“Ոչ ոք չգիտի”. տխուր “քյավառյան” պատմություն

08/12/2006 Վահան ԻՇԽԱՆՅԱՆ

Այդ հարցի պատասխանը նա կիմանա շատ տարիներ անց, ինչ-որ հարցերի պատասխան գուցե այդպես էլ չիմանա: Օրինակ` ինչո՞ւ հատկապես այդ օրը` իր ծննդյան օրը, կախվեց մայրը: Նրա հոգեկա՞նն էր խանգարված, ինչպես պնդում են հորական տատն ու պապը, գլուխը հաճախ ցավելո՞ւց էր, թե՞ հոր հետ հերթական անգամ վիճել էր, գուցե մի ապտակ էլ էր ստացել, ո՞վ գիտի: Տանը, բացի իրենից, վեց տարեկան եղբորից ու ծնողներից, մարդ չի եղել, ու գուցե այլեւս Մարուսյան մահից բացի ուրիշ ելք չունե՞ր: Իսկ ինչո՞ւ երեք օր անց կախվեց հայրը, այդքան մեղավո՞ր էր զգում իրեն կնոջ մահվան համար, որ երկու որդիներին որբ թողեց, թե՞ գյուղում խայտառակ լինելուց վախեցավ: Մարուսյայի հայրը վստահ հայտարարում է, որ իր աղջիկը չի կախվել, Արայի հարվածից է մեռել, ու նա կախել է, որ ինքնասպանություն դիտվի: Գեղարքունիքի մարզի Կարմիր գյուղում օգոստոսին ամուսիններն իրար հետեւից կախվեցին` 26 տարեկան Մարուսյա Թորոսյանը եւ 31 տարեկան Արա Աբաջյանը: «Ուրիշի» տունն Իշխանիկի մորական պապի տունն է: Հայրը թույլ չի տվել դիահերձարանից Մարուսյայի դիակը տանեն ամուսնու տուն, բերել է իր տուն վերջին հրաժեշտը տալու: Թաղմանն էլ թույլ չի տվել, որ ամուսինը, նրա հարազատներն ու երեխաները գան, պատվիրած պսակն այդպես էլ երեխաները չեն հասցնում գերեզման: Մարուսյան չէր ուզում ամուսնանալ Արայի հետ, բայց գյուղում ո՞վ է աղջկա կարծիքը հարցնում. որոշողը հայրն է, ու Տարիելը իր համաձայնությունը տալիս է: Ի՞նչ իմանար, թե ում ձեռքն է ընկնում: Որ մտքով անցներ, աղջկա կարծիքը հաշվի կառներ, չէր տա նրան: Հիմա շատ է փոշմանել, բայց աղջկան էլ հետ չես բերի: Ութ տարի առաջ Արան ու Մարուսյան ամուսնացան, ունեցան երկու երեխա: Արան ձկնորսություն էր անում Սեւանում, ինչպես գյուղի շատ տղամարդիկ, բայց Տարիելն ասում է, որ տուն փող չէր բերում, խմելուն էր տալիս: Իսկ որ հարբում էր, կնոջը ծեծում էր: Արայի ծնողները փորձում են ժխտել, թե իրենց որդին խմող էր ու ծեծում էր կնոջը: Մայրը` Սուսանը, ասում է` ոչ մի կռիվ չի եղել: «Ընտիր հարս էր, աշխատող հարս էր, բայց թե ինչի տենց արավ, չիմացանք»: Բայց, այնուամենայնիվ, չի կարողանում ամեն ինչ թաքցնել, ասում է, որ կինը չէր ուզում, որ ամուսինը խմի. «Կինը չէր ուզում, որ օրաղ խմի: Գյուղ ա, դե, տղամարդ ա, ծով ա էթում-գալի, ընկերների հետ մի բաժակ օրաղ չխմե՞ն: Առնում էր գալի բութուլկեն, կինը հաց չէր դնում դեմը, ասում էր` պտի չխմես»: Ընդհանրապես քյավառցիների խմելու մասին անեկդոտները իրականությանը համապատասխանում են: Ում տուն մտնես, սուրճի փոխարեն օղի են առաջարկում, խմելն այստեղ առօրյայի մասն է, ու տղամարդու ամեն օր խմելը հարբեցողություն չի համարվում. որ չխմի, ուրեմն մի բանը պակաս է. «Մարդ ա, պտի խմա, ո՞ր մեկս չի խմա»,- ասում է Արայի հայրը` Իշխանը: Նրանք հերքում են, որ Արան ծեծել է կնոջը, բայց շատ հարցերից հետո Իշխանն ասում է. «Որ տենց ըլեր, մեր կնանիքը էէէէ՜… ընտանիք չէր մնա աշխարհի վրա: Հիմա մի հատ էլ կարող ա խփա, ի՞նչ կըլի»: Պարզվում է` խփելը «մի անգամ» չի եղել, այլ պարբերաբար. Արան հարբած ժամանակ ծեծել է կնոջը. «Որ խմում էր, ծեծում էր, որ խմած չէր` չէ, նորմալ էր, չէր խփում: Բայց խմում էր այլանդակի նման, դաժե շռե տակը»,- ասում է Տարիելը: Մի քանի անգամ նա գնացել, Արայի ծեծելուց հետո աղջկան հետ է բերել: Վերջին անգամ այս տարվա փետրվարին է բերել. «Ծեծեր էր, աղջիկս զանգեց, գնացի ընդեղ, բարեւ տվեց, բա` նստի: Դու մի ասա` ուզում ա ինձ զարնի: Ծաղկամանը առա, որ տամ գլխին, հերն ու մերը ընկան դեմը, աղջկաս առա` էկա»: Հետո Արայի հայրը հորեղբոր հետ գալիս է հարսին տանելու, Տարիելը չի տալիս: Հետո գալիս է Իշխանի մյուս հորեղբայրը, որի հետ թողնում է աղջիկը հետ գնա. «Ասում էր` բա էրեխեքը մեղք են, ես էլ թողի` գնա, էրեխեքի խաթեր համար թողի»: Գործը քննող Դատախազության քննիչ Գագիկ Խանսամանյանը հաստատում է Տարիելի ասածները, որ ամուսինը ծեծում էր կնոջը. «Չի աշխատել, անախորժ հարաբերություններ են եղել, ինքը բացատրություն գրեց, որ չի ծեծել, բայց երեւում էր, որ ծեծել է»: Մորը կախված վիճակում առաջինը տեսնում է որդին` Արթուրը: Օգոստոսի 3-ն էր, տանը մարդ չկար, պապն ու տատը` Իշխանն ու Սուսանը, արդեն երրորդ ամիսն էր` սարում էին: Արան գնացել էր դաշտ ընկերների հետ կարտոլ խորովելու, այսինքն` խմելու: Պապի եղբոր բակում խաղալուց հետո Արթուրն իջնում է նկուղ ու տեսնում` մուտքի մոտ մայրը կախված, գոռում է ու վազում վեր: Դատաբժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ Մարուսյայի մահը վրա է հասել կախվելուց, մարմնի ծանրությունից, դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Արային Գավառում հարցաքննում, բաց են թողնում: «Ինքը ահավոր ծանր էր տանում, մանավանդ ազդել էր, որ ծնողները դիակը տարել են, չեն թողել, որ իրանք թաղեն»,- ասում է Խանսամանյանը: Արայի մայրը հոգոց է հանում. «Է՜հ, երանի բաց չթողնեին»: Երեք օր անց` օգոստոսի 7-ին, նկուղի մուտքի մոտ կախվում է Արան: Կնոջ մահից հետո Արային ընկերները մենակ չէին թողնում, այդ օրն էլ տանը հինգ-վեց հոգի կային: Ցերեկը` 2-ի մոտ, Արան սենյակից դուրս է գալիս ու երկար ժամանակ չի հայտնվում: Հայրը գնում է նրան փնտրելու ու տեսնում ներքեւում կախված: Իջեցնելիս ծոցից ընկնում է Արայի ու Մարուսյայի լուսանկարը, հետեւում` Արայի գրած նամակը. «Իշխան ջան, ինչպես ինձ ես պահել, էնպես էլ իմ երեխաներին պահի», ու նաեւ երեխաներին` «Ես ձեզ շատ եմ սիրում, բայց չեմ կարող ապրել»: Հարեւաններն ասում են` նա նամուսի զոհ գնաց: Արան ասել է. «Ես իմա՞լ կարամ դուս հելնեմ, որ կնիկս իրան կախել ա»: Հարեւանուհին` Սաթիկ Պետրոսյանը, ինչպես Արայիկի ծնողները, վստահեցնում է, որ նրանց մեջ վեճ չի եղել, սիրով ամուսիններ են եղել. «Մենք իրար հետ շատ մոտ էինք, էկե` կոֆե ենք խմե, Արայիկը որ տանը չլիներ, ասում էր` Արայիկն ի՞նչ եղավ»: Ու նա էլ է կրկնում Արայիկի ծնողների ասածը` ակնարկելով «գլխի» պատճառով կախվելը. «Մարուսյան գլխից շատ էր բողոքում, նեղվում էր, խոսող չէր, բամբասող չէր, ասում էի` ընչի՞ ես վատ, պատասխանում էր` ահ, եսիմ: Անընդհատ ինքն իրանից դժգոհ էր, հարցնում էի` Արայիկը քեզ նեղում ա՞, ասում էր` չէ: Թե էդ խի՞ էղավ, ոչ ես կիմանամ, ոչ դու, ոչ կիսուր-կեսրար, Աստված կիմանա»: Նա Աբաջյանների ընտանիքի ջերմ պաշտպանն է, մեղադրում է Տարիելին, որ աղջկան իր տնից տարավ թաղելու: Սակայն Սաթիկի պատմության մեջ մի մանրամասն հուշում է, թե ինչ կարող է եղած լինել: Նախորդ օրը Սաթիկի եղբայրը գյուղ մթերք է բերած լինում (լոլիկ, սեխ եւ այլն) կարտոֆիլի հետ փոխանակելու համար: Մարուսյան էլ է փոխանակում անում ու Սաթիկին ասում, որ մթերքը պետք է, քանի որ հաջորդ օրը երեխայի ծնունդն է, գնալու են սարը նշեն: Սակայն, փաստորեն, հաջորդ օրը ծնունդը չեն նշում ու սար էլ չեն գնում: Հավանաբար Արան որոշում է գնալ ընկերների հետ խմելու, գուցե Մարուսյայի դժգոհությունների դիմաց մի ապտակ էլ հասցրած լինի: Ի՞նչ աներ կինը. հոր տո՞ւն գնար, էլի պիտի հետ բերեին: Տարիելն ասում է, որ Արան օղին բերում-պահում էր նկուղում, իսկ աղջիկը քանի անգամ շիշը գտել, խփել-ջարդել էր: Այդ օրն էլ է ջարդել, ու Արան խփել է նրան: Գյուղի անչափահասների հարցերով խորհուրդը որոշել է երեխաների խնամակալությունը հանձնել հոր ծնողներին, թեեւ ոչ մի փաստաթուղթ չկա, որ նրանք են երեխաների պապն ու տատը: Մարուսյայի ու Արայի ամուսնությունը գրանցված չէր, ու երեխաները մոր` Մարուսյայի ազգանունով են` Թորոսյան: Տարիելն ասում է. «Մանեթ էղե՞, որ գնան գրանցման»: Մարուսյայի ընտանիքը շատ ավելի բարեկեցիկ է ապրում, քան Արայինը, նույնիսկ տան ներքին հարդարանքից երեւում է: Սակայն խորհուրդն առաջնորդվել է «ադաթով»: Իսկ «ադաթն» ասում է, որ որբացած երեխան հանձնվում է հոր ընտանիքին: Նման մի «ադաթ» էլ ասում է, որ եթե տղամարդը չի խմում, ուրեմն տղամարդ չէ:

www.armenianow.com