլ նկատի ունի աննախադեպ չափերի հասնող կեղծիքները, պարզապես նա պատմական վերլուծություն է կատարել ու եկել այն եզրակացության, որ մեր ունեցած բոլոր սահմանադրությունները միշտ ընդունվել են «պատմաքաղաքական եւ գաղափարախոսական ինչ-որ հանգամանքների բերումով»: Երեկ «Հայելի» ակումբում տիկին Նաղդալյանը կարծիք հայտնեց, թե մեր ունեցած բոլոր Սահմանադրություններն ընդունվել են «հինը մերժենք, նորը գրենք» սկզբունքով, մինչդեռ նախորդ տարի մշակված նախագիծը, նրա գնահատմամբ՝ «հինը», զարգացնելով ու կատարելագործելով է մշակվել: Ահա հենց սա նկատի ուներ Հ. Նաղդալյանը, երբ ասում էր, որ «այս Սահմանադրությունն առանձնահատկություն ունի», որը գալիս է նաեւ դրա ընդունումից: Նրա խոսքերից պարզ դարձավ նաեւ, որ սահմանադրական փոփոխությունների նպատակը եղել է քաղաքական համակարգը մեր տնտեսության վագրային թռիչքների հետեւից հասցնելը: «Առաջին Սահմանադրությունը տնտեսական հարաբերությունների վաղ ձեւ կայացնելու խնդիր ուներ: Անցավ մեկ տասնամյակ, տնտեսական հարաբերությունները առաջ գնացին, քաղաքական համակարգը մնաց հետեւում, եւ կարիք կար քաղաքական համակարգը հասցնել տնտեսական համակարգի ետեւից»,- հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավորը՝ հավելելով, թե այսօր մենք նաեւ դա ենք տեսնում ու ապագայում էլ շարունակելու ենք դրա ականատեսը լինել: Նրա խոսքերով՝ միայն այսօր արդեն նախընտրական շրջանում կուսակցությունների, քաղաքական կազմակերպությունների ակտիվությունը, «այս արժեքային ինչ-որ փոփոխությունը (լավ իմաստով), ցույց է տալիս, որ քաղաքական համակարգի փոփոխության ու լավ որակներ ձեռք բերելու գործում նույնպես Սահմանադրությունն իր դերակատարությունն է ունենում»: Թե վերջին մեկ տարում այդ արժեքային համակարգում հատկապես ի՞նչ փոփոխություն է եղել, այն էլ՝ «լավ իմաստով», տիկին Նաղդալյանը չմանրամասնեց: Սակայն փաստենք, որ եթե ինչ-որ փոփոխություն եղել էլ է, ապա դա այն է, որ քաղաքական կատեգորիան են դարձել տուկի թելը, կարտոֆիլը եւ բանջարաբոստանային այլ կուլտուրաները: Տիկին Նաղդալյանը գտնում է, որ այժմ գործող Սահմանադրությունը նոր հնարավորություններ է տալիս: Մասնավորապես խոսքը Սահմանադրական դատարան դիմելու հնարավորության մասին է: Այս տեսակետին էր նաեւ «Հայելի» ակումբի երեկվա մյուս հյուրը՝ Շ. Քոչարյանը: ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավորը նշեց նաեւ, թե էլ ինչ լավ կետեր կան փոփոխված Սահմանադրությունում ու ինչ վատ բաներ կային 1995-ին ընդունված Սահմանադրության մեջ: Շ. Քոչարյանը եւս մեկ անգամ հայտարարեց, թե, իհարկե, Սահմանադրական փոփոխությունները քայլ առաջ էին: Անտեղյակներին թող չթվա, թե Շ. Քոչարյանը հեչ էլ ընդդիմադիր չէ ու միայն իշխանություններին հաճելի բաներ է ասում: Պարոն Քոչարյանը երեկ հայտարարեց նաեւ, թե վերը նշված «քայլ առաջը» «կիսաքայլ» էր: Ըստ նրա, ունեցանք քայլ առաջ` Սահմանադրության բովանդակության տեսակետից, եւ երկու քայլ հետ` ընտրական գործընթացների նկատմամբ վստահության տեսակետից: «2005թ.-ին մենք կորցրեցինք փայլուն հնարավորություն` առանց ցնցումների որակական քայլ կատարելու դեպի իրավական պետության կայացում եւ թռիչքաձեւ զարգանալու»,- հայտարարեց Շ. Քոչարյանը՝ ավելացնելով, թե դրա համար անհրաժեշտ էր սահմանադրական փոփոխությունների հրապարակային քննարկում, սակայն իշխանության թեւից եղավ հոգուտ փոփոխությունների քարոզչություն՝ առանց էության մեջ խորանալու, իսկ ընդդիմության կողմից էլ՝ «սպիտակը սեւ ներկայացնելու քարոզչություն»: Իսկ Հ. Նաղդալյանը երեկ հիշեցրեց Բիսմարկի հետեւյալ խոսքերը. «Լավագույն օրենքներն անգամ, վատագույն չինովնիկների ձեռքին կարող են պատուհաս դառնալ, եւ եթե դու ընտրելու հնարավորություն ունես լավ օրենքի ու լավ չինովնիկի միջեւ, ընտրիր լավ չինովնիկին»: Շ. Քոչարյանն էլ կարծիք հայտնեց, թե վատ կլինի, եթե ընտրություններից առաջ իշխանական ուժերը համաձայնության գան, սակայն, ա՛յ, եթե ընդդիմությունը համաձայնության գա, ըստ Շ. Քոչարյանի, լավ վիճակում կլինենք: «Որովհետեւ իշխանականների համաձայնությունը նշանակում է համաձայնեցված կեղծումներ, իսկ ընդդիմության համաձայնությունը պետք է լինի ոչ թե մեխանիկական միացում, այլ գաղափարական միավորում»,- բացատրեց նա: Նկատենք, որ այսօր գործող Սահմանադրության մասին խոսելիս երեկվա բանախոսներն օգտագործում էին «նոր Սահմանադրություն» արտահայտությունը: Ընդհանրապես, 2005-ի հանրաքվեից հետո պատգամավորներից ու պաշտոնյաներից շատերն են իրենց խոսքերում օգտագործում «նոր Սահմանադրություն» կամ «հին Սահմանադրություն» արտահայտությունները: Իրականում 2005-ին ոչ թե ընդունվել է նոր Սահմանադրություն, այլ պարզապես փոփոխություններ են կատարվել գործող Սահմանադրության մեջ: Եթե այսօր գործող Սահմանադրությունն իրավական առումով իրոք լիներ «նոր Սահմանադրություն», դա իրավական առումով կստեղծեր նոր իրավիճակ, եւ, ասենք, ՀՀ գործող նախագահը կունենար երրորդ ու նույնիսկ չորրորդ անգամ այդ պաշտոնում անընդմեջ առաջադրվելու իրավունք: