“Ա՛յ բալամ, Բուշն ու Պուտինը իմ ավտոյով չեն երթեւեկել”

08/12/2006 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Տաքսու վարորդների հետ զրույցի այսօրվա մեր թեման այն է, թե ինչպե՞ս են նրանք վերաբերվում դրսի ուժերի` հայաստանյան քաղաքական դաշտ մտնելուն: Որպես ՀՀ քաղաքացի` նրանք կողմնակից են ռուսամե՞տ, թե՞ եվրոպամետ քաղաքականությանը: «Ա՛յ բալամ, Բուշն ու Պուտինն իմ ավտոյով չեն երթեւեկել, որ ես իրանց խոսակցությունը լսած լինեմ ու քեզ էլ պատմեմ: Դու նենց թեմա ասա, որ ես գաղտնիքներ իմանամ ու ախպերավարի քեզ պատմեմ: Բայց որ մի օր էդ Բուշին տեսնեի՝ փետը կառնեի ու հետեւից կընկնեի, որ էդ խեղճ ժողովրդին տենց կոտորեց: Դրա վրա ես շատ մուռ ունեմ: Փող ունենայի` էն Բեն Լադենին կվարձեի, որ դրան պայթացներ: Դա Սադամից էլ բեթար ա: Դեմոկրատ Սադամն ա»,- կատակում է վարորդ Գեղամը: Իսկ ավելի լուրջ, վարորդ Գեղամի կարծիքով՝ հայերի մեջ ստրուկի հոգեբանություն կա, եւ այդ թերարժեքության զգացումն է պատճառը, որ հայոց պատմության մեջ մենք միշտ տուժողի դերում ենք հայտնվում: «Պատմությունն ապացուցել ա, որ հայերի գլխին տվող միշտ էլ եղել ա: Թուրքերը խփել են, ռուսները խփել են ու խփում են, ադրբեջանցիք խփել են, ու հլը ահագին խփողներ էլ կլինեն: Հայի բնավորությունը նենց ա, որ իրան միշտ պետք ա իշխեն: Հիմա էլ ա տենց: Իսկ, եթե Բուշը խառնվի մեր գործերին, ուրեմն՝ կքաշվենք: Անկախությունը հռչակելուց հետո հպարտանում ենք, թե մենք արդեն մեր գլխի տերն ենք, բայց սուտ ա: Էսօր մենք Պուտինից կախված ենք, Բուշից կախված ենք: Դուք հլը հաշվեք, թե ռուսներին քանի գործարան ծախեցին, ու նրանք որ մի հատ փռշտան` Հայաստանի քաղաքացիները մուրացկան կդառնան: Թուրքերը որ մի հատ փռշտան՝ Թուրքիայի հայերը կգան Հայաստան ու մուրացկանություն կանեն: Ո՞ր մեկը թվարկեմ՝ Ամերիկայի հայերը, Արաբական Էմիրությունների, Պարսկաստանի, Լեհաստանի, մենք բոլորից էլ կախված ենք, որովհետեւ մեր քաղաքացիներն ուրիշ ազգերից, ուրիշ իշխանություններից կախում ունեն: Վերցնենք Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակին, որ Ցեղասպանությունը ժխտողների համար պատիժ սահմանեց: Հես ա, ընտրությունները կլինեն, հայերի ղրդապն իրան կընտրի, հայերին կօգտագործի, ու հետո արդեն կարեւոր չի լինի, թե ինչ կլինի: Նույնն արեց Բուշը, չէ՞, խոստացավ, որ Ցեղասպանության հարցը կդնի, հայերն իրան ընտրեցին, բայց ոչինչ էլ չարեց: Բոլոր երկրներում հայերը ստրկություն են անում, ու դրսում նրանց ոնց ուզենան՝ կօգտագործեն»,- ասում է Գեղամն ու մատնանշում Ռուսաստանում հայերի սպանությունները: «Էս ճգնաժամային տարիներից հետո մենք աներես ժողովուրդ դարձանք: Դուք գնացե՛ք օդանավակայան ու տեսեք, թե Ռուսաստան գնացողների ինչ հոսք կա: Հասկանալով, որ շատ հնարավոր ա` իրենք էլ զոհ դառնան՝ էլի գնում են: Բայց մյուս կողմից էլ` ո՞նց չգնան, մնան ստեղ մեր օլիգարխների՞ն ստրկություն անեն ու ոչնչի չհասնեն: Գոնե էնտեղ ծառայելով մի բանի հասնում են»:

«Հո մորեխների սպանդ չի՞»

Վարորդ Գագիկը կարծում է, որ դրսի ուժերը մշտապես «ստավկա» են անում Հայաստանի աղքատ բյուջեի վրա: «Ասում են՝ փող տանք` սենց արեք, փող տանք՝ մեր ուզածով քաղաքականություն վարեք, ու ամենավատն էն ա, որ էդ փողից ու կանտրոլից ոչ ոք չի հրաժարվում: Եհովայի վկաները ո՞նց են մեր կրոնը քայքայում՝ դրսի պատվերով: Էդքան բարեգործական կազմակերպությունները դրսից փող են ստանում ու ներսում, օրինակ՝ ամերիկացիքի ցանկությունն են կատարում: Ձեր ոլորտում էլ ա տենց, ասեմ քեզ: Թերթերին ֆինանսավորում են ու ասում են` էսինչ մարդուն կամ էսինչ կուսակցությանը առաջ բրթեք: Նույնն էլ քաղաքականությունն ա: Էն չինովնիկը՝ Արա Աբրահամյանը, իսկական Պուտինի կամակատարն ա: Մերոնց գլուխներն ընդեղ ուտում են, սա գալիս-ասում ա, որ ինքը դրանով զբաղվում ա, բայց նաեւ համոզում ա, որ սեւերին են սպանում, ոչ թե հայերին: Սաղս էլ գիտենք, որ մերոնց մեջ բորոտներ կան, որ իրանց ուրիշ երկրներում խայտառակում են, բայց դե, եթե արդեն ցեղասպանության բնույթ ա կրում, ուրեմն թող մեր աչքին թոզ չփչեն: Արա Աբրահամյանը Ռուսաստանում լավ փող ա դիզել, լավ ա արել, բայց թող տպավորություն չստեղծի, թե հայերի պապան ա Ռուսաստանում, որովհետեւ, եթե պապա լիներ, որոշ մարդկանց վզակոթից կբռներ, կասեր՝ ատչոտ տվեք էս սպանության համար: Սպանությունների մասին նենց ա խոսում, ոնց որ ընդեղ մի հատ մորեխ են սպանել, ու ինքն էլ մխիթարում ա, թե` մորեխների սպանդ ա գնում, էդ մորեխի սպանությունը հատուկ նպատակ չուներ: Կամ էլ վերցնենք սփյուռքահայ Րաֆֆի Հովհաննիսյանին: Ա՛յ մարդ, դու արտգործնախարար ես եղել, չէ՞, ժողովուրդը տեսել ա, որ բան չես փոխել քո պաշտոնավարման ժամանակ, հիմա էլ ի՞նչ երեսով ես պաշտոն ուզում: Սաղ աթոռ են ուզում: Մեկը հարցնող լինի՝ Րաֆֆի, քեզ ո՞վ ա փող տալիս, բնական ա, որ ամերիկացիք: Կամ Արթուր Բաղդասարյան, քեզ ո՞վ ա փող տալիս, ո՞ւմ ես ծառայում, որ սաղ օրը պարծենում ես, թե Շիրակի հետ ախպերություն եմ, Բուշի հետ ախպերություն եմ: Ամոթ էլ ա, որովհետեւ ժողովուրդը խիյար չի, հասկանում ա, որ 2 կոպեկի համար ծախվում են: Փողը տալիս են ու ասում են՝ դե՛, Հայաստանը քանդեք»,- վրդովված ասում է Գագիկը:

Մեկը մյուսից բեթար թեկնածուներ են

Արթուրն ընդհանրապես լուրջ չի վերաբերվում այն հանգամանքին, որ որպես ՀՀ քաղաքացի` իր կարծիքը նշանակություն ունի ինչ-որ բան փոխելու համար, եւ ընդհանրապես որեւէ մեկին այն հետաքրքրում է: «Ախր տաքսու վարորդի ասածն ո՞ւմ ա հետաքրքրում, կամ ո՞վ ա հաշվի առնելու, որ էդքան հարցուփորձ եք անում: Ես ոչ ընտրություններին մասնակցում եմ, ոչ էլ ինձ հետաքրքրում ա, թե ով կընտրվի: Մեկ ա, ոչ մի բան էլ չի փոխվելու: Հես ա, որ ընտրությունները սկսվեն, առավոտն արթնանամ, եթե տրամադրությունս լավ լինի՝ կգնամ, եթե ոչ՝ չեմ գնա ընտրի: Իսկ ընդհանրապես ես կուզենամ, որ սովետական տարիները հետ գան մեր մոտ, որովհետեւ լավ բան հիշում եմ մենակ էդ տարիներից: Ես Ռուսաստանում ընկերներ ունեմ, որ հիմա էլ շատ գոհ են իրանց իշխանությունից, իսկ ստեղ աշխատում ես, աշխատում ես, բայց ոչ մի բանի չես հասնում: Ես հաճախ եմ գնում էնտեղ ու լավ գիտեմ, թե ոնց են մարդիկ ապրում: Չէր խանգարի, եթե Հայաստանի իշխանությունները Ռուսաստանից օրինակ վերցնեին: Հես ա, որ ընտրությունները եկան, ո՞ւմ ենք ընտրելու, դուք մի հատ նայեք, թե ովքեր են նախագահի թեկնածուները լինելու, մեկը մեկից բեթար: Ո՛նց գցում-բռնում ես, չես ուզում մեկին ընտրես, ամեն մեկն իրա շահն ա առաջ տանում»,- անտարբերությամբ ասում է Արթուրն ու թվարկում, թե ում ինչպես է վերաբերվում: «Րաֆֆի Հովհաննիսյանին դրսից փող են տալիս ու ասում են` էս սենց կանես, էն նենց կանես: Ստեփան Դեմիրճյանն ընդամենը հոր շվաքի տակ գոյություն ունի, թե չէ ինքն իրանից ոչինչ չի ներկայացնում, ա՛յ իրան ահավոր չեմ սիրում: Արթուր Բաղդասարյանը մենակ աջ ու ձախ տուֆտում ա: Էդքան խոստացավ, որ ժողովրդի փողերը հետ կտան, բայց ոչ մի բան էլ չարեց: Արտաշես Գեղամյանը մենակ բանավոր սրան-նրան ա քֆրտում ստից տեղը: Ա՛յ Կարապետիչը կարգին ախպեր տղա ա, տելեվիզոր ա բաժանում, բան ա անում, բայց դե տելեվիզոր բաժանելու համար հո նախագահ չե՞ս ընտրի, չնայած ես իրան կընտրեի: Մնում են Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, բայց ես կընտրեի գոնե Քոչարյանին, որովհետեւ մեր աչքի առաջ ա, իրան արդեն գիտենք»,- կարծիք է հայտնում Արթուրն ու վստահեցնում, որ, միեւնույն է, ինքը ոչ ոքի լուրջ չի վերաբերվում:

«Մարդկանց կոխում են դուբինկեքի ուդառի տակ, իրանք փախնում են»

Վարորդ Վազգենը, սակայն, վստահ է, որ այսօր շատ-շատերը ձայն կտան նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանին, եթե, իհարկե, նա դնի իր թեկնածությունը: «Դժվար վախտ էր նա ղեկավարում, հո հեշտ չէ՞ր՝ պատերազմ կար, Սովետը նոր-նոր էր քանդվել: Նրան էլ չէի՞ն էդ ամերիկացիներն ու ռուսները, ֆրանսիացիները դաբրո տվել: Բայց ի՞նչ եղավ: Վանոն էլ էր ափսոս, կարգուկանոն էր դնում, հիմա ո՞ւր է: Ո՞վ գիտի: Հիմա օտարության մեջ ա: Գիտե՞ս, քուր ջան, էդ որ էդքան Սերժ Սարգսյանին փնովում են, բայց քիչ լավ բան չի արել, չէ՞, փնովողներն էլ ո՞վ են՝ էն Արթուր Բաղդասարյանն ու իրա կուսակցությունից մի լաչառ կնիկ: Հարցնես՝ դուք էս երկրի համար ի՞նչ եք արել: Գոնե Լեւոնն ու Վանոն ասեն, ասենք՝ հա, իրար հետ ճամփա են անցել, երկրի ներսն ու դուրսը գիտեն: Թե չէ՝ դրանք, էդ նորաթուխներն ի՞նչ գիտեն: Ընենց որ, մեզ ուժեղ մարդ ա պետք, որ դրսի հրահանգները ծանրութեթեւ անի»: Վարորդ Մանուկը հայաստանյան քաղաքական դաշտի ներկայացուցիչների հայտարարություններից, թե շուտով հեղափոխություն են անելու, եւ՛ հոգնել է, եւ՛ վախենում է: «Հոգնել եմ, որովհետեւ էդ հայտարարությունն անում են, որ ժողովուրդն իրանց մի քիչ լուրջ վերաբերվի, բայց, իհարկե, չի ստացվում. հիասթափված ենք իրանցից: Վախենում եմ, որովհետեւ մենք էնքան հոգնած ենք, որ չենք դիմանա հեղափոխության նոր ալիքին: Հեղափոխությունն իրա հետ մեծ դժվարություն ա բերում, իսկ սրանք հեղափոխություն կանեն ու ժողովրդին տիրություն չեն անի, կասեն՝ դժվար ժամանակներ են, պիտի դիմանաք: Վրաստանի հեղափոխությունն ընդամենը դրսի մարդկանց թելադրանքն էր, ու դժվար ա ասել, թե վրացիներին էդ պե՞տք էր: Սահակաշվիլին Հիտլերի կերպարանք ա ընդունել ու ուզում ա տպավորություն ստեղծի, թե իրա երկրում դիսցիպլինա կմտցնի: Բայց դա նրա համար ա, որ հին մարդկանց մաքրի ու դրսի ուժերի հրահանգով ընտրած մարդկանց նշանակի: Ասում են՝ կոռուպցիան վերացնում ա, բայց չեմ հավատում, հեղինակություն ա ստեղծում, դու տես, թե հես ա ինքը ոնց կթալանի: Մի մարդ որ բաբնիկ լինի՝ կարա՞ երկիր ղեկավարի, կարա՞ հեղինակություն ստեղծի: Օրինակ՝ Քլինթոնին, որ բռնցրին Մոնիկա Լեւինսկու հետ, ո՞նց վարկաբեկեցին, չէ՞, էդ մարդուն, ի՜նչ ամոթանք տվին, իսկ էս Դոն Ժուանինը նորմալ ա, վրացիները թքած ունեն դրա վրա: Հիմա ես մի հատ պարզ օրինակ բերեմ: Էդքան որ ստից ասում են` հեղափոխություն կանենք՝ ես գժվում եմ, որովհետեւ ուզում եմ հարցնել՝ ա՛յ, ստախոսներ, դուք 4 տարի պատգամավորական մանդատ ունեիք, դուք պարտավոր եք Ազգային ժողովում աշխատել: Բա ո՞ր ջհանդամն եք կորել, ինչի՞ մի օր ես չեմ տեսնում իրանց, որ միկրաֆոնի մոտ կանգնեն ու Սադոյանի նման լրբություն դնեն: Եթե էս 4 տարվա մեջ իրանք չգնացին պառլամենտ, թքեցին իրանց ընտրած ժողովրդի վրա, ուրեմն՝ էդ ժողովուրդը կուզի՞ կամ կհավատա՞ սրանց հեղափոխությանը: Է, եթե հեղափոխություն էլ անեն, իրանց աթոռը կվերցնեն ու, ոնց որ պառլամենտ չեն գալիս, նենց էլ հետո գործի չեն գա: Դու ո՞նց ընդունես սրանց հեղափոխության գաղափարը: Ես որպես ՀՀ քաղաքացի` էդ մարդկանց հայտարարում եմ, որ մեզ հեղափոխություն պետք չի, առավել եւս` իրանց կազմակերպածը, որովհետեւ փորձը ցույց ա տալիս, որ մարդկանց կոխում են դուբինկեքի ուդառի տակ ու իրանք վախկոտի պես փախնում են»,- հայտարարում է Մանուկն ու նաեւ ասում, որ այն կարծիքը, թե Լեւոն-Տեր Պետրոսյանը նախագահական ընտրություններին իր թեկնածությունն առաջադրելու է, առնվազն ապուշություն է: «Նախ` ինքն էդքան համարձակություն չի ունենա, որովհետեւ ժողովուրդը ՀՀՇ-ի պատճառով մեծ տրավմաներ տարավ, եւ երկրորդն էլ` վստահ ա, որ չի ընտրվի, էլ ո՞ւր ա մեյդան ընկնում: Էսօր որ ՀՀՇ-ին կպնում են` Անկախությունն են դեմ տալիս, բայց Անկախությունն ուրիշ բան ա ու դրա անվան տակ թալանը` ուրիշ, կարային, չէ՞, չթալանեին»: