«168 Ժամ» թերթին կից գործող «Պրեսսինգ» ակումբի վերջին երկու քննարկումները նվիրված էին Հայաստանի համար խիստ կարեւոր մի թեմայի` Հայաստանի PR-ին: Քննարկումների մասին նյութերի տպագրումից հետո «168 Ժամը» բազմաթիվ հեռախոսազանգեր ստացավ. ընթերցողներին հետաքրքրում էր, թե ի՞նչ է PR-ը: PR (public relations) անգլերենից թարգմանաբար նշանակում է` հասարակության հետ կապեր: PR-ը եւ գովազդը ցանկացած ապրանքի, երեւույթի, քաղաքական ուժի, ընկերության, պետության ներկայացման ամենաճանաչված եւ արդյունավետ մեթոդներ են:
PR-ը նպատակ ունի դրական եւ մրցունակ իմիջ ստեղծել, ինչպես նաեւ` վերականգնել տվյալ սուբյեկտի հեղինակությունը: Ո՞վ պետք է իրականացնի Հայաստանի PR-ը եւ ի՞նչ գործիքներով: Սրանք այն հիմնական հարցերն էին, որոնց փորձում էին պատասխաններ տալ ու իրենց առաջարկությունները ներկայացնել ինչպես քաղաքական գործիչներն ու գործարարներն, այնպես էլ մասնագետներն ու լրատվամիջոցների ներկայացուցիչները:
Բանախոսներից շատերն այն համոզմունքն ունեին, որ Հայաստանի PR-ը պետք է իրականացնի պետության կողմից ստեղծված եւ պետության կողմից ֆինանսավորվող հատուկ մի կառույց: Վերջինս պետք է լինի անկախ, չկուսակցականացված մարմին (իհարկե, հարաբերականորեն, քանզի հակառակը Հայաստանում պարզապես անիրատեսական է): Այդ կառույցը պետք է լինի մասնագիտական, պետք է հստակ պայմաններ սահմանվեն դրա աշխատողների նկատմամբ, նրանց մասնագիտությունը պետք է լինի PR-ը, իսկ առաջնահերթությունը պետք է տրվի արեւմտյան երկրներում սովորած կամ վերապատրաստում անցած մասնագետներին:
Ի՞նչ պետք է անի այս «X» կառույցը: Ուղղակի PR-ով այն չի կարող զբաղվել, եւ պետք էլ չէ, որ զբաղվի: Առաջին հերթին, կառույցի մասնագետները համապատասխան օրենքի նախագիծ են ներկայացնելու ԱԺ: Օրինագծում պետք է հստակորեն ներկայացված լինեն բոլոր այն պահանջները, որոնք դրվելու են Հայաստանի PR-ով զբաղվող սուբյեկտների առջեւ` ՀՀ իշխանություններ, քաղաքացիներ, գործարարներ, հասարակական կազմակերպություններ, դեսպանություններ, լրատվամիջոցներ եւ հնարավորության դեպքում` նաեւ Սփյուռք: Բերենք կոնկրետ մի օրինակ: Ուզենք թե չուզենք, պետական բյուջեից ֆինանսավորվող Հանրային հեռուստաընկերությունը Հայաստանի PR-ն իրականացնող ամենամեծ սուբյեկտներից մեկն է, որն այսօր, մեղմ ասած, իր գործն այդքան էլ լավ չի կատարում: «X» կառույցը հստակ պահանջներ կարող է ներկայացնել Հ1-ին (հատկապես, վերջինիս արբանյակային հեռարձակմանը) եւ հետեւողական լինել դրանց կատարմանը: «Պրեսսինգի» վերջին քննարկման ժամանակ մեծ հավանության արժանացավ այն առաջարկը, որ Հ1-ը կարող է պետպատվերի շրջանակներում (թեկուզ վճարովի հիմունքներով) հաղորդաշար պատրաստել հայաստանյան տնտեսության, արդյունաբերության, ծառայությունների ոլորտի, գյուղատնտեսության, մշակույթի վերաբերյալ:
Բնականաբար, Հայաստանի PR-ը պետք է հետապնդի գերագույն նպատակ` Հայաստանի նկատմամբ դրական իմիջի ձեւավորում աշխարհում` միեւնույն ժամանակ, շատ չհեռանալով իրականությունից: Դրական իմիջը մեզ անհրաժեշտ է ինչպես ազգային անվտանգության, այնպես էլ ներդրումների ներգրավման եւ տնտեսության կայուն զարգացման համար: Քննարկումների ժամանակ տարբեր բանախոսներ առաջարկեցին հետաքրքիր եւ յուրօրինակ բրենդներ, որոնցով Հայաստանը կարող է ներկայանալ աշխարհին: Արեւմտյան եւ արեւելյան քաղաքակրթությունների խաչմերուկ, հայ մասնագետների բարձր մտավոր մակարդակ եւ այլ առաջարկներ հնչեցին եւ հիմնավորվեցին «Պրեսսինգի» քննարկումների մասնակիցների կողմից:
Սակայն, քաղաքական գործոններից զատ` հնարավոր է նաեւ տնտեսական բրենդների միջոցով ձեւավորել Հայաստանի իմիջը: Հայ գործարարները հոռետեսորեն են նայում այս ամենին, քանզի պետության կողմից արտադրողին խթանելու մեխանիզմը Հայաստանում լավ չի աշխատում: Միանգամայն ճիշտ է, սակայն արտադրողներն էլ իրենց հերթին կարող են միավորվել եւ զբաղվել լոբբինգով, ինչպես անում են աշխարհի տարբեր երկրներում: Մեր արտադրողը պասիվ է, իսկ պետությունն էլ չարաշահում է այդ պասիվությունը: «X» կառույցը կկարողանա հայ արտադրողին ակտիվացնել ընդդեմ պետության, հանուն ընդհանուր շահերի, որոնք այսօր պետությունն այդքան էլ չի գիտակցում:
Ամենակարեւոր «գործիքը», որ Հայաստանն ունի, Սփյուռքն է: Սակայն, այդ գործիքն այսօր ընդամենը մի սուր ծայր ունի` Ցեղասպանություն: Դժվար է համաձայնել այն տեսակետի հետ, թե Սփյուռքին անհրաժեշտ է համոզել, որպեսզի Հայաստանի ներդրումային մթնոլորտը քարոզի: Եթե ՀՀ-ում բիզնես հիմնելը բարենպաստ եւ եկամտաբեր լիներ ու կապված չլիներ բյուրոկրատական մեխանիզմի հետ, ապա Սփյուռքին համոզելու կարիք չէր լինի. սփյուռքահայերը համոզված ձեւով կապիտալ կբերեին Հայաստան: Հետեւաբար, Սփյուռքին պետք է ոչ թե համոզել, այլ պարզապես ցույց տալ այն, ինչ ունենք: Իսկ դրա համար անհրաժեշտ է օտարերկրյա ներդրողների եւ տեղական խոշոր գործարարների համար հավասար պայմաններ ապահովել:
Ինչ վերաբերում է նրան, թե ինչ միջոցներով ենք Հայաստանը ներկայացնում աշխարհին, ապա կարելի է հակափաստարկներ բերել այն տեսակետին, թե միայն Ցեղասպանության, երկրաշարժի, «հոկտեմբերի 27»-ի, կամ Սոչիի ավիավթարի միջոցով ենք հայտնվում համաշխարհային գլոբալ տեղեկատվական ցանցում: Օրինակ, նոյեմբերի 8-ին «Գազպրոմի» փոխնախագահը «The Times» թերթին տված հարցազրույցում նշել էր, որ «Գազպրոմը» մտադիր է Հայաստանի միջոցով գազն արտահանել Արեւմտյան Եվրոպա, Հնդկաստան եւ Պակիստան: Անկախ Ռուսաստանից կախվածության բացասական հետեւանքներից` այս միտքը Հայաստանի համար շատ լավ PR ակցիա կարող է լինել, քանզի ամբողջ աշխարհն այսօր խոսում է «Գազպրոմ»-Եվրոպա ճանապարհների մասին: Սակայն մենք` հայերս, անուշադրության մատնեցինք ընկերության փոխնախագահի հայտարարությունը. հայկական լրատվամիջոցներն այն ընդամենը մեկ օր շահարկեցին: Այսինքն, մենք նաեւ ունենք կարեւորը երկրորդականից տարանջատելու խնդիր, որով էլ կարող է զբաղվել «X» կառույցը:
Եվս մեկ դրական երեւույթ, որը տեղի է ունենալու փետրվարին` բրազիլական կառնավալը, որին մասնակցող դպրոցներից մեկը, որպես սցենարի մի մաս, ներկայացնելու է Հայաստանը` Արարատով, եռագույնով եւ այլն: Որոշ հասարակական ու քաղաքական գործիչներ կքննադատեն այն փաստը, որ Հայաստանը ներկայանալու է կիսամերկ կանանց ու տղամարդկանց պարերի ներքո: Իսկ ինչո՞ւ ոչ: Թող ամբողջ աշխարհը տեսնի, որ Հայաստանը ոչ միայն լաց է լինում, այլեւ պարում է: Միայն թե ճիշտ «պարեցնող», ճիշտ պարեր ու կանոնակարգված «պարաքայլեր» են անհրաժեշտ: