«45 տարեկան եմ, ամուսնացած եմ, ունեմ երկու չափահաս երեխա: Ամուսինս սկզբնական շրջանում թմրամիջոց էր օգտագործում: Իմ ՄԻԱՎ դրական (ՄԻԱՎ վարակակիր է,-Ն.Մ.) լինելու մասին իմացել եմ աղջկաս ծնվելուց հետո: Գրեթե բոլոր բարեկամներս նորմալ են վերաբերվում ինձ. նույն մտերմությունը շարունակվում է: Միայն մեկն է, որ սխալ տեղեկություններ է տալիս ուրիշներին, եւ ինքն էլ խուսափում է ինձ հետ շփվել: Բնակչությունը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի բնագավառում տեղեկացված չէ, եւ դա է սարսափելին: Վերջին հաշվով, բոլորն էլ մի օր մահանում են. վատն այն է, որ գիտես` կյանքիդ տեւողությունը սահմանափակ է, ու շուտով հնարավոր է մահանաս»,- սա մեջբերում է «Մենք էլ ենք ուզում ապրել» գրքույկում զետեղված ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդ մի հայ կնոջ ինքնախոստովանությունից:
ՁԻԱՀ-ն աշխարհում մահվան պատճառ հանդիսացող հիվանդությունների առաջին հնգյակում է: Համաճարակի սկզբից ի վեր մահացել է գրեթե 30 մլն մարդ: Թե Հայաստանում մեկ տարվա մեջ որքա՞ն մարդ է մահանում ՁԻԱՀ-ից, խիստ կոնֆիդենցիալ-փակ ինֆորմացիա է: Օրենքով սահմանված կարգերով, այդ մասին անգամ ՁԻԱՀ-ից մահացածի հարազատներն իրավունք չունեն տեղեկացված լինել: Այս խիստ վտանգավոր հիվանդության մասին, այն էլ` միայն սեփական ցանկությամբ, բացառության կարգով կարող է տեղեկացված լինել միայն վարակակիրը: Հակառակ պարագայում` տեղի կունենա մարդու իրավունքների կոպիտ ոտնահարում: Հարց է առաջանում, ո՞րն է առաջնային, մարդու իրավունքնե՞րը, թե՞ նրա շրջապատի անձանց առողջությունն ու կյանքը: Գաղտնիք չէ, որ մարդու իրավունքները Հայաստանում ցանկացած բնագավառում, այդ թվում` առողջապահության «սուրբ» գործում, ամեն քայլափոխի են ոտնահարվում: ՀՀ-ում ՄԻԱՎ-ով վարակվածության դեպքերի արձանագրումը սկսվել է 1988-ից: Այդ ժամանակվանից մինչեւ 2006թ. հոկտեմբերի 1-ը մեզ մոտ գրանցված ՄԻԱՎ-ով վարակակիրների թիվը 439 է, սակայն հաշվարկային տվյալներով դրանց թիվը կարող է հասնել 3000-ի: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հայտնաբերման եւ բուժման գործընթացը ներկայումս Հայաստանում իրականացնում է «ՁԻԱՀ-ի, մալարիայի եւ տուբերկուլյոզի պայքարի Գլոբալ» հիմնադրամը, որը ֆինանսավորում է նշված հիվանդությունների 2003-2008թթ. ազգային ծրագիրը: Մի քանի հասարակական կազմակերպություններ արդեն իսկ անհանգստացած են ֆինանսավորման ավարտից հետո գոյություն ունեցող ՄԻԱՎ վարակակիրների ճակատագրով: Արդյոք պետությունը գումարներ կհատկացնի՞ այդ մի քանի հարյուր մարդկանց, թե՞ նորից հովանավորողներ կգտնի դրսից: Այս հարցի պատասխանը դեռեւս առկախ է: ՀՀ Առողջապահության նախարարության պաշտոնյաներից մեկի դիրքորոշմամբ, պետության «հոգածության» կարիքը ներկայումս ունեն հազարավոր այլ հիվանդներ, որոնք հրատապ կարիք ունեն երաշխավորված բուժման եւ դեղորայքի: Նրա ասելով, դժվար կլինի ընտրություն կատարել մի քանի հարյուր ՄԻԱՎ վարակակիրների եւ հազարավոր այլ հիվանդների միջեւ: Մեր տեղեկություններով, մեկ վարակակրի հիվանդանոցային բուժման ծախսերը միջին հաշվով կազմում են 152 հազար դրամ: (Նրանց բուժումը տարբեր հակառետրովիրուսային միջոցներով իրականանում է մի քանի փուլերով): ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հիմնախնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունները շահագրգռված են նաեւ, որ հակառետրովիրուսային դեղամիջոցների ազատ վաճառք սահմանվի` դրանց` բնակչությանը հասանելի դառնալու նկատառումներով: Սակայն այստեղ մի «բայց» կա, այն արտադրող խոշոր արտասահմանյան ընկերությունները մինչ այդ պետք է գրանցեն իրենց ապրանքանիշը, որի համար քիչ նախադրյալներ կան. քանի որ հայտնի է, որ հայաստանյան շուկան փոքր է: ՄԻԱՎ հետազոտությունը չի դասվում պարտադիր լաբորատոր հետազոտությունների շարքին, սակայն, օրինակ, Արտաքին գործերի նախարարությունում աշխատանքի ընդունվելու, այլ երկրներում քաղաքացիություն ստանալու եւ աշխատանքի մեկնելու համար ՄԻԱՎ հետազոտությունը համարվում է պարտադիր սպեցիֆիկ փորձաքննություն: Հետազոտության արժեքն է 9300 դրամ, սակայն այն բոլոր քաղաքացիները, ովքեր ցանկություն ունեն, կարող են անանուն եւ անվճար հետազոտության ենթարկվել ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում, այդ մասին «Գինդ» շաբաթաթերթի յուրաքանչյուր համարում տեղեկություններ են լինում:
Դեկտեմբերի 1-ի` ՁԻԱՀ-ի կանխարգելման միջազգային օրվա նախօրեին զրուցեցինք ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի եւ սեռական առողջության հարցերով ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական Սամվել Գրիգորյանի հետ:
– Արդյոք ՄԻԱՎ-ը սպառնում է միայն ռիսկի՞ խմբերի ներկայացուցիչներին:
– Այսօր էլ դեռեւս շատերը թյուրիմացաբար կարծում են, որ մարդու իմունային անբավարարության վիրուսով` ՄԻԱՎ-ով վարակվում են միայն ռիսկի խմբերը` հոմոսեքսուալ տղամարդիկ, մարմնավաճառները, թմրամոլները, իսկ մյուսները կարող են լիովին հանգիստ լինել եւ չմտահոգվել իրենց ՄԻԱՎ-ով վարակվելու հնարավոր վտանգով: Ռիսկի խմբերին բնորոշ է ռիսկային վարքագիծ, որը ենթադրում է ՄԻԱՎ-ով վարակվելու առավել մեծ վտանգ: Սակայն դա չի նշանակում, թե հասարակության նվազ խոցելի վարքագիծ ունեցող անհատները չեն կարող վարակվել ՄԻԱՎ-ով: Հայտնի է, որ ՄԻԱՎ-ով կարելի է վարակվել առանց պահպանակի նույնիսկ մեկ սեռական հարաբերության, թմրամիջոցի ընդամենը մեկ ներարկման, նաեւ` արյան փոխներարկման, օրգանների եւ հյուսվածքների փոխպատվաստման հետեւանքով եւ այլն: Սա նշանակում է, որ ՄԻԱՎ-ը կարող է ախտահարել բոլորին: Առավել հաճախ վարակվում են նրանք, ովքեր չգիտեն դրա փոխանցման ուղիների մասին` ՄԻԱՎ-ով կարող է վարակվել ցանկացած մարդ, ով վիրուսի համար ճանապարհ կբացի դեպի իր օրգանիզմ:
– Կարծիք կա, որ իրենց ամուսիններին հավատարիմ կանայք երաշխավորված են ՄԻԱՎ-ով վարակվելուց:
– Սոսկ ամուսնացած լինելու փաստը ՄԻԱՎ-ով, սեռավարակներով չվարակվելու հուսալի երաշխիք չէ: Հայտնի են բազմաթիվ դեպքեր, երբ կանայք վարակվել են իրենց միակ զուգընկերոջից` ամուսնուց: Կենտրոնում բուժվող կանանց 90%-ն այդպիսի կանայք են: Միայն երկկողմանի ամուսնական հավատարմությունը կարող է պաշտպանել վարակումից: Սակայն պետք է նկատի ունենալ, որ եթե ամուսիններից որեւէ մեկն ունեցել է սեռական հարաբերություններ այլ անձանց հետ, հնարավոր է, որ արդեն վարակված լինի ՄԻԱՎ-ով կամ որեւէ սեռավարակով, այդ դեպքում անգամ ամուսնությունից հետո հավատարմություն պահպանելով, նա կարող է վարակել զուգընկերոջը: Ուստի ցանկալի է, որ երբեւէ նման ռիսկային վարքագիծ դրսեւորած անձինք նախքան ամուսնանալը հետազոտվեն ՄԻԱՎ-ի վերաբերյալ: Այսօր ՌԴ-ի բնակչության գրեթե մեկ տոկոսը ՄԻԱՎ վարակակիր է: Ռուսաստանը մեզանից շատ հեռու չէ, սակայն մեզ մոտ հիվանդության աճի տեմպեր չկան, որին նպաստել են Կենտրոնի ձեռնարկած կանխարգելիչ միջոցառումները: – Միգուցե դրան նպաստել է նաեւ մեր ազգային մտածելակե՞րպը:
– Ի՞նչ է, հայ տղամարդը չի՞ մեկնում Ռուսաստան եւ այլ երկրներ: Նրանք քի՞չ են դավաճանում իրենց կանանց կամ սիրո՞ւմ են արդյոք պահպանակ օգտագործել…
– Արդյոք ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրող մարդիկ վտանգավոր չե՞ն հասարակության մյուս անդամների համար, եւ նրանց մեկուսացնելն անհրաժեշտ չէ՞: – Վարակը չի փոխանցվում առօրյա, կենցաղային շփումների միջոցով, դրա համար անհեթեթություն է նրանց մեկուսացումը: Եթե որեւէ մեկի մտերիմ անձնավորության, հարազատի կամ ընկերոջ մոտ հայտնաբերվել է ՄԻԱՎ վարակ, պետք չէ երես թեքել այդ մարդուց եւ խուսափել նրանից: Թող յուրաքանչյուրը փորձի պատկերացնել, թե դա իր հետ է կատարվել, եւ մտածի, թե շրջապատի մարդկանց ինչպիսի վերաբերմունքը կօգներ իրեն հաղթահարելու ճգնաժամը: Կցանկանա՞ր, որ իրեն խղճային, մեղադրեին, կրնկակոխ հետեւեին, իր փոխարեն որոշումներ կայացնեին: իհարկե` ոչ: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրող մարդիկ սիրո, խնամքի, հոգատարության եւ սոցիալական պաշտպանվածության կարիք ունեն:
– Ե՞րբ է անհրաժեշտություն առաջանում հետազոտվելու, եւ ինչպե՞ս կարող է անհատն իմանալ, որ վարակվել է ՄԻԱՎ-ով:
– Շատերը չափազանց անհանգստանում են, երբ վարակի վերաբերյալ հետազոտվելու անհրաժեշտություն է ծագում: Այդ անհանգստությունները կարող են պայմանավորված լինել հնարավոր դրական արդյունքի հանդեպ ունեցած վախով եւ ինքնին ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտվելու փաստի բացահայտման վախով: ՄԻԱՎ վարակի վաղ ախտորոշումն ու ժամանակին սկսված համապատասխան բուժումը հնարավորություն են տալիս հիվանդին երկար ժամանակ պահպանել լավ ինքնազգացողություն ու ֆիզիկական վիճակ, նաեւ չվարակել հարազատ եւ սիրելի մարդկանց: Դրանից բացի, ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունը շատ ժամանակ չի պահանջում, անվճար է, հետազոտվողի ցանկությամբ կարող է կատարվել անանուն` առանց հետազոտվող անձի բացահայտման: Հետազոտության արդյունքները գաղտնի են եւ առանց հետազոտվողի թույլտվության չեն կարող տրամադրվել այլ անձանց: ՄԻԱՎ-ի վերաբերյալ կարելի է հետազոտվել ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում, նաեւ ՄԻԱՎ-ի նկատմամբ կամավոր խորհրդատվություն եւ հետազոտություն իրականացնող ցանկացած այլ հաստատությունում: ՁԻԱՀ-ին, նաեւ անվտանգ սեռական վարքագծին, թմրամոլությանն առնչվող հարցերով յուրաքանչյուր մարդ կարող է նաեւ դիմել «Վստահության հեռախոս» ծառայությանը` 66-01-10 հեռախոսահամարով: