Դեկտեմբերի 3-ը Հաշմանդամների միջազգային օրն է: Այդ օրվա կապակցությամբ արդեն գերատեսչական տարբեր մարմիններ եւ հասարակական կազմակերպություններ սկսել են մեծ ակտիվությամբ սեմինարներ ու ժողովներ գումարել, գնահատել նրանց հիմնախնդիրները, չափորոշիչներ մշակել: Ժամանակին ԱԺ նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանն էլ Հաշմանդամների խորհուրդ էր ստեղծել, որը նրա պաշտոնանկությունից հետո կազմալուծվեց, ու օդի մեջ մնացին նախկին խոսնակի հաշմանդամներին տված բազմաթիվ խոստումները: Հասարակության հաշմանդամներ կոչվող խավը կարծես ակնկալիքներ չունի ոչ պետությունից, ոչ էլ հասարակական սեկտորից, նրանք ապավինում են միայն իրենք իրենց եւ իրենց մերձավորներին: Իշխանությունները շրջանառության մեջ են դրել նաեւ մոդայիկ դարձած արտահայտություն` «հաշմանդամների ինտեգրում հասարակությանը», որի իրականություն դառնալու հաջողությանը ներկա պայմաններում ոչ ոք չի հավատում: Ի՞նչ ինտեգրման մասին է խոսքը, երբ նույնիսկ հաշմանդամության կարգավիճակ սահմանող բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովները (գտնվում են Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ենթակայության տակ) ամենակաշառված օղակներն են: Բազմաթիվ օրինակներ կան, երբ բառացիորեն անաշխատունակ, անդամալույծ, նաեւ մահամերձ վիճակում գտնվող հիվանդներին կարգ շնորհվում է որոշակի գումարներ մուծվելուց հետո: «Մեր երկրում լիարժեք չի իրականացվում հաշմանդամների հիմնախնդիրների քննարկումը: Նրանք ունեն շատ խոցելի հարցեր, որոնք փորձում ենք լուծել առանձին անհատների միջոցով, բայց դա էլ մեծ արդյունքներ չի տալիս, քանի որ խնդիրը գլոբալ է` մեկն աշխատանք չունի, մյուսը հենակ ու սայլակ չունի, հաջորդը դեղորայքի եւ բուժման կարիք ունի: Մեր 3500 շահառուներից 500-ն օտար ափերում այսօր մի կտոր հացի համար են ապրում: Իսկ Հայաստանում մնացածները ծայրահեղ աղքատության մեջ են: Շատ լավ կլիներ, որ նրանց հարցերը պետությունը լուծեր»,- ասում է Հայաստանի սպինալների եւ այլ հաշմանդամների «Հույսի շող» բարեգործական հիմնադրամի նախագահ Իշխանուհի Հարությունյանը: Արթուր Սարգսյանը 34 տարեկան է, Արցախյան պատերազմի մասնակից է: Զինադադարից երկու ամիս առաջ, 1994թ. մարտին նա ծանր վիրավորվել է Տավուշի մարզի Չինարիկ գյուղում ու զրկվել մի ոտքից: Կենսուրախ Արթուրն առանձնապես չի դժգոհում իր վիճակից: «Հանդիպեցի կնոջս, ամուսնացանք, հիմա ունեմ երկու երեխա: Ամեն ինչ նորմալ է: Դժգոհ չեմ, մենակ դժգոհ եմ, որ աշխատանք չունեմ: Մի քիչ էլ որ աշխատանք ունենամ, երեխաներիս պահեմ, շատ շնորհակալ կլինեմ: Մինչեւ հիմա ծնողներս են ինձ պահում: Գոնե ես նրանց պահեի, իրենք են մինչեւ հիմա ինձ պահում: Այսօր կառավարությունը հաշմանդամներին խորհուրդ է տալիս աշխատել: Իբրեւ թե առողջների համար աշխատատեղեր կան, մնում են հաշմանդամները: Համաձայն եմ, թող աշխատեն, բայց իրենք այդքան աշխատատեղ որտեղի՞ց պիտի ապահովեն»,- զարմանում է Արթուրը: Նա կենցաղային սառնարանների նորոգման վարպետ է: Այս արհեստը հորից` վարպետ Վահանից է սովորել, որը խորհրդային տարիներին իր մրցակիցը չի ունեցել: Արթուր Սարգսյանն իբրեւ ազատամարտիկ այժմ ստանում է 22.900 դրամ կենսաթոշակ: Նրա ասելով, իր թոշակը բարձրացնելու խնդիրը քննարկվել է անգամ ԱԺ-ում, բայց համապատասխան հանձնաժողովը չի բավարարել պահանջը: «Երբ որ թոշակս բարձրացրեցին, նպաստից կտրեցին ընտանիքիս, ասում են` թոշակդ բարձրացրել ենք»,- ասում է նա: «23 հազարով երկու անչափահաս երեխա, տնային տնտեսուհի կին ինչպե՞ս պահես: Դրանով լույսի, աղբի վա՞րձ, բնակվա՞րձ, թե՞ երեխաների դպրոցի վարձը մուծես: Իսկ երեխաներին սնունդ պե՞տք է, թե՞ ոչ: Այսօր այն մարդիկ են նպաստ ստանում, որոնք նպաստի կարիք չունեն: Արթուրի նման մարդիկ պետության կողմից չեն գնահատվում, նրանք լքված են: Նույնիսկ այն աստիճանի է հասնում այդ լքվածությունը, որ ասում են` քեզ ո՞վ էր ասում գնայիր կռվեիր: Այդպիսի արտահայտություններ շատ են եղել: Եթե պետությունը հոգ տանի նրանց մասին, մյուսները ստիպված կլինեն հոգ տանել: Ինչո՞ւ արտասահմանցիները պիտի օգնեն, իսկ տեղի բիզնեսմենները` ոչ: Թող իրենց թաքնված եկամուտներից գոնե մի մասը հատկացնեն այսպիսի մարդկանց, ասեն` էս էլ տանք մեր հաշմանդամներին օգնություն: 50 տարի այս պետության համար չարչարվել եմ, 13 հազար դրամ թոշակ եմ ստանում: Իմ մուծած հարկերով այս պետությանը մեծ եկամուտներ եմ տվել: Բայց քանի ի վիճակի եմ, կաշխատեմ իմ թոռների համար»,- որդուն միջամտում է հայրը` Վահան Սարգսյանը: Ազատամարտիկների դեղատունն էլ «կերան» Արթուրի համակրելի կինը` Արշալույսը, որը տնային հագուստով էր եւ չհամաձայնեց լուսանկարվել ամուսնու հետ, ասում է. «Ինձ շատ են հարցնում, թե` այդպիսի տղայի հետ ինչպե՞ս ես ամուսնացել: Սիրել եմ, ամուսնացել եմ»: Իմ այն հարցին, թե կնոջ ծնողներն ինչպե՞ս են ընդունել իրենց ամուսնության փաստը, Արթուրը պատասխանում է. «Ես նրանց բացատրեցի, որ ծառից չեմ ընկել կամ գողություն անելիս չեմ հաշմանդամ դարձել, հայրենիքն եմ պաշտպանելիս եղել: Ես չեմ զղջում, որ հայրենիքիս համար վիրավորվել եմ: Ինչի՞ զղջամ, ունեմ այսպիսի լավ երեխաներ: Ուղղակի ափսոսում եմ նրա համար, որ մեր նախկին ղեկավարությունը «փլուզվեց», ափսոսում եմ, որ Վազգենը չկա: Վազգեն Սարգսյանի օգնությամբ Մ. Հերացու փողոցի վրա կրպակ եմ ձեռք բերել, քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյաներն այդ էլ են ուզում ձեռքիցս խլել: Ես հիացած էի այդ մարդով, նախարար լինելով հանդերձ` յուրաքանչյուր ազատամարտիկին ուշադրություն էր դարձնում, թեկուզ փողոցում: Մի օր Սպայի տանը միջոցառում էր, Վազգեն Սարգսյանը մեքենայով եկավ իջավ, մոտեցավ ինձ ու ասաց` տղա ջան, ինձ հետ գործ ունե՞ս, ասացի` այո: Ասաց` գնամ զեկուցումս կարդամ, դուրս գամ, կխոսենք: Երբ որ եկավ, ասացի, որ մի կրպակ եմ ուզում ձեռք բերել, խանգարում են: Կանչեց իր թիկնապահին, իմ անուն-ազգանունը գրել տվեց եւ հրահանգեց մի շաբաթ հետո իրեն զեկուցել: Նախարար լինելով հանդերձ` մարդկություն ուներ, իսկ այսօր Պաշտպանության նախարարությունից գրում են. «հնարավորության չափով կաջակցենք»: Հիմա ո՞ր մի նախարարին կարող ես փողոցում մոտենալ եւ երկու բառ փոխանակել,- նկատում է Արթուրը՝ ավելացնելով,- Ազատամարտիկներիս համար Երեւանում դեղատուն կար` Հանրապետության հրապարակի մոտ, արդեն մի 3-4 ամիս է, դա էլ չկա, կերան, փակեցին»: Ա. Սարգսյանը սփյուռքահայ բարերարի ֆինանսավորմամբ իր ոտքի պրոթեզավորման խնդիրը կարողացել է լուծել, սակայն արհեստական սրունքից հազվադեպ է օգտվում, որովհետեւ այն կրելու համար բժշկական պարագաները դժվարանում է ձեռք բերել: