«Դպրոցական երեխայիս համար այսօր ավելի մեծ գումարներ եմ ծախսում, քան ուսանողի համար կծախսվեր: Դպրոցում ամեն օր փող են հավաքում ինչ-որ բանի համար՝ կամ Ուսուցչի տոնն է, կամ ծնողական ժողովի համար է պետք փող հավաքել, կամ Մարտի 8-ի կապակցությամբ: Սա էլ հերիք չէ, ամեն ամիս 200 դրամ ֆոնդի գումար ենք հավաքում: Դրանից առանձին՝ հավաքարարի փողը, որ դասասենյակը մաքրի: Վերջերս էլ որոշեցին վերանորոգել դասարանը եւ յուրաքանչյուր աշակերտից 7000-ական դրամ հավաքեցին: Սա` այն դեպքում, երբ դասարանում 31 աշակերտ կա: Թե ի՞նչ եղավ այդքան գումարը, չգիտեմ: Ու չեմ էլ հասկանում, թե այդ ֆոնդի փողն ինչի համար է, երբ ամեն առիթով գումար են հավաքում, իսկ ֆոնդից ոչինչ չեն ծախսում»,- ասում է չորրորդ դասարանում սովորող աշակերտի մայրը: Վերջինիս խնդրանքով չենք բացահայտում ոչ նրա անունը, ոչ էլ այն, թե որ դպրոցում է սովորում երեխան: Ծնողը վախենում է, որ երեխան կարող է խնդիրներ ունենալ դասղեկի եւ դպրոցի տնօրինության հետ: Իսկ ինչպե՞ս են վճարում սոցիալապես անապահով ընտանիքները: Վերոնշյալ ծնողի խոսքերով՝ նրանք, ովքեր ի վիճակի չեն տալ ֆոնդի եւ մյուս բոլոր վճարումները, դիմում են դպրոցի տնօրենին՝ ներկայացնելով իրենց սոցիալական վիճակը: Սակայն իրականում ինչի՞ համար են այս դրամահավաքները դպրոցներում: Օրենքով ոչ ոք չի սահմանել, որ դպրոցականների ծնողները պարտավոր են որեւէ գումար վճարել, հատկապես, երբ յուրաքանչյուր դպրոց աշակերտների քանակով որոշակի գումար է ստանում պետությունից: Իսկ ինչ վերաբերում է ծնողների վճարել-չվճարելուն, ապա ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության Հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանի խոսքերով, դա խիստ կամավորական բնույթ ունի. եթե չեն ուզում, թող չվճարեն: – Դպրոցական ֆոնդ հասկացողությունը ծնողական օգնություն է, որը հոգում է դպրոցի կարիքները,- ասում է նա: -Դպրոցը ներկայացնում է իր կարիքը ծնողական համայնքին, եւ նրանք օգնում են այն հոգալու խիստ կամավորության սկզբունքով: Ծնողը կարող է տալ այդ գումարը, կարող է եւ չտալ: Պարտադիր որեւէ բան չկա, որ, օրինակ, սահմանված լինի որեւէ գումար, ու տան այդ գումարը: Ճիշտ է, յուրաքանչյուր աշակերտի թվով դպրոցները ֆինանսավորվում են, բայց էլի կարիքներ ունեն՝ պետք է աշխատավարձ տան, կոմունալ ծախսեր անեն: Դրամահավաքության հետ կապված խնդիրներ ունեն հատկապես այն դպրոցները, որոնք քիչ թվով աշակերտներ ունեն: Լինում է, երբ սոցիալական ներդրումների հիմնադրամով դպրոցում շինարարություն են անում, եւ գումարի որոշ տոկոսն էլ պետք է ծնողները տան: Նրանց մեջ խուճապ է առաջանում, թե գումար են հավաքում: Բայց եթե բաժանենք այն երեխաների մեջ, յուրաքանչյուրին 200-300 դրամ է գալիս: Նարինե Հովհաննիսյանն ասում է, որ իրենք զանգեր են ստանում, երբ ծնողներն ասում են` երեխաս վատ է զգում, որ իր կողքինը գումարը տալիս է, ինքը՝ ոչ: Ն. Հովհաննիսյանը ծնողներին կոչ է անում վատ չզգալ, նշելով, որ բոլոր երկրներում էլ դա ընդունված է՝ ով ցանկանում է, մասնակցում է դրամահավաքին, ով չէ՝ չի մասնակցում: – Պետք է սովորել դրան, դա էլ հատուկ մշակույթ է,- ասում է նա: -Եվ հետո, չի հայտնվի այնպիսի ուսուցիչ կամ տնօրեն, որ վատ վարվի այն երեխայի հետ, ով փող չի տալիս: Դա ուղղակի հնարանք է: Հետո, եթե դպրոցում 300 աշակերտ կա, հազիվ 120-ն է մասնակցում դրամահավաքին: Մինչդեռ գումարը 300-ով են բազմապատկում, ու ահռելի թվեր են ստացվում: Կան նաեւ դպրոցներ, որոնք այլ միջոցներ են գտնում` հոգալու իրենց կարիքները: Երեւանի Ստեփան Շահումյանի անվան թիվ մեկ դպրոցի տնօրեն Լիլի Վարդգեսյանի խոսքերով՝ իրենց դպրոցում դասղեկներին արգելված է գումարներ հավաքել: Անգամ 10-րդ դասարանցիները վերջին զանգի համար գումար չեն հավաքում: Իսկ եթե ցանկանան ավարտական երեկո կազմակերպել, ապա այն պետք է քննություններից հետո անեն, իսկ դրա հետ դպրոցն արդեն կապ չունի. ցանկանում են` թող կազմակերպեն: – Մեր դպրոցը վերանորոգվել է տարբեր կազմակերպությունների օգնությամբ: Երկու դահլիճներն ԱՄՆ-ի դեսպանատան «Փրկենք երեխաներին» ծրագրի շնորհիվ են վերանորոգվել, մյուս մասերը՝ սոցիալական տարբեր ներդրումների շնորհիվ: Դրանցից մեկի ժամանակ ես ընդհանուր ծնողական ժողով կազմակերպեցի եւ ասացի ծնողներին, որ գումարի որոշ տոկոսն իրենց օգնությամբ պետք է հավաքվի, ու յուրաքանչյուրը 1500-ական դրամ պետք է տա, սակայն դա պարտադրաբար չէ: Գումարը չհավաքվեց, քանի որ ծնողները պնդել էին, թե՝ տնօրենն ասաց, որ կամավոր է, կարող ենք չտալ: Ստիպված դիմեցինք մեր թաղապետարանին, որ մեզ այդ գումարը տրամադրեն,- ասում է Լ. Վարդգեսյանը: Վերջինիս հավաստմամբ, գուցե դասարաններն ունեն իրենց ֆոնդը, սակայն ինքն իրեն թույլ չի տալիս հետաքրքրվել դրանով, ոչ էլ դպրոցի ծնողական կոմիտեի նախագահից կամ այլ ծնողից է որեւէ բողոք ստացել ֆոնդի գումարի վերաբերյալ: Այսպիսով, որքան էլ բոլորը պնդում են, թե դպրոցական դրամահավաքը կամավոր է, ծնողները շարունակում են բողոքել: Ու նրանց հավաստմամբ, եթե այսպես շարունակվի, շատ-շատերը պարզապես ի վիճակի չեն լինի իրենց երեխաներին դպրոց ուղարկել: