Բնական գազի գները շարունակում են աճել

08/12/2006 Ֆ. ԱՍԻՄ, "Զերկալո" (Ադրբեջան)

Ռուսաստանյան գազի առաքումների թեման դեռեւս մնում է գլխավորը համաշխարհային առաջատար ԶԼՄ-ներում: Այնինչ, դեռեւս բոլորը չեն հասցրել պայմանավորվել ռուսաստանյան մենատեր «Գազպրոմի» հետ «երկնագույն վառելիքի» գնի մասին: Իսկ ինքը՝ մենատերը տարեցտարի բարձրացնում է բնական գազի գինը ոչ միայն հեռավոր արտերկրների, այլեւ նախկին սովետական տարածքի իր երբեմնի ռազմավարական գործընկերների համար: «Գազպրոմ» ընկերությունը 2007թ. պատրաստվում է Եվրոպային գազ վաճառել 1000 խմ դիմաց 293 դոլարով: Բելառուսին գազ բաժին կհասնի 200 դոլարով: ՌԴ-ում՝ 1000 խմ դիմաց՝ 49 դոլարով: Այսպիսի ցուցանիշներ են մտցված «Գազպրոմի» 2007թ. բյուջեում. հաղորդում է «Վեդոմոստի» թերթը: Չնայած ընկերության համար ռեկորդային եկամուտներին, նրա ծախսերը գերազանցում են եկամուտները 3,4 մլրդ դոլարով: Կառավարությունն ընկերությանը ստիպում է եկամուտն ուղղել ոչ թե արդյունահանմանը, այլ պարտքի մարմանը: Մենատիրությունը ծրագրում է հեռավոր արտերկրներ արտահանել 157,8 մլրդ խմ գազ, դրա դիմաց ստանալով 46 մլրդ դոլար. ասվում է ընկերության փաստաթղթերում: Դա համարյա 20 տոկոսով ավելի է 37 մլրդ դոլարից, որը ընկերությունն ակնկալում է ստանալ 2006թ. արտահանումից: Այսինքն, 1000 խմ գազի կանխատեսվող գինը պետք է կազմի 293 դոլար: Վերլուծաբանների կարծիքով, չնայած, որ դա խիստ բարձր աստիճան է՝ այժմ Եվրոպայում գազի գինը 260-270 դոլար է, ընկերությունը կարող է ստանալ այդպիսի գին: Ընկերության նույն բյուջետային ծրագրում հաղորդվում է, որ գազի գինը ԱՊՀ-ի համար, առանց Ուկրաինայի, պետք է կազմի միջինը 210 դոլար 1000 խմ դիմաց: Բելառուսին «Գազպրոմը» պատրաստվում է գազ մատակարարել 200 դոլարով: Ռուսաստանյան գազի գնի շուրջ արդեն մի քանի ամիս թեժ վեճ է ընթանում, եւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հոկտեմբերի սկզբին գնի այդպիսի բարձրացումն անվանեց «միանշանակ բոլոր հարաբերությունների խզում, մանավանդ՝ տնտեսական»: Այնուամենայնիվ, «Գազպրոմում», երեւում է, գնի հարցը լուծված են համարում: Գազի գները բարձրացնելու են նաեւ Մերձբալթյան երկրների համար: Ինչպես հաղորդում է «Կոմերսանտը», 2007թ. «Գազպրոմը» կբարձրացնի գինը մինչեւ 210-260 դոլարով՝ 1000 խմ դիմաց: Լիտվայում հույս ունեն ցածրի, Էստոնիայում չեն բացառում բարձրը: Ոլորտի վերլուծաբանները վստահ են, որ Մերձբալթիկայում, ի տարբերություն Բելառուսի, հակասություններ չեն լինի գազի գնի աճման շուրջ, քանի որ այդ երկրները հոգեբանորեն արդեն պատրաստ են բարձրացմանը: Եթե ռուսաստանյան գազային ընկերությանը հաջողվի իրագործել իր բոլոր ծրագրերը, ապա «Գազպրոմը» 98,5 մլրդ դոլար ռեկորդային հասույթ կստանա: Ընդ որում, պաշտոնյաները համարում են, որ «Գազպրոմը» պետք է արտահանումից ստացված լրացուցիչ հասույթը ծախսի արտաքին պարտքի մարման վրա, որը գերազանցում է 27 մլրդ դոլարը: Շաբաթ օրը ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինը հայտարարեց, որ իր գերատեսչությունը «շահագրգռված է, որ զգալի մասը (արտահանումից ստացված լրացուցիչ եկամտի-Ֆ.Ա.) ուղղվի ընկերության արտաքին պարտքերի մարմանը»: Փորձագետներն ասում են, որ ընկերության համար առավել օգտակար կլիներ փողերը ծախսել արդյունահանման ընդլայնման վրա: Ընկերությունը հաշվարկում էր ռուսական շուկայում գների 15 տոկոս աճի դեպքում վաճառքից ստանալ հազար խորանարդ մետրի դիմաց 49 դոլար եկամուտ: Փորձագետները ենթադրում են, որ «Գազպրոմը» մինչեւ 2008թ. ավելի շատ չի կարող ակնկալել: ՌԴ կառավարությունը պատրաստ չէ գազի ներքին գները բարձրացնել ընտրությունների նախաշեմին: Անշուշտ, մեզ չի կարող չհետաքրքրել Ադրբեջանին գազ առաքելու հետ կապված գործերի դրությունը: «Գազպրոմ» ԲԲԸ-ն հաստատեց, որ ծրագրում է 2007թ. Ադրբեջանի գազի մատակարարումը 4,5 մլրդ-ից կրճատել մինչեւ 1,5 մլրդ խմ: Այդ մասին հաղորդեց գազային հոլդինգի պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիանովը: Նրա խոսքերով, նշված «ծավալը թույլ կտա լիովին ապահովել Ադրբեջանի ներմուծվող գազի կարիքները, հաշվի առնելով գների աճը ՌԴ-ից ներմուծելու պարագայում, ինչպես նաեւ հանրապետությունում սեփական արդյունահանման զգալի աճը»: Հարկ է նշել, որ ՌԴ-ից գազի գնումները սկսվել են դեռեւս Ադրբեջանի նախագահի 2000թ. հունիսի 29-ի «Տնտեսությանը եւ բնակչությանը էներգակիրներով ապահովելը բարելավելու միջոցառումների մասին» հրամանի համապատասխան: Այդ ժամանակահատվածում ԱՀԳՆԸ-ին հանձնարարվել էր բանակցություններ վարել տարեկան 1,5-2 մլրդ խորանարդ մետր բնական գազի ձեռքբերման մասին: Ընդ որում, ընդգծենք, որ նույնիսկ այդ ժամանակահատվածում գնվող բնական գազը նախատեսված էր ոչ թե բնակչության, այլ «Ազերէներջիի» ձեռնարկությունների համար՝ մազութի փոխարեն, որն օգտագործվում էր որպես վառելիք էլեկտրաէներգիա արտադրելիս: Այսինքն, տնտեսական տեսանկյունից, այդ ժամանակահատվածում ջերմակայաններում ավելի ձեռնտու էր բնական գազ վառելը, քան՝ մազութ: Սակայն հիմա հարկ է մտածել, թե որքանով է ձեռնտու ձեռք բերել ներմուծվող բնական գազ, եթե դրա գինը կարող է բարձրանալ 52 դոլարից մինչեւ 110 դոլար՝ 1000 խմ դիմաց: Իսկ հիմա խոսքը «երկնագույն վառելիքի» գնի նոր պտույտի մասին է՝ հազար խորանարդ մետրի դիմաց` մինչեւ 230 դոլար: Այսինքն, ներմուծվող գազի գինը մի քանի տարվա ընթացքում ադրբեջանական կառավարության համար կաճի առավել քան 4 անգամ: Անշուշտ, Ադրբեջանի համար ավելի ձեռնտու է էներգետիկ ձեռնարկություններում օգտագործել բնական գազ, որն արդյունահանվում է սեփական հանքավայրերում: Բայց, ցավոք, ադրբեջանական կառավարությունը պահը բաց թողեց, եւ չնայած ածխաջրածնային պաշարներով հարուստ հանքավայրերի գոյությանը, այսօր մենք չենք կարող ապահովել ինքներս մեզ սեփական բնական գազով: Եվ միայն հիմա է ադրբեջանական կառավարությունը թույլատրել ԱՀԳՆԸ-ին՝ սկսել ֆինանսավորել գազարդյունահանման մեծացման վերաբերյալ աշխատանքները: Անհեթեթությունն այն է, որ Ադրբեջանը եկող տարվանից պատրաստվում է դեռ բնական գազ ներմուծել խիստ ցածր գնով` «Շահդենիզ» հանքավայրից՝ նախկինում ստորագրված համաձայնագրերի համապատասխան: Ստեղծված իրավիճակից միակ ելքը մնում է` ընթացիկ տարում դիմանալ մազութի մեծ քանակության արտադրության ճանապարհով եւ այն «Ազերէներջիի» ձեռնարկություններին մատակարարելով՝ էլեկտրաէներգիայի արտադրության համար: Այս գործողությունը՝ բնական գազը մազութով փոխարինելը, պարտադրված միջոց կլինի, բայց թույլ կտա լուծել ոչ միայն էներգետիկ խնդիրները, այլեւ դիմանալ Կրեմլի քաղաքական ճնշմանը, եթե պաշտոնական Բաքուն սատարի Վրաստանին: