1998 թվականի փետրվարի 3-ին Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր երկրորդ ժամկետի 16-րդ ամսում հրաժարական տվեց։ Նախագահի հրաժարականի գլխավոր եւ միակ մոտիվը «Ղարաբաղ-Ադրբեջան» հակամարտության կարգավորման սկզբունքն էր։ 1997-ի սեպտեմբերյան ասուլիսով եւ դրան հաջորդած «Պատերազմ, թե՞ խաղաղություն։ Լրջանալու պահը» ծավալուն հոդվածով առաջին նախագահը հանրությանը ներկայացրել էր իր սկզբունքային դիրքորոշումը՝ պատմական եւ տրամաբանական փաստերով ապացուցելով, որ այդ ժամանակահատվածում եւ քաղաքական այդ իրավիճակում անհրաժեշտ է վերսկսել բանակցությունները։
Տեր-Պետրոսյանի հրաժարականի մեկնաբանությունների առանցքում հայտնվեց ամեն ինչ, բացի խաղաղության անհրաժեշտությունից։ Ոմանք այդ հրաժարականը բացատրում էին 1996-ի ընտրություններից հետո դրսում ու ներսում սպառված ռեսուրսով, ոմանք պնդում էին, թե Ղարաբաղի հարցի լուծման համար Արեւմուտքը կոշտ ճնշում է բանեցրել, ոմանք էլ՝ կարծում, որ Տեր-Պետրոսյանն ուղղակի հոգնել է եւ արդեն չի պատկերացնում իր հետագա անելիքը։ Բոլոր մեկնաբաններն էլ խաղաղության սկզբունքը համարում էին պատրվակ, որը հմուտ քաղաքական գործիչն իբր հաջողությամբ օգտագործում է «մաքուր» հեռանալու համար։
Չնայած մշուշոտ էին բոլոր մեկնաբանությունները, բայց խաղաղության սկզբունքի բացառումը կարելի էր հասկանալ, եթե հիշենք, որ հրադադարի հաստատումից անցել էր չորս տարուց պակաս ժամանակ, եւ ռազմաճակատներում տարած հաղթանակի էյֆորիան դեռ շարունակում էր գերիշխող լինել։ Հիշում եմ, մի սփյուռքահայ վրդովված հարցնում էր. «Ի՞նչ ըսել է՝ լրջանալու պահ, ուրեմն ի՞նչ է, մեր ամբողջ ազատամարտը անլո՞ւրջ եղած է»։
Այդ «լրջանալու պահը» շատերին էր թյուրիմացության մեջ գցել, շատերը կարծում էին, թե Հայաստանի նախագահը, ղարաբաղյան շարժման առաջնորդներից մեկը, 88-ից ինը տարի անց մտածել է, որ մինչ այդ եղած ամեն ինչ անլուրջ է եղել եւ հանկարծ որոշել է լրջանալ ու լրջացնել ժողովրդին։ Ոչ ոք այդ ժամանակ չէր մտածում, որ խոսքը ոչ թե լրջանալու, այլ լրջանալու պահի կամ գուցե ճշգրիտ մի պահի մասին էր։
Այս հարցի վրա լույս սփռելու համար որոշեցի թերթել Հանրապետության առաջին նախագահի տարբեր տարիների որոշ ելույթներ եւ իմ առաջ բացվեց խաղաղության սկզբունքի ամբողջ ընթացքը։
1994-ի օգոստոսին ունեցած մի ելույթում Տեր-Պետրոսյանը՝ քննադատելով իր քաղաքական հակառակորդներին, հայտարարում է, որ «Հայաստանի եւ Իսրայելի ֆենոմենները բոլորովին անալոգիայի ենթակա ֆենոմեններ չեն»։ Նա գտնում է, որ Հայաստանը չի կարող եւ չպետք է դառնա Իսրայել, որը երկու տարի ապրում է խաղաղ, հետո մի երկու ամիս կռվում, հետո նորից շարունակում ապրել խաղաղ կյանքով, մինչեւ նոր պատերազմ։
Սրանից մեկ տարի առաջ 1993-ի հունիսի իր հայտնի ելույթում Տեր-Պետրոսյանն այսպես է ձեւակերպում գործող իշխանության դիրքորոշումը. «Լեռնային Ղարաբաղի հարցը հնարավոր է լուծել միայն ու միայն խաղաղ բանակցությունների, քաղաքական բանակցությունների, քաղաքական երկխոսության միջոցով։ Իհարկե, դրա հետ մեկտեղ, ապահովելով Լեռնային Ղարաբաղի լիակատար ինքնապաշտպանությունը, որը այդ բանակցությունների հաջողության միակ գրավականն է»։
Նույն ելույթում (1993, հունիս) գտնում ենք այս բուռն խաղաղասիրության պատմական պատճառաբանությունը. «Պատերազմի վախճանը կլինի այն, ինչ եղավ 1920 թվականին, երբ Հայաստանը 60 հազար քառակուսի կիլոմետր տարածություն ունեցող պետություն էր, եւ կար շատ լուրջ պատեհություն այդ տարածքի վրա ստեղծել, պահպանել անկախ պետականությունը, եթե իշխանությունները վարեին ճկուն քաղաքականություն, չխաբվեին օտարներին, Սեւրի դաշնագրի պես կեղծ փաստաթղթերին, եթե չվստահեին Միացյալ Նահանգներին, Անգլիային, Ֆրանսիային, այլ փորձեին իրենց հարցերն անմիջականորեն լուծել Թուրքիայի հետ։ …Այդ իշխանությունները գնացին բոլորովին կեղծ երազների ետեւից եւ կորցրին Հայաստանի կեսը»։
Հետո 1997-ի աշնանն իր «Պատերազմ, թե՞ խաղաղություն։ Լրջանալու պահը» հոդվածում առաջին նախագահը կգրի. «Մի՞թե ես չգիտեմ հերոս ձեւանալու, ազգային բոլոր իղձերի իրականացնողը ներկայանալու, ժողովրդին ամեն գնով դուր գալու էժան հնարքները: Մի՞թե ես չէի կարող գիշեր-ցերեկ հայհոյել թուրքերին, ՄԱԿ-ի առջեւ բարձրացնել հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, չեղյալ հայտարարել Կարսի պայմանագիրը, Թուրքիայից պահանջել Սեւրի դաշնագրով գծված սահմանները, վերջնագիր ներկայացնել Ադրբեջանին, ճանաչել Ղարաբաղի անկախությունը, հայտարարել, որ ոչ մի թիզ հող չենք զիջի եւ այլն»։
Հռետորական այս հարցումների, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման հարցի պատասխանը դարձյալ գտնում ենք 1993-ի հունիսի ելույթում. «Հայաստանը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Այս հարցն արդեն երեք ամիս է, քննարկվում է։ Բոլոր թեր եւ դեմ կարծիքները հաշվի առնելուց եւ լրջորեն ուսումնասիրելուց հետո ես եկել եմ այն համոզման, որ նման ճանաչման բացասական հետեւանքներն ավելի շատ են, քան թվացյալ դրականները։ Նախեւառաջ՝ Հայաստանը ճանաչելով Լեռնային Ղարաբաղի անկախ Հանրապետությունը, փաստորեն միջազգային հանրության առջեւ հանդես է գալիս որպես Ադրբեջանի տարածքի նկատմամբ ոտնձգություն կատարող պետություն։ …Եթե անգամ Արցախի Հանրապետությունը պետք է ճանաչվի, ապա նախ եւ առաջ պետք է ճանաչվի այլ պետությունների կողմից։ Գոնե մեկ երկրի կողմից ճանաչվելուց հետո միայն Հայաստանը պետք է ճանաչի այն։ Որպեսզի չմեղադրվի որպես առճակատող, որպես անզիջող կողմ, որպես Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգություն կատարող պետություն»։
Նույն ելույթում Տեր-Պետրոսյանը բացատրում է, թե ինչ պահանջ էր հաջորդելու Արցախի անկախության ճանաչմանը. «…Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի արդեն անկախ Հանրապետության միջեւ ռազմաքաղաքական դաշինք ստեղծելու մասին որոշում։ Դուք գիտեք, արդեն այդպիսի առաջարկություններ եղել են։ Իսկ սա ուղղակի ճանապարհ է դեպի պատերազմ, որովհետեւ Հայաստանի եւ Արցախի դաշինքին անմիջապես կհետեւի Թուրքիայի եւ Ադրբեջանի ռազմաքաղաքական դաշինքը։ Թուրքիան եւ Ադրբեջանն արդեն լիակատար բարոյական եւ իրավական հիմքեր կունենան նման դաշինք կնքելու։ Եվ Հայաստանը կներքաշվի արդեն լայնածավալ պատերազմի մեջ. ոչ միայն Ադրբեջանի, այլեւ Թուրքիայի հետ»։
Առաջին հայացքից՝ գուցե տրամաբանական, բայց իրականում՝ վտանգավոր մաքսիմալիստական պահանջներին Լեւոն Տեր-Պետրոսյանը հակադրում էր իր քաղաքական կամքը։ Բայց ամեն կողմից հնչող մեղադրանքները, Արցախի շահերին դավաճանելու, Արցախը ծախելու մասին անհիմն հայտարարությունները նրան երբեմն երկընտրանք էին առաջադրում. «Հայաստանի Հանրապետության նախագահը պետք է ընտրություն կատարի։ Կամ հաշտվի այդ որոշումների հետ եւ որդեգրի պատերազմի տանող այդ քաղաքականությունը, կամ էլ եթե չի հանդուրժում այդ վիճակը, պետք է ժողովրդից ներողություն խնդրի եւ հեռանա պաշտոնից՝ ասպարեզը թողնելով այն ուժերին, որոնք քարոզում են այս քաղաքականությունը»։
Բարեբախտաբար, առաջին նախագահի ընդդիմախոսները, բացի հանրահավաքներում կարգախոսներ հնչեցնելուց, չունեին ոչ մի լուրջ փաստարկ, չկար նաեւ եղած ցանկությունները մինչեւ վերջ պաշտպանելու եւ պատասխանատվություն ստանձնելու կամքը։
Այս ելույթից մեկուկես տարի անց, 1994-ի դեկտեմբերի 31-ի հեռուստատեսային ուղերձում երկրի նախագահն արդեն թեթեւացած շունչ է քաշում. «Մայիսը բերեց անդորրություն, մայիսը կրկին Ղարաբաղի հարցը մտցրեց կարգավորման հունի մեջ։ Մայիսին կնքված զինադադարից հետո Արցախն այլեւս բոլոր բանակցություններում հանդես եկավ որպես հակամարտության ճանաչված կողմ՝ ըստ այդմ հնարավորություն ձեռք բերելով նաեւ դիվանագիտական ճակատում պաշտպանելու իր իրավունքները»։ Իսկ ամանորյա ուղերձից մոտ քսան օր անց Գերագույն Խորհրդի արտահերթ նիստում նա հայտարարում է. «Ինչ վերաբերում է զինադադարի հետեւանքներին, ապա դրանցից գլխավորը հակամարտության կարգավորման դիվանագիտական գործընթացի վերականգնումն է՝ գործընթաց, որը նախորդ շրջանում թվում էր, մտել է անելանելի փակուղի»։
Ո՛չ ամանորյա ուղերձում, ո՛չ էլ դրան հաջորդած ելույթում խոսք անգամ չկա հաղթանակի մասին։ Տեր-Պետրոսյանը չէր տրվում ռազմական ռոմանտիկային եւ գտնում էր, որ պատերազմի ելքը չի վճռվում միայն ռազմի դաշտում, որ պատերազմն ավարտելու համար համառ ու տքնաջան դիվանագիտական աշխատանք է պետք։ Տեր-Պետրոսյանը չէր տրվում նաեւ ազգային հաղթական ոգու առասպելներին։ Նա խոհեմաբար կրում էր իրեն ուղղված մեղադրանքների տարափը, որի մեջ «ապազգայինը» որակումներից ամենահիմնականն ու ամենից հաճախ կրկնվողն էր։ 1994-ի օգոստոսի իր ելույթում, առաջին նախագահն ասում է. «Մենք մեղադրվում ենք ապազգայնության մեջ, մեզ վերագրվում է ցինիզմ, որ իբր մենք կոտրում ենք ժողովրդի ոգին, որ պետք է արթնացնել այդ ոգին, ոգեշնչել ժողովրդին, միայն այդ պայմաններում է, որ մեր ազգը կհասնի իր գերագույն նպատակներին, իր համաշխարհային առաքելության իրականացմանը։ Դժբախտաբար, սա էլ նորություն չէ, սա ոչ միայն քարոզվեց, այլ նաեւ իրականություն դարձավ մեր անմիջական հարեւանների մոտ։ …Այդ ոգով, այդ լոզունգներով «շարժումը» մեր ժողովրդին չի կարող տալ ավելին, քան իրենց ժողովուրդներին տվեցին Գամսախուրդիան եւ Էլչիբեյը»։
Այս ելույթից մոտ մեկ ամիս անց, 1994-ի սեպտեմբերի 21-ին, Հայաստանի անկախության օրվա շնորհավորական ուղերձում նախագահը կրկին վերահաստատում է իր հավատարմությունը հակամարտության լուծման խաղաղ ձեւերին. «Զինադադարը երկու անգամ վերահաստատվել է հակամարտող կողմերի կամքով, եւ պայմանավորվածություն է ձեռք բերվել այն շարունակել մինչեւ ԼՂ խնդրի կարգավորմանը նվիրված համապարփակ քաղաքական պայմանագրի կնքումը։ Բացի զինադադարի երկարատեւ պահպանման ինքնին արդեն խոսուն փաստից, ուշագրավ է նաեւ այն հանգամանքը, որ հիշյալ վերահաստատումներն ու պայմանավորվածությունները կայացել են բացառապես հակամարտող կողմերի միջեւ ընթացող ուղղակի բանակցությունների միջոցով՝ հանգամանք, որ խնդրի ռազմական լուծումից հրաժարվելու նրանց պատրաստակամության ամենացայտուն վկայությունն է»։
Եթե նկատեցիք, այս մեջբերումներում չկա ոչ մի նորություն։ Այս ամենն ամփոփված ու խտացված էր Լեւոն Տեր-Պետրոսյանի «Պատերազմ, թե՞ խաղաղություն։ Լրջանալու պահը» հոդվածում, որը մեզ մատուցվեց նախագահի հրաժարականից երեք-չորս ամիս առաջ։ Բայց մենք կորցրինք պահը՝ չիմանալով, թե ով որտեղից է գալիս եւ ուր է գնում։ Հիմա արդեն անցել է լրջանալու պահը, հիմա ապշելու պահն է, քանզի «վերին» ատյաններում ապշեցուցիչ հայտարարություններ են հնչում, որոնցով մեր ազատամարտը հավասարեցվում է ելուզակության, եւ մեր թափած ազնիվ արյունը դառնում է ունայնություն ու քամու աշխատանք։