Հանրային հեռուստառադիոընկերության կողմից նկարահանվող «Մի՛ վախեցիր» ֆիլմը, որը նվիրված է Հայաստանի անկախության հռչակման եւ բանակի ձեւավորման 15-ամյակին, պատրաստ կլինի հունվար-փետրվար ամիսներին: «Ֆիլմը մի պատմություն է երեւանցի տղայի մասին, որը հանգամանքների բերումով հայտնվում է Ղարաբաղում եւ պարզ զինվորից դառնում է մինչեւ հրամանատար: Ֆիլմում ներկայացված են նաեւ այն իրադարձությունները, որ այդ ժամանակ տեղի էին ունենում Երեւանում ու պատերազմի դաշտում»,- երեկ ասաց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը: Ֆիլմում հայտնի դերասաններ չեն լինելու: Գլխավոր հերոսների դերում հանդես կգան Խորեն Աբրահամյանի թոռը՝ Խորեն Լեւոնյանը եւ Լուսինե Թովմասյանը: Ֆիլմի բյուջեն, ըստ Ա. Հարությունյանի, կազմում է մոտ կես մլն դոլար: