Ասյա Աղաջանովայի որդին` Գրիշա Աղաջանյանը, եւ հարսը` Մարինեն, բժիշկներ էին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում: Երկուսին էլ 1988թ.-ին ադրբեջանցիները սպանել են: Ասյա Աղաջանովան այս մասին չի խոսում: Ադրբեջանի Ազգային անվտանգության նախկին աշխատակիցն ամուսնու հետ 1990-ին ստիպված լքեց Բաքուն: 82-ամյա Ա. Աղաջանովան այսօր միայնակ ապրում է Վանաձորում: Ա. Աղաջանովան ծնվել է Ադրբեջանի Շամախի քաղաքում: «Հերս վանքապետի տղա էր, իսկ մերս՝ քահանայի աղջիկ: Մեր ընտանիքում մեծ տեղ ուներ հավատքը: Մի օր տեսնեմ` հերս մտել է կառավաթի տակ ու ինչ-որ տարօրինակ բաներ է անում: Մորս հարցրեցի, ասեց՝ քո գործը չի, դու չես հասկանա: Հետո տեսա, որ հայրս ամեն անգամ նույն բանն անում է, չդիմացա, մորս խնդրեցի, որ բացատրի: Մերս ականջիս շշնջաց, թե աղոթում է»,- հիշում է Ասյա տատը: Միջնակարգ դպրոցը գերազանց ավարտելուց հետո Ասյան ընդունվում է Բաքվի բժշկական ինստիտուտ: Երրորդ կուրսում էր սովորում, երբ սկսվեց Հայրենական պատերազմը: Նրան ուղարկեցին ռազմաճակատ: Հինգ տարի ռազմաճակատի ամենաթեժ կետերում է եղել, վիրավորվել է, պարգեւատրվել զանազան շքանշաններով: Պատերազմի ավարտից հետո վերադառնում է տուն, տեսնում է, որ իրենց տանն օտար մարդիկ են ապրում: Հայրը եւ եղբայրները զոհվել էին պատերազմում, իսկ մայրն` իմանալով, որ աղջկան բանակ են տարել, մահացել էր սրտի կաթվածից: Երկու փոքր եղբայրներին տեղավորել էին որբանոցում: «Դիմեցի դատարան, տունս ետ վերցրի,- պատմում է Ասյա տատը, ապա, խորը հառաչ արձակելով, շարունակում,- հետո պարզվեց, որ ինձ ուրիշի փոխարեն են ուղարկել ճակատ: Գնացի ինստիտուտ, թղթերս պատռեցի, դեկանի երեսին շպրտեցի ու դուրս եկա: Ասի` դուք էլ, ձեր բժշկականն էլ»: Ասյա տատն այդպիսով ավարտում է իր բժշկական կարիերան եւ որոշում իրավաբանական կրթություն ստանալ: Ընդունվում է Բաքվի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ: Հաջողությամբ ավարտելով այն՝ աշխատանքի է անցնում Բաքվի Պետական անվտանգության կոմիտեում, որտեղից էլ սկիզբ է առնում նրա երկարամյա գործունեությունն այդ կառույցում, նախ` որպես շարքային աշխատող, ապա` որպես բաժնի վարիչ: Շատ բաներ չի պատմում իր աշխատանքային գործունեությունից: Ասում է միայն, որ շփվում էր ղեկավար մարմինների հետ, լավ հարաբերություններ ուներ իր բոլոր ադրբեջանցի գործընկերների հետ եւ, որ ամենակարեւորն է, վերջիններն էլ իրեն էին անչափ հարգում ու վստահում: «Ես իսկական տղամարդ էի, է՜, ո՞վ ռիսկ կաներ դեմս մի սխալ բան ասեր: Տեղակալս մի ջահել թուրք էր, ինձ ո՜նց էր հարգում, ո՜նց էր տեղ տալիս: Մինչեւ 1990 թվականը Բաքվում էի: Ինձ գաղտնի էին տանում-բերում գործի: Առավոտ շուտ վարորդը գալիս էր, ինձ վերցնում, իրիկունը նորից բերում: Բայց մի օր ասին` էլ չես կարող մնալ, մենք քեզ էլ չենք կարող պահել, ավելի լավ ա շուտ գնաս: Ամուսնուս հետ իրերս հավաքեցինք, որ ճամփա ընկնենք: Իրերը կապած նստած ենք, էս տեղակալս զանգեց, թե հանկարծ իրերով չգնաք: Ասեց, թե ճանապարհին հայերի ճամպրուկները դատարկում են, մեջը քար լցնում ու … էդպես ուղարկում: Էդ տեղակալս շատ լավ մարդ էր, ասեց` ես քո իրերը Վրաստան կուղարկեմ, անվնաս կհասնի քեզ: Ըտենց էլ արեց մարդը»,- պատմում է Ասյա Աղաջանովան: «Ես էլ ամուսնուս հետ եկա Հայաստան: Հասանք կայարան, աղմուկ-աղաղակ, խառնաշփոթ, շվարած կանգնել ենք, չգիտենք` ի՞նչ անենք, ո՞ւր գնանք: Հանկարծ մի մարդ մոտեցավ ինձ: Զարմացած նայում է, հարցնում է` չեմ ճանաչո՞ւմ: Ուշադիր նայում եմ, նայում, տեղը չեմ բերում: Վերջը տեսավ, որ չեմ հիշում, ասաց. «Կարեն Դեմիրճյանի վարորդն եմ»: Ես իրան չէի հիշում, բայց ինքն ինձ լավ հիշում էր: Էն ժամանակները, որ Կարեն Սերոբիչը գալիս էր Բաքու, ես էլ էի մասնակցում հանդիպումներին: Վարորդն ինձ էդտեղից հիշում էր: Ասեց, որ Կարեն Սերոբիչն էլ է կայարանում, տարավ մեզ նրա մոտ: Դեմիրճյանը որ ինձ տեսավ, ո՜նց հուզվեց, գրկեց, համբուրեց: Միանգամից խոստացավ, որ անպայման տան հարցը կլուծի: Ու մարդը կատարեց իր խոստումը: Մի քանի օր անց մեզ Կիրովականում մի բնակարան տվեցին: Այ, մինչեւ էսօր էլ էդ բնակարանում եմ ապրում»: Ասյա Աղաջանովան օրվա մեծ մասն անցկացնում է «Առաքելություն Հայաստան» հասարակական կազմակերպության Վանաձորի մասնաճյուղում: Այստեղ նա ճաշում է, մասնակցում հավաքույթներին, զրուցում հասակակից միայնակ ծերերի հետ: Ասյա տատն ամուսնուն կորցրել է 1994 թվականին: Թոռներին սումգայիթյան դեպքերից հետո իր եղբայրները Ռուսաստան են տարել` տեսնելով Հայաստանի ծանր վիճակն ու սոցիալական պայմանները: Ասյայի միակ սփոփանքն այժմ թոռների ոչ հաճախակի զանգերն են ու նրանց մասին լուրերը: Դեռ Բաքվում դուստրը ադրբեջանցու հետ նշանված էր, եւ այդ դեպքերի ժամանակ նրա հետ փախչել է Ռուսաստան: Տարիներ հետո նա զանգել է մորը, սակայն չի հայտնել իր տեղը, եւ Ասյան այսօր ոչ մի լուր չունի նրանից: «1998 թվականն էր: Թոշակիս հետ խնդիրներ ունեի: Աշխատանքի տեղից ինչ-որ թղթեր էին պետք: Ասի՝ ի՞նչ անեմ, ի՞նչ չանեմ, վերջը որոշեցի զանգել իմ նախկին աշխատանքի տեղը, ոնց էլ չլինի, մի հին աշխատող կլինի, կխնդրեմ ինձ օգնել: Զանգեցի, պարզվեց նախկին տեղակալս իմ տեղն էր զբաղեցնում: Հեռախոսի մոտ կանչեցի: Ասում եմ` ճանաչո՞ւմ ես ինձ, ասում ա` չէ, ասի՝ մերդ եմ, է՜, մոռացե՞լ ես: Որ ասի՝ մերդ, հասկացավ, որովհետեւ էն ժամանակ ես իր հետ մոր պես էի: Հիմա ո՜նց ա հուզվել, ո՜նց ա լաց լինում: Ասեցի, թե ինչի համար եմ զանգել, ասեց` դու արի, ես քո ամեն ինչն ապահովում եմ, կգաս, անվտանգ հետ կդառնաս, ոչ մի բանի մասին մի մտածիր, դու միայն արի: Պայմանավորվեցինք հանդիպել Բագրատաշենի եւ Սադախլոյի սահմանագլխին: Հանդիպեցինք, ինձ փակ մեքենայով գաղտնի տարան Բաքու: Յոթ օր մնացի Բաքվում, գործերս կարգավորեցի, վերջացրի: Երբ արդեն պիտի հետ գայի, իմ պատվին բանկետ կազմակերպեցին, տարան մի ռեստորան՝ ծովի մեջ, ոնց որ մի իսկական դրախտ, էդպիսի տեղ Հայաստանում չկա, կերանք-խմեցինք, պարեցինք, վերջում իմ նախկին տեղակալն իմ կենացն ա խմում ու ասում ա. «Կեցցե՛ Ստալինը, կեցցե՛ Ստալինը», զարմացած նայում եմ, չեմ հասկանում՝ ինչի՞ ա ասում` Ստալին: Վերջում ասեց` Ստալինը դու ես, դու, մենակ դու կարայիր էսքան հերոսական բան անել, դու իսկական տղամարդ ես»: Որ վերադարձա, ԿԳԲ-ից էկան, սկսեցին գնալ-գալ, գնալ-գալ, թե` ի՞նչ էիր անում Բաքվում, խի՞ էիր գնացել, էս, էն, բոլորին իրենց տեղը դրեցի, ընենց ուղարկեցի, որ տեղս էլ մոռացան»:
www.hetq.am