Եթե մի փոքր ուշադրություն դարձնենք հայաստանյան գովազդներին (հատկապես այն գովազդներին, որտեղ լոտոյի «հաբռգած» տերերը մարդկանց ստիպում են ստորանալ, եւ տեսախցիկի առջեւ անպայման ցուցադրել եւ պատմել իրենց շահումների մասին), ապա առանց վայրկյան իսկ մտածելու, կարելի է ամենայն հանգստությամբ ասել, որ վերջին տասը տարիներին հայերի ամենասիրած խաղը լոտոն է: Ինչը եւս մեկ անգամ ապացուցում է, որ մեր ազգաբնակչության մակարդակն այնքան է ընկել, որ նրան կարելի է խաբել անգամ «բութ մատի մասին» հայտնի մանկական ֆոկուսով:
Անչափ լավատես լինելով, այնուամենայնիվ, չեմ մոռացել լոտոյի մասին խորհրդային մի հայտնի ֆրազ. «հ չՏրցՊՈՐրՑՉՏՎ Չ ՈջՈՐՑվօպ ՌչՐօ վպ ՌչՐՈ՚Ց»: Սակայն այսօր խոսքս լոտոների կամ կազինոների մասին չէ: Մի քանի ամսից համապետական ընտրություններ են: Իսկ դա նշանակում է, որ հայերն ազգովի քաղաքականություն են խաղալու: Ավելի ճիշտ՝ խաղը վաղուց սկսված է: Պարզապես այս պահին յուրաքանչյուրը խաղում է իր կանոններով: Սա իր հերթին նշանակում է, որ մենք հերթական «բարդակի» ականատեսն ենք լինելու, որովհետեւ այս տարվա խաղերում «դաղալներ» շատ-շատ են լինելու: Ընդ որում, եթե մինչ օրս դաղալությունն ուներ տեղային բնույթ, երեկ պարզվեց, որ այս անգամ աշխարհաքաղաքական ուժերի նկատմամբ դաղալությունն արդեն սկսվել է: Փաստորեն, այն պահին, երբ ՌԴ-ում Արթուր Բաղդասարյանը մի երկու րոպեով շփվում էր այդ երկրի որոշ պաշտոնյաների հետ, բնականաբար, հավաստիացնելով վերջիններիս, որ Հայաստանն առանց Ռուսաստանի ինքը երբեք չի պատկերացրել եւ, որ աշխարհի բոլոր Բերեզովսկիներից ինքը միայն Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին դարպասապահին է ճանաչում, հենց այդ պահին, ինչպես նշում է «Հայկական ժամանակը», ավստրիական «Standard» թերթում տպագրվում է Արթուր Բաղդասարյանի հարցազրույցը, որտեղ նա տրամագծորեն հակառակ մտքերն է արտահայտել: Եվ քանի որ աշխարհաքաղաքական ուժերը, ի տարբերություն ներքաղաքական ուժերի, նման դաղալություններ չեն ներում, ապա չի բացառվում, որ շատ շուտով Ա. Բաղդասարյանը կրկին ստիպված լինի մեկնել Ռուսաստան՝ բացատրություններ տալու:
Դաշնակներն իրենց հերթին սկսեցին խաղեր տալ օրհներգի շուրջ՝ իրենց «սութի» սկզբունքայինի տեղ դնելով: Բայց բոլորին էլ պարզ է, որ դաշնակները վաղուց արդեն մնացել են սոցիալիստականի եւ ազգայինի, խոստումների եւ իրականության արանքում:
ՀՀՇ-ի բոլոր թեւերն այդպես էլ նոր խաղ չսովորեցին: Նրանք իրենց բոլոր խաղերը կապում են Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ: Միգուցե սխալվում եմ, սակայն կարծում եմ, որ չի կարելի մի խաղ սկսել, որում ի սկզբանե պարտված ես: Եվ ամենեւին ոչ այն պատճառով, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը կարող է պարտվել, այլ այն պատճառով, որ այդ մարդն այլեւս քաղաքականություն չի վերադառնալու, ինչը նա բազմիցս բոլորին հասկացրել է:
Հանրապետականն ուզում է, բնականաբար, վերջին տարիների պես բոլոր «կոզրներն» իր ձեռքում պահել: Ինչի համար եւ փաստորեն հուլիսի 22-ին դառնալով «մոնստր»-կուսակցություն` փորձեց բոլորին հասկացնել, որ հաջորդ «տորթից» էլ է առնվազն այդքան փայ ուզում, որքան հիմա ունի: Բայց այս խաղի հետ համաձայն չեն ոչ միայն վերոնշյալ կուսակցությունները, այլեւ, առաջին հերթին, «Բարգավաճ Հայաստանը», որը խաղում է բոլորովին նոր օրենքներով եւ, որ ամենակարեւորն է՝ բոլորովին նոր խաղադրույքներով:
Շատ հետաքրքիր խաղեր են սկսել տալ բազմաթիվ քաղաքացիական անհնազանդություններն ու նախաձեռնությունները, հակակրիմինալներն ու արաաբրահամյանները: Եվ եթե ուշադրություն եք դարձրել, մամուլում տարբեր առիթներով նշվել է, որ փաստորեն վերջին նորաստեղծ կազմակերպությունները բոլորն էլ ունեն ռուսաստանյան «պադդերժկա» (բացի «Այլընտրանքից»): Ստացվում է, որ աշխարհաքաղաքական ուժերից առայժմ միայն ռուսներն են խաղեր տալիս:
Այս ֆոնի վրա շատ պասիվ են մինչ այժմ անգամ դեսպան չունեցող ամերիկացիները, որոնց որքան էլ ավելի շատ հետաքրքրի տարածաշրջանում կայունությունը, այնուամենայնիվ մարդիկ հայտարարել են, որ պատրաստվում են մեր ընտրություններում ծախսել առնվազն վեց միլիոն դոլար:
Եվ այստեղ մեր քաղաքական կուսակցությունները պետք է հասկանան, որ, ինչպես եւ ցանկացած խաղում՝ կարեւորը վերջնական արդյունքն է: Այսինքն` կարելի է հաղթել երկու սեթում, սակայն պարտիան, այնուամենայնիվ, տանուլ տալ: Այսինքն՝ կարեւոր են ամենօրյա մարզումները, ճիշտ ստարտը, թիմի բոլոր անդամների լավ մարզավիճակում գտնվելու փաստը եւ այլ մեծ ու փոքր պայմաններ:
Իսկ ես լավատես եմ եւ համոզված եմ, որ ամեն ինչ լավ է լինելու, որովհետեւ, որ մենք օլիմպիական խաղերի չեմպիոն թագավոր ունեինք, «էսօրվա» աշխարհաքաղաքական ուժերը ոչ միայն աշխարհաքաղաքական չէին, այլ իսկի քարտեզի վրա իրենց տեղն իրենք էլ չգիտեին: Այնպես որ, եթե այսպես շարունակվի` մենք անգամ ֆուտբոլ խաղալ կսովորենք: