Ծնողական տագնա՞պ, թե՞ պարզապես անխղճություն

08/12/2006 Նատաշա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Չորս ամսական Աշոտիկին սրտի լուրջ վիրահատություն են կատարել: Նորք-Մարաշ սրտաբանական կենտրոնում մնալուց ու փոքր-ինչ կազդուրվելուց հետո փոքրիկը տեղափոխվել է Նորքի մանկատուն: Բանն այն է, որ ժամանակին իմանալով, որ իրենց երեխան սրտի արատ ունի, Աշոտիկի ծնողները հրաժարվել են նրանից: Իսկ թե ինչպե՞ս է անցել նրա վիրահատությունը, կամ ո՞վ է խնամել երեխային այդ բարդ վիրահատությունից հետո, ծնողները չգիտեն. դա նրանց չի անհանգստացնում: Ի՞նչն է ստիպել երեխայի ծնողներին հրաժարվել իրենց չորս ամսական հիվանդ երեխայից: Նորք-Մարաշ սրտաբանական կենտրոնի բուժական հարցերով փոխտնօրեն Աշխեն Բաղինյանն ասում է, որ վիրահատության համար գումար չունենալն ընդհանրապես այստեղ կապ չունի: Բանն այն է, որ մինչեւ յոթ տարեկան երեխաները կենտրոնում վիրահատվում են անվճար՝ պետպատվերի շրջանակներում: – Հիմնականում պատճառաբանում են, թե. «Տանենք, հաշմանդամ երեխա պահե՞նք»,- ասում է տիկին Բաղինյանը: -Աշոտիկի դեպքը միայն այս տարվա մեջ արդեն երրորդն է: Մի քանի ամիս առաջ էլ մի փոքրիկի անմիջապես ծննդատնից էին բերել: Ծնողներն էլի հրաժարվեցին երեխայից: Աշխեն Բաղինյանն ասում է, որ երեխայից հրաժարվելու դեպքում երկու ծնողն էլ դիմում են գրում հիվանդանոցում, հրաժարվում: Իրենք դիմումն ուղարկում են ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, որտեղից էլ երեխային ուղարկում են մանկատուն: Մինչ այս, սակայն, հիվանդանոցի տնօրինությունը փոքրիկի համար հատուկ խնամող է հրավիրում՝ մինչեւ նրա ապաքինվելը: – Այդ երեխաների հետ մենք շատ ենք կապվում,- ասում է նա,- մանկատուն տանելուց հետո էլ միշտ զանգում ենք, հետաքրքրվում, թե ինչպես են: Հատկապես Աշոտիկին մեր բուժքույրերը շատ էին սիրում, չէին ուզում, որ գնա հիվանդանոցից: Աշխեն Բաղինյանի հավաստմամբ՝ նույնիսկ որոշ մարդիկ ցանկացել են որդեգրել այդ փոքրիկներին, սակայն որդեգրման հետ հիվանդանոցը կապ չունի: Նրանք պետք է մանկատուն դիմեն: Իսկ ինչ վերաբերում է երեխաների ծնողներին, ապա նրանք, ցանկության դեպքում, իհարկե, նույնպես կարող են դիմել մանկատուն եւ այնտեղից հետաքրքրվել իրենց երեխայի ճակատագրով: ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացանք, որ մանկատներում լիարժեք առողջ երեխաներ հազվադեպ են հանդիպում. ծնողներն ավելի շատ հրաժարվում են հիվանդ երեխաներից: Նախարարության երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Լենա Հայրապետյանի խոսքերով՝ քանի որ մանկատան երեխաների 90 տոկոսից ավելին լիարժեք առողջ չեն, բնականաբար, Հայաստանում գերակշռում է հիվանդ երեխաների որդեգրումը. «Հաշմանդամ երեխաներին ավելի շատ որդեգրում են օտարերկրացիները,- ասում է նա,- քանի որ այնտեղ նրանք ավելի շատ միջոցներ ունեն՝ երեխային խնամելու եւ բուժելու համար: Նրանք հիմնականում հաշվի չեն առնում երեխայի առողջական վիճակը: Լինում է նաեւ ընտանեկան տիպի որդեգրում, երբ երեխաներին բարեկամներն են որդեգրում՝ տատը, մորաքույրը, հորեղբայրը եւ այլն»: Ի վերջո, ինչո՞ւ է ծնողը, եւ հատկապես՝ մայրը, թողնում իր երեխային: Հնարավո՞ր է, արդյոք, արդարացնել նման արարքը: Հոգեբան Հերմինե Պետրոսյանը գտնում է, որ արդարացնելը կամ չարդարացնելը ոչ թե հոգեբանին է վիճակված, այլ կրոնավորին: Իսկ հոգեբանը կարող է հասկանալ եւ օգնել. արդարացնել, եթե կա պատճառ: Իսկ ինչ վերաբերում է ծնողի՝ երեխայից հրաժարվելուն, ապա, Հ. Պետրոսյանի կարծիքով, այս դեպքում գործում է ծնողական տագնապը: – Պատճառը գուցե ծնողական մշտական մաքսիմալիզմն է, երբ նրանք ուզում են իրենց երեխային տեսնել կատարյալ,- ասում է նա: -Երբ հույսերը չեն արդարանում, ծնողական տագնապի հետեւանքով՝ մերժողական վերաբերմունք է դրսեւորվում հիվանդ երեխայի նկատմամբ: Սա կարող է ընդհանուր հոգեբանական բացատրություն լինել, սակայն շատ դեպքերում գործում են անհատական պատճառներ, որոնք պետք է առանձին-առանձին ուսումնասիրել: Տարօրինակ մեկնաբանություն: Չէ՞ որ շատ հաճախ երեխաները հաշմանդամ են ծնվում հենց ծնողների մեղքով, քանի որ նրանք մինչ հղիանալն ինչ-ինչ հիվանդություններ են ունենում կամ ինչ-որ ինֆեկցիաներ, որոնք անդրադառնում են պտղի վրա: Բացի այդ, մեր հասարակության՝ հաշմանդամների նկատմամբ սխալ վերաբերմունքն է նաեւ պատճառը, որ ծնողները չեն ցանկանում պահել իրենց երեխաներին: Նաեւ մեր պետությունն է հաշմանդամների նկատմամբ քիչ հոգատարություն ցուցաբերում: