Ինչու հայերն օրինապաշտ չեն

07/05/2005 Արմեն ՔՈՉԱՐՅԱՆ

Ամեն անգամ, երբ հայերը սկսում են քննարկել այս հարցը, միշտ հանգում են ժողովրդական նույն ասացվածքին՝ «Ձուկը գլխից է հոտում»: Սակայն այս հարցում, կարծում եմ, որ «պոչն» էլ չի տառապում առանձնակի օրինապաշտությամբ: Ես հասկանում եմ, որ այսօր մարդիկ չեն ենթարկվում ոչ գրված, ոչ չգրված օրենքներին: Որովհետեւ, երբ «երեւանցին» փողոցում թքում է գետնին, կամ երիտասարդի տեսքով մի կենդանի, իր ոչ պակաս «կենդանի» ծնողի մեքենայով, գիշերվա 12-ին շենքի բակում ընկերոջը դուրս է հրավիրում ձայնային ազդանշանով, կամ «Վիագրային» սիրահարված, աչքերի անիմաստ արտահայտությամբ մի աղջիկ տրանսպորտում (երթուղային տաքսիում, քանի որ ուրիշ տրանսպորտ Երեւանում այլեւս չկա) տեղը չի զիջում մեծահասակին, նրանք կարծես ոչ մի օրենք էլ չեն խախտում: Բայց ամեն ինչ հենց այդտեղից էլ սկսվում է: Այս իրավիճակը, երբ մարդ, առաջին հերթին, չունի ներքին օրենսդրական կոդեքս, այսինքն՝ մի սահման, որից այն կողմ չի կարելի անցնել, ես կոչում եմ հայկական անարխիա:

Երբ կոմունիստներին կամ ՀՀՇ-ականներին ասում են, որ կաշառակերությունը կամ ամենաթողությունն իրենց ժամանակ էլ կային, նրանք չեն հրաժարվում, բայց ասում են, որ իրենց ժամանակ այս չափերի չէր հասել: Եկեք փորձենք հասկանալ այդ արտահայտության իմաստը: Նրանք քիչ էին գռփում, քիչ էին գողանում, սափրագլուխների փոխարեն՝ աշխատում էր ոստիկանությունը, եւ այլն: Այսինքն՝ իրենք էլ էին գող, խուլիգան, կաշառակեր, բայց ավելի փոքր տրամաչափի: Երբ այսօրվա նախարար-չինովնիկներն արդարացնում են իրենց կոստյումներն ու հյուրանոցները, ջիփերն ու ամառանոցները, այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ նրանք ուզում են լրագրողին պատասխան հարցով դիմել. «Ի՞նչ ես քեզ հիմարի տեղ դնում, չգիտե՞ս՝ որտեղից այդ ամենը»: Խորհրդային ժամանակաշրջանում «լավ ապրած» հայերը երանությամբ են հիշում այն ժամանակները, երբ «լույս էին գողանում» կամ «ցեմենտ էին ուտում», փողով կուսակցություն էին ընդունվում, որ հետո լավ գործի կարողանան անցնել: Վերջերս մի նոր մոդայիկ բառ է մտել մեր բառապաշար՝ լոբբինգ: Այս բառի իմաստն իրականում այն է, որ եթե ինչ-որ մեկին ինչ-որ օրենք դուր չի գալիս, ապա նա օրենսդիր մարմիններում ամեն ինչ անում է, որ այդ օրենքն իրեն հարմարեցնի: Օրինակ՝ եթե չի կարելի փողոցի մեջտեղում առանձնատուն կառուցել, ապա օրենքով պետք է ամրագրել, որ դա արդեն փողոց չէ, այլ սեփականաշնորհված տնամերձ տարածք: Եվ որպեսզի օրենքն իրավական ուժ ստանա, որպես ապացույց պետք է բերել 1882-ի Երեւանի հատակագիծը, որտեղ այդ հատվածն իրոք փողոց չի եղել: Իսկ Երեւանի գլխավոր կամ անգլուխ ճարտարապետը մի քանի հեռուստատեսային ելույթում դա կհաստատի: Իսկ հիմա ամենահետաքրքիր դիտարկումն արդի կաշառակերության վերաբերյալ: Այսօր բոլոր պետական օղակներում՝ լինի դա ռեգիստր թե կադաստր, Հարկային տեսչություն թե թաղապետարան, նախարարություն թե դատարան, «փող են աշխատում»՝ օգտվելով քաղաքացիների օրենսդրական անգրագիտությունից: Իրականում նրանցից շատերն անգրագետ, կամ լավագույն դեպքում, կիսագրագետ են: Սակայն դա նրանց չի խանգարում դեմքի հայրենասիրական արտահայտությամբ խոսել օրենքի անունից եւ ամոթանք տալ դիմացինին՝ օրենքը խախտելու համար: Իհարկե, ընդամենը մի քանի րոպեում այդ խախտումը կարող է դադարել խախտում լինելուց, եթե Դուք ծանոթ եք չտպված, բայց բոլորին հայտնի գնացուցակին: Այս պահին ես ուզում եմ ինքս ինձ հակասել եւ ապացուցել, որ մենք օրինապաշտ ազգ ենք, որովհետեւ դժվար թե Միացյալ Նահանգներ տեղափոխված մեր հայրենակիցը փորձի ծխախոտի մնացորդը գցել հատակին կամ աղմկել գիշերվա ժամերին, կամ…, կամ…, կամ…(խոսքս, իհարկե, այն թափթփուկների մասին չէ, որոնք, անկախ ազգությունից, կան ամեն տեղ): Այսինքն՝ կարողանում ենք, եթե ուզում ենք կամ ստիպում են: Հետեւաբար, որպեսզի հերթական անգամ ուրիշները մեզ չստիպեն, այն էլ մեր երկրում, ավելի լավ է՝ մենք ինքներս ուզենանք: