Մի քանի օր առաջ կազմակերպություններից մեկը սոցիոլոգիական հետազոտություն էր անցկացրել եւ պարզել, որ այս պահի դրությամբ կուսակցությունների մեջ ամենաբարձր վարկանիշն ունի «Բարգավաճ Հայաստանը» (22%), իսկ մյուս կուսակցությունների վարկանիշները չեն գերազանցում 5%-ը։ Ընտրությունները մոտենում են, եւ նման հետազոտությունների հաճախականությունը շուտով կտրուկ կավելանա։ Հասկանալի է` արդյունքները նույնպես տրամագծորեն տարբեր կլինեն։ Բայց եզրակացությունը կլինի նույնը. մեր ժողովուրդը գաղափարախոսությունների նկատմամբ անտարբեր է եւ «նաղդը թողած` նիսյայի ետեւից չի ընկնում»։
Արդյո՞ք դա այդպես է։ Իհարկե, կարելի է ամեն ինչ բացատրել մեր ժողովրդի պրագմատիկ մտածողությամբ` «հայերը միշտ էլ այդպես են վարվում»։ Ասենք, ծանր վիճակում գտնվող երկրի քաղաքացին երկու հնարավորություն ունի. պայքարել եւ երկիրը դուրս բերել այդ վիճակից (դա կարող է տասնամյակներ տեւել) կամ գնալ որեւէ «պատրաստի» զարգացած երկիր։ Մերոնցից շատերը երկրորդ տարբերակն են նախընտրում։ Նույնն էլ տեղի է ունենում ներքաղաքական կյանքում։ Ընդդիմությունը խոստանում է կառուցել այնպիսի երկիր, որտեղ բոլորը կարտոֆիլ կունենան (սա կարող է տասնամյակներ տեւել), իսկ իշխանությունները «նաղդ» տալիս են այդ կարտոֆիլը։ Այս իրավիճակն, իհարկե, առավել տհաճ է ընդդիմության համար (եթե պայքարն ընթանար գաղափարական դաշտում, իշխանությունների եւ ընդդիմության շանսերը հավասար կլինեին), բայց հարց է ծագում` իսկ ո՞վ է մեղավոր, որ հասարակությունը գաղափարախոսությունների նկատմամբ անտարբեր է։
Բերենք միայն մի օրինակ։ Ամեն անգամ, երբ խոսք է գնում նախկին իշխանությունների մասին, հասարակության մի զգալի մասն իսկույն հայտարարում է, թե «թույլ չենք տա նրանց վերադարձը, որովհետեւ չենք մոռացել մթի եւ ցրտի տարիները»։ Փաստորեն ստացվում է, որ հասարակության մի զգալի մասը մերժում է քաղաքական մի հոսանքի վերադարձը միայն այն պատճառով, որ 12-13 տարի առաջ ադրբեջանցիներն օրումեջ պայթեցնում էին գազամուղը։ Արդարացի է այս դիտարկումը, թե ոչ` այս պահին մեր քննարկման թեման չէ։ Էականն այն է, որ հստակ գաղափարախոսություն ունեցող ուժը մերժվում է ամենեւին էլ ոչ գաղափարական հիմնավորումներով։ Իսկ որեւէ գաղափարախոսությունից զուրկ այդ «սոցիալական բունտի» դրոշակակիրներն այսօր եւ՛ իշխանության մեջ են, եւ՛ ընդդիմության շարքերում։ Հիմա ումի՞ց են նեղանում, որ ներքաղաքական պայքարը գաղափարական հարթությունում չէ։ Կամ ինչո՞ւ պիտի պայքարը գաղափարական լիներ, եթե, օրինակ, աջ-ազատական ԱԺՄ-ն ու սոցիալիստական ուժերը համատեղ պայքարում են աջ-ազատական ՀՀԿ-ի ու սոցիալիստական ՀՅԴ-ի կոալիցիայի դեմ։ Ու դեռ նեղանում են, որ ամենաբարձր վարկանիշն ունեցող կուսակցություններից մեկն ընդհանրապես որեւէ գաղափարախոսություն չունի։
Ըստ էության, խնդիրն ավելի խորն է։ Խորհրդային 70 տարիների ընթացքում մեր ժողովուրդը հիմնավոր իմունիտետ է ձեռք բերել ցանկացած գաղափարախոսության նկատմամբ, եւ այդ իներցիան շարունակվում է։ Հիշո՞ւմ եք, գրեթե բոլորը երազում էին մեծանալ ու դառնալ կամ դատախազ, կամ «միլիցա», բայց շարադրություններում անպայման գրում էին, որ երազում են դառնակ բժիշկ կամ օդաչու եւ ծառայել իրենց սոցիալիստական հայրենիքին։ Հիմա այդ իներցիան շարունակվում է։ Ցանկացած նորմալ մարդ երազում է ապրել իրավական երկրում, ունենալ կայուն աշխատանք եւ տեւական խաղաղություն։ Բայց երբ բարձրաձայն հարցնում ես, անպայման ասում է, որ իր թիվ մեկ երազանքը Մուշն ու Վանը վերադարձնելն է, իսկ եթե Սասունն էլ ստացվի` երջանկությունը լիակատար կլինի։ Այլ կերպ ասած, հասարակության իրական ձգտումների եւ «գաղափարախոսության» միջեւ լրջագույն հակասություն կա։
Հակասություն կա նաեւ հասարակության արժեքային համակարգի եւ պետության ապագայի նկատմամբ նույն հասարակության պատկերացումների միջեւ։ Ամբողջ պրոբլեմն այն է, որ մեր հասարակության գերակշիռ մասի մտածողությունն արեւելյան է (ինչն, ի դեպ, ամենեւին էլ վատ բան չէ), բայց պետությունը փորձում է զարգանալ արեւմտյան չափանիշներին համապատասխան օրենքներով։ Ակնհայտ է, որ քանի դեռ կա այս հակասությունը, Հայաստանում օրենքները միշտ խախտվելու են։ Այլ ելք չկա. կամ հասարակության մտածողությունը պիտի կամաց-կամաց համապատասխանեցվի արեւմտյան արժեքային համակարգին, կամ Հայաստանի օրենքները պիտի «արեւելյան տրամաբանությամբ» գրվեն։
Պրոբլեմն ընդամենը այն է, որ գնալով այս հակասությունը խորանում է։ Այսինքն` օրենքներն ավելի ու ավելի են «արեւմտյան» դառնում, իսկ հասարակական մտածողությունը, հակառակը, ավելի «արեւելյան»։ Օրինակ, հարյուր տարի առաջ հայ աշուղներից որեւէ մեկի մտքով չէր անցնի երգ հորինել, ասենք, Մանթաշովի մասին։ Անդրանիկ փաշայի մասին` ինչքան ուզեք, Գեւորգ Չաուշի մասին` տասնյակներով, բայց Մանթաշովի մասին` ոչ մի հատ։ Հիմա հարց է ծագում` անցած հարյուր տարիների ընթացքում մեր հասարակության մտածողությունն ավելի շատ դեպի արեւմո՞ւտք է թեքվել, թե՞ դեպի արեւելք։
Իսկ գաղափարախոսությունների նկատմամբ հասարակության անտարբերությունից սրտնեղել պետք է։ Խաղաղ ու բարեկեցիկ ապրելու ձգտումն արդեն իսկ գաղափարախոսություն է։ Մնում է, որ քաղաքական ուժերը կարողանան ձեւակերպել, թե ինչպես են պատրաստվում իրականացնել դա։