Մարմնավաճառության մեծ չափերի հասնող խնդրի լուծման փոխարեն՝ պետությունը սեռական առեւտրով զբաղվող կանանցից պահանջում է ստվերում մնալ։ Եվ կանայք փորձում են չխախտել այդ չգրված օրենքը։ Իսկ սեռական առեւտուրը զարգանում է, եւ, թերեւս, միակ ոլորտն է, որ հանրապետության մասշտաբով է ծաղկում ապրում եւ ոչ թե միայն մայրաքաղաքում: Ավելին, հանրապետության մարզերից այդ ոլորտի «գործարարները» հայրենական «հումքի» մեծ պաշարներ են արտահանում: Մոտավորապես ո՞ւր եւ ինչպե՞ս: Այս հիվանդագին կենսակերպի զոհ կանայք ամենուր են: Եվ ցավալին այն է, որ հիվանդ է ոչ միայն մայրաքաղաքը, այլեւ՝ հանրապետության գյուղերն ու շրջանները: Սյունիքի մարզից մեր թղթակցի հետաքննությունը ներկայացնում ենք առանց մեկնաբանման եւ սրբագրման:
«Ինձ ով մամա Ռոզա ասի՝ մեջտեղից կճղեմ»,- ասաց Կ.-ն, որն իսկապես, շատ էլ չի նման մամա Ռոզայի: Վանաձորից է: Տարիներ առաջ տղայի հետ տեղափոխվեց Սյունիք. կյանքը վատ էր դասավորվել: Տղան հիմա ծառայում է բանակում, շուտով կվերադառնա: Հենց գա՝ Կ.-ն էս գործով չի զբաղվի: Հիմա ուղղակի ճար չունի: Ասում է՝ «Ինձ այստեղ հարգում են, ես կարողացել եմ իմը դնել ու հաստատել, եթե իմս չդնեի, հիմա մինուճար էրեխուս տռասի գ… էին սարքել»:
Կ.-ն մի փոքրիկ կրպակ ունի քաղաքի կենտրոնում, գիշերներն է աշխատում: Գնում է, Բագրատաշենից ապրանք է բերում, ապրանքը պարտքով տալիս է «կլիենտներին»: Կլիենտները աղջիկներն են ու աղջիկ ուզողները: Աղջիկները Կ.-ից են շոր-մորը առնում, տղամարդիկ էլ՝ ծխախոտն ու օղին: Կ.-ի մոտ գները մի քիչ թանկ են, բայց փոխարենը աղջիկների համար «գործ ա կպցնում», տղամարդկանց համար…. Կ.-ի օգուտն էնքան է, որ իր մոտից առեւտուր անեն: «Գործ կպցնելու համար» աղջիկները նրան չեն վճարում: Կ.-ի զահլեն արդեն գնացել է «գործ կպցնելուց»: Ինքը գնում-ապրանք է բերում, որ մի երկու կոպեկ աշխատի, «էդ բճերը նիսյա տանում-ամիսներով փողը չեն տալիս, ստիպված դրանց համար գործ եմ կպցնում, որ փողերս հավաքեմ: Լիքը փող ունեմ դրսերում, հավաքեմ թե չէ՝ սաղին սիքտիր եմ անելու, հես ա էրեխես բանակից գալիս ա»:
Կ.-ն ինձ այդ ամենը հենց այնպես չէր պատմում. ծանոթներիցս մեկը խնդրել էր, որ Կ.-ն ինձ համար էլ «գործ» դասավորի: Կ.-ն էնքան խղճով էր, որ լսելով իմ «պատմությունը»՝ նարկոման ամուսնու, Երեւանում կորցրած բնակարանի եւ վերադարձի ոչ մի տեղ չունենալու մասին, անմիջապես համաձայնեց ինձ համար էլ գործ դասավորել: «Ի՞նչ ես կարում անես» հարցից անակնկալի եկա. «Ի՞նչ ա պետք անել»: «Դե ընգած-հելած աղջիկ ես՝ կիմանաս ի՞նչ անես: Մինետ անո՞ւմ ես»: «Եսի՜մ»,- ուզում էի պատասխանս Կ.-ի սրտով լինի: «Եթե անում ես՝ արա, բայց եթե չես ուզում՝ ինչքան էլ ստիպեն՝ չանես: Պիտի կարենաս սկզբից քոնը դնես»: Համ էլ պարզվեց՝ «մինետը զապադլո ա», «կլիենտները գալիս-հարցնում են նախ՝ «մինետ անո՞ղ ա», եթե հա՝ կարող է հրաժարվեն: Պարսիկներին պիտի «չտաս», իմացան տվել ես՝ մատով չեն կպնի: Մի «փայը» 10.000 դրամ է, «լինում ա, 5000 կամ 7000 են տալիս, դե էդ էլ ա փող, ստեղ մեծ փողեր չեն ֆռում»: 22-ամյա Լ.-ն չի ասում՝ ինչպես է սկսել ու քանի տարի է այս գործով զբաղվում: Մենակ ասում է՝ «Խմել սիրո՞ւմ ես… դժվարը առաջին անգամն է, հետո սովորական է դառնում»: Ասում է՝ «երկու տարի «աշխատես», ստեղ կարաս միսենյականոց տուն առնես»: Լ.-ն մենակ է ապրում, 7000 դրամով տուն է վարձել, իմացավ, որ ապրելու տեղ չունեմ, ասաց՝ «սիրով քեզ իմ մոտ կպահեի, բայց տանտերերս հետեւիցս ընկած են, ինձ ուզում են տնից հանեն, չեմ կարա նոր մարդ տանեմ»: «Կլիենտներին» արդեն իր տուն չի տանում: «Դու էլ աշխատի չտանես,- ասում է,- թող էդ հարցը իրանք լուծեն»: Աղջիկների գործը գիշերն է հիմնականում, նրանց կամ «օբյեկտ» են տանում, կամ հյուրանոց: Ցերեկները նրանք հանգստանում են, ցերեկները նրանց ոչ ոք ոչ մի տեղ չի հրավիրում. «Մեկ-մեկ որ գժվում եմ, ցերեկները մեն-մենակ գնում եմ սրճարան, սուրճ եմ խմում»,- ասում է Լ.-ն: Մինչեւ հոկտեմբեր նա հույս ունի բնակարան գնել. «Էս խելքիս որ լինեի, շուտ առած կլինեի, շատ էի ծախսում, էս խելքիս որ լինեի, «ցելկաս» էլ փողով կտայի» մեկ ա, ամեն ինչ սուտ ա»: «Ցելկայի» համար սահմանված կոնկրետ գին չկա. «ինչքանով բարիշես», իրենցից ոչ մեկը «ցելկա» չի վաճառել, «ընգնելուց» հետո են ստիպված եղել այս գործով զբաղվել: Հենց առաջին վայրկյաններից աղջիկներն ինձ որպես անփորձ կոլեգայի ընդունեցին ու աշխատում էին ամեն ինչով օգտակար լինել: «Ստեղի միլիցիան անվնաս ա, մեկ-մեկ տեսնում են՝ գիշերները մենակ ենք տուն գնում, փողոցում կարող ա կանգնացնեն, ասեն՝ արի տուն հասցնենք, իրանցից կարաս չվախենաս, բայց միլպետի հետ գործ չունենաս, համ էլ աշխատի, ընդհանրապես, տեղացիների հետ գործ չունենաս, վայիս են, կարող ա քցեն, չամռվեն, գան տանդ դուռը ջարդեն. ի՞նչ կարաս անես, ո՞վ կպաշտպանի քեզ, առանց պրեզերվատիվի մոտ չթողես, կարող ա խմած լինեն, զոռեն, չհամաձայնվես»:
Կ.-ից բացի, այս փոքրիկ քաղաքում կա նաեւ Ա.-ն: Ա.-ի աղջկերքն ամեն «փայից» 3000 դրամ մուծվում են Ա.-ին: Ա.-ն հիմա Մոսկվայում է: Կ.-ն ասում է՝ զանգել-աղջիկներ է ուզել, ուզո՞ւմ ես քեզ ուղարկեմ: «Ասում է՝ Դուբայ էլ է ուղարկում, բայց Դուբայ խորհուրդ չեմ տա, էնտեղ գնացողը կամ դատարկ ա հետ գալիս, կամ էլ փաստաթղթերը ձեռքից առնում են ու ստրուկի նման հավերժ աշխատացնում»: Եթե համաձայնվեմ Մոսկվա գնալ, Ա.-ն այդ բոլոր ծախսերը կհոգա, այնտեղ հյուրանոցում կապրեմ, սկզբում մի քիչ դժվար կլինի, դե, Մոսկվան ուրիշ քաղաք է, պետք կլինի նորմալ հագուկապ էլ ունենալ, Ա.-ն էդ բոլորը կանի, հետո ես կաշխատեմ՝ կփակվեմ: «Երեխա չունես, չէ՞, էդ լավ է,- բարի մոր նման ասում է Կ.-ն,- մենք Ա.-ին կասենք՝ երկու երեխա ունես, էնտեղ ինչ աշխատես, Ա.-ի փայը իրան կտաս, քո փողերը կհավաքես, կամ կուղարկես՝ ես կհավաքեմ, քեզ երբ պետք լինի՝ կվերցնես, հետո, երբ էնքան փող հավաքվի, որ կարենանք էստեղ մի տուն առնենք, էդ էլ ես կանեմ, դու կզանգես-կասես՝ մի հատ լավ տուն գտի, էդ էլ եմ իմ վրա վերցնում, տունը կառնեմ, որ հետ գալուց իմանաս՝ ուր ես գնում, ինձ էլ, եթե մտքովդ անցնի լավություն անել՝ կանես, եթե չանցնի՝ աստված քո հետ, էնքան մարդու եմ սենց լավություն արել, ես գիտեմ՝ էս ինչ դաժան ճանապարհ ա: Էրեխեքիդ ամիսը 100-150 դոլար փող պիտի ուղարկես, էդ փողը քո աշխատած մնացած փողերի հետ կապ չունի, էդ պարտավոր ես անել, Ա.-ն չի իմանա՝ երեխա չունես՝ էդ փողն էլ առանձին կտա՝ կուղարկեք, էդ էլ կհավաքեմ, էրեխեքի անունով շոր-մոր կառնես, էկող-գնացողի հետ կուղարկես, կծախեմ, դրա փողն էլ կդնեմ մնացած փողերիդ վրա»:
Բայց առայժմ, քանի դեռ Մոսկվան հաստատ չի ու ինձ ապրել է պետք, Կ.-ն ծանոթներին հանձնարարում է ինձ համար վարձով բնակարան փնտրել: «Իմ տուն կտանեի մի որոշ ժամանակ մինչեւ գործերդ լավանար, բայց տղաս հես ա բանակից գալիս ա: Համ էլ արդեն հոգնել եմ, քո նման քանիսին եմ պահել, գիտե՞ս, ի՜նչ օյիններ են գլխիս դրել…»: «Ամենաշատը աղջկա գողությունից ու ստախոսությունից եմ զզվում,- բացվեց Կ.-ն,- ավելի լավ ա աղջիկը «չեստնի դավալկա» ըլնի, քան գողանա ու խաբի»: Նա այնքան անկեղծ էր ասում, որ քիչ էր մնում գետինը մտնեի՝ ամենավատը երեւի ես էի Կ.-ին խաբում: Մեր հանդիպումը կեսգիշերին էր, Կ.-ի կրպակում, զրույցը կցկտուր էր, որովհետեւ անընդհատ կլիենտներ էին մտնում-դուրս գալիս, իսկ աղջիկները բոլորը «գործի» էին: «Բա էս մեր սիրուն քուրն ո՞վ ա»,- հարցնում էին: Եթե Կ.-ն «կլիենտին» չէր վստահում, ասում էր՝ «քեռուս թոռն ա»: «Քեռու թոռանն էս ժամին էստեղ կբերե՞ն»: Բայց Կ.-ի «դուխն ու ավտարիտետն» էնքան էր, որ քեռու թոռան մասին հարցուփորձն այդքանով ավարտվում էր, եթե մի քիչ երկարում էր՝ Կ.-ն դուրս էր հրավիրում նրանց՝ «մի երկու բան ասելու», ու վերադառնում էր մենակ: «Ես էդ սեքսի հետ տակից էլ էդքան սեր չեմ ունեցել,- պատմում էր Կ.-ն,- բայց որ պետք ա եղել…»: Չնայած՝ որ չի ուզեցել՝ չի արել. «Որ սեքսի հավես վաբշե չէի ունենում, գնում ուտում-խմում ու թռնում էի, անունս Դինամո էին դրել, ասում էին՝ աղչի Դինամո, քեզ մի օր մի տեղ կսատկացնեն, բայց, էդ էլ ասեմ, ինձ հարգում էին»:
Եղան նաեւ հաճախորդներ, որոնց Կ.-ն վստահում էր՝ «պարապ նստած ես, հենց էսօր էլ կարաս փող աշխատես, աչքդ չի հանի, գոնե հյուրանոցիդ վարձը կտաս», բայց… Առաջին վստահելի հաճախորդին Կ.-ն հիասթափեցրեց. «Հա նոր ա, լավ աղջիկ ա, բայց էսօր չի կարա՝ «դաշտը քըխ ա»: Մնացած հաճախորդների համար շարունակեցի մնալ «քեռանց թոռը»: Կ.-ն այնքան անկեղծ էր մտահոգվել իմ ճակատագրով, որ ինձ երբեմն-երբեմն հուզում էր. «Իսկ չի՞ լինի՝ ես քեզ պսակեմ, մի լավ տղա ճարեմ՝ ամուսնացած-բաժանված թող լինի, ի՞նչ կա որ, գնա քո համար ապրի, տղամարդու պատասխանատվություն ունե՞ս, կարաս մարդ յոլա տանես»: Բայց մինչ այդ ես պետք է «գոյությունս պաշտպանեի» այդ անծանոթ քաղաքում: «Այ, որ մի մասնագիտություն ունենայի՜ր…»: «Դասատու եմ»,- առաջինը դա եկավ լեզվիս ծայրին: «Դե ֆսյո,- Կ.-ի ուրախությանը համարյա չափ չկար,- ես մի լավ ծանոթ ունեմ ժողկրթբաժնում, կդասավորենք՝ ցերեկները մի երկու ժամ դպրոց կգնաս, գիշերները «ծիխարի» քո գործը կանես, որ ոչ մի շուն ավել-պակաս վրեդ չհաչա»: Ես տարակուսած ասում եմ՝ ախր, բա էդ դպրոցների օպտիմալացումը-բանը… «Քու գործը չի, էդ էլ իմ վրա… Քո համար հանգիստ կաշխատես, երկու տարուց տուն կառնես, տունը որ ըլնի՝ ամուսնանալը հեշտ ա, հետո էլ, որ մարդդ դուրդ չգա՝ քացով կտաս քամակին՝ սիքտիր կանես, ու էլի քո համար հանգիստ կապրես»…
Մնում է՝ ես գամ Երեւան, ինչքան «դակումենտ» ունեմ՝ հավաքեմ-գնամ, որ պետք եկած ժամանակ՝ ում աչքն ուզենամ՝ խոթեմ…