Իրականում վատ չէր լինի, եթե գոնե մեկ կինոռեժիսոր որոշեր ֆիլմ նկարահանել տարիներ շարունակ մրցույթի դրվող-հանվող «Հայֆիլմ» կինոստուդիայի սեփականաշնորհման մասին: Վստահ ենք, որ այն կլիներ լավագույնների շարքում եւ մասնակցելով «Օսկար» մրցանակաբաշխությանը, կարող էր անգամ շատ լուրջ մրցանակների արժանանալ:
«Հայֆիլմ» կինոստուդիայի տնօրինությունը սեպտեմբեր ամսին ուրախացել էր, որ կինոստուդիան սեփականաշնորհելու վերաբերյալ մրցութային հայտ ներկայացրած «Գաֆէսճյան» հիմնադրամի ծրագիրը սառեցվեց: Իսկ հիմա արդեն ուրախացել են, որ ամերիկահայ ինչ-որ Խաչիկ Խաչիկյան այն սեփականաշնորհելու նոր ծրագիր է ներկայացրել, որի առաջարկած պայմաններն, ըստ կինոստուդիայի տնօրեն Գեւորգ Գեւորգյանցի, «ֆանտաստիկ» են: Ի դեպ, պարզվեց, որ ոչ միայն Խաչիկյանն է հայտ ներկայացրել, այլեւ՝ կինոռեժիսոր Ռուբեն Քոչարը:
Այդ Խաչիկյանը ես եմ
Օրերս մամուլում հրապարակվեց, որ «Vision Quest Pictures» ընկերության ամերիկաբնակ նախագահ ոմն Խաչիկ Խաչիկյան ցանկություն է հայտնել 1մլն 500.000 ԱՄՆ դոլարով գնել «Հայֆիլմ» կինոստուդիան: Ավելին, պարոն Խաչիկյանը հայտարարել է, թե ստուդիայում «կնախապատրաստի տեղական աշխատակազմեր», որովհետեւ, իր համոզմամբ, «պատմականորեն աշխարհում չեն եղել հայերից լավ նկարահանող անձնակազմեր»: Եվ որպեսզի հայերին վերադարձնի պատմականորեն նկարահանելու տաղանդ ունեցող անձնակազմերին, նա որոշել է սեփականաշնորհել «Հայֆիլմ» կինոստուդիան:
Իսկ հիմա այն մասին, թե ով է այս գաղափարի հեղինակը: Լսելով, որ նա ունի «Vision Quest Pictures» ընկերություն, նախ որոշեցինք նրա մասին տեղեկություններ ստանալ ինտերնետի միջոցով: Տարբեր կայքերում նման ընկերության որոնման մեր ջանքերն ապարդյուն էին, քանի որ չգտնվեց գոնե մեկ «Vision Quest Pictures» ընկերություն, որի նախագահի անուն-ազգանունը Խաչիկ Խաչիկյան կլիներ: Փորձեցինք նրան «որոնել» անուն-ազգանունով, սակայն սա եւս արդյունք չտվեց: Ինտերնետից դուրս մեզ հաջողվեց պարզել, որ նա «Ժառանգություն» հասարակական-քաղաքական կազմակերպության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի քենակալն է, որը, երբ վերջինս ԱԳ նախարար էր, ցանկանում էր նրա միջոցով գնել Կայարանի մերձակայքում գտնվող Մյասնիկյանի անվան կարի ֆաբրիկան (այն այժմ Խաչատուր Սուքիասյանինն է), սակայն այն ձախողվեց, քանի որ նախարար քենակալը հեռացվեց պաշտոնից: Իսկ հիմա Խաչիկ Խաչիկյանն ապրում է ԱՄՆ-ի Էլ Չինո քաղաքում, որտեղ շուրջ 7000 հայ բանտարկյալներ կան այժմ: Այնտեղ նա ունի սեփական կահույքի ֆաբրիկա: Ասում են, որ նա ԱՄՆ-ում հայտնի է նրանով, որ մի քանի անգամ դիտավորյալ այրել է իր բնակարանը, քանի որ այդ երկրում ապահովագրական ընկերությունները մեծ գումարներ են վճարում պատահարների համար: Սակայն այս ամենը կանխվել է, երբ ապահովագրական ընկերություններից մեկն ապացուցել է, որ տունն այրվել է ոչ թե անփութությունից, այլ՝ դիտավորյալ:
«Այնքան ֆանտաստիկ է, որ անհավատալի է»
Այս խոսքերի հեղինակը «Հայֆիլմ» կինոստուդիայի տնօրեն Գեւորգ Գեւորգյանցն է, որն այս եզրահանգմանն է եկել այն բանից հետո, երբ ծանոթացել է Խաչիկ Խաչիկյանի ու նրա ներկայացրած ծրագրի հետ: Գեւորգյանցը պնդում է, որ դրանից լավ առաջարկ իրենք չէին կարող անգամ երազել, որովհետեւ Խաչիկ Խաչիկյանն առաջարկում է 1մլն 500.000 ԱՄՆ դոլար մուծել պետությանը, եւ անմիջապես առաջին փուլում 100 մլն ԱՄՆ դոլարի ներդրում կատարել ստուդիայում. «Պատկերացնո՞ւմ եք, նա առաջին փուլում 100 մլն դոլար է ներդնելու տեխնիկայի, տաղավարների կառուցման համար, որից հետո նորից 100 մլն դոլար կներդնի, ստուդիայի տարածքում հյուրանոցային համալիր, այլ տարածքներ կառուցելու համար, որպեսզի ֆիլմերում կադրեր օգտագործելու համար քաղաքներ կարողանանք սարքել»,- ոգեւորված ասում է Գ. Գեւորգյանցը:
Հիշեցնենք, որ «Գաֆէսճյան» հիմնադրամն առաջարկել էր 600.000 ԱՄՆ դոլար մուծել պետբյուջե ու 500.000 դոլարի ներդրումներ կատարել մեկ տարվա ընթացքում, իսկ Ռուսաստանում հայ համայնքի նախագահ Արա Աբրահամյանն առաջարկել էր՝ 1մլն ԱՄՆ դոլար մուծել պետբյուջե, իսկ 6 մլն դոլարի ներդրում կատարել ստուդիայում: «Տարօրինակ ոչինչ չե՞ք տեսնում Խաչիկյանի առաջարկում»՝ մեր հարցին ի պատասխան, Գ. Գեւորգյանցն ասաց. «Նախագահն էլ նույն հարցը տվեց ինձ, ինքն էլ ասաց՝ տարօրինակ չէ՞: Հա, տարօրինակ է, դա ֆանտաստիկ բան է, որի մասին մենք անգամ պատկերացնել չէինք կարող, բայց ես նախագահին էլ ասացի, որ մենք կորցնելու ոչինչ չունենք, այստեղ ոչ մի վտանգ չկա, ինքն այդ գումարները գրավ է դնում, ու եթե հանկարծ ոչինչ չանի, ապա եթե մի տեսախցիկ էլ առնի, դա մեզ է մնալու: Մենք վախենալու բան չունենք»,- համոզում էր կինոստուդիայի տնօրենը՝ համոզելով, անտեղի չնեղացնել գնորդին, որպեսզի նա չվիրավորվի ու չթողնի-գնա: Գ. Գեւորգյանցից հետաքրքրվեցինք՝ արդյոք ինքը, որպես կինոստուդիայի տնօրեն` փորձե՞լ է պարզել, թե ով է ցանկանում տիրանալ «Հայֆիլմին», նրա ֆինանսական վիճակին ծանո՞թ է, թե՞ ոչ, կամ ի՞նչ գործունեություն է նա ծավալում ԱՄՆ-ում: Պարզվեց, որ իր եւ Խաչիկյանի միջեւ տեղի ունեցած մասնավոր զրույցներից մեկի ընթացքում «խոսքի մեջ» Խաչիկյանն ասել է, որ ինքն այդքան փողեր չունի, ունի ընդամենը 10-15մլն ԱՄՆ դոլար, իսկ մնացածը պետք է փորձի ձեռք բերել ինչ-որ բանկերից ու «պարտնյորներ փնտրի»: «Ինքն ասաց, որ սկզբում կներդնի իր ամբողջ գումարը, որպեսզի կարողանա բանկերին ու շահագրգիռ պարտնյորներին ապացուցել, որ ինքը ռիսկի տակ է դնում իր ամբողջ փողերը, որպեսզի նրանք էլ գումարներ տան,- ասաց Գեւորգյանցը՝ շարունակելով,- նա ասում է՝ ես խենթ եմ եւ ուզում եմ իմ ազգի համար մի լավ բան անել: Հետո՝ նա իր բոլոր պարտնյորներին պիտի համոզի, որ տարեկան 2-3 մլն դոլար եկամուտ կունենան «Հայֆիլմից», ու նրանք գումարներ կներդնեն»: Այսքանից հետո, որքան էլ ցանկանանք այս առաջարկը համարել «լավը» ու որեւէ վատ բան չգրենք, որպեսզի Խաչիկյանը չնեղանա՝ չենք կարող: Որովհետեւ միայն Խաչիկյանի արտահայտած փայլուն գաղափարները բավական են համոզվելու համար, որ մենք ոչ միայն «պատմականորեն աշխարհում ամենալավ նկարահանող անձնակազմերն ունենք», այլեւ նույնքան լավ «քցողներ ու խաբողներ»:
Ինչը դուր չի գալիս Խաչիկյանին
Ի դեպ, պարոն Խաչիկյանն արդեն հասցրել է իր գնահատականը տալ, թե ինչն է պակասում մեր ֆիլմերում, որը նա ստուդիան սեփականաշնորհելուց հետո անպայման կուղղի: Այսպիսով, Խաչիկյանն ասում է, որ՝ «Օրինակ, մեր ֆիլմերում բացակայում է «կեղծ» դերասանությունը, ասենք, դերասանը պետք է ընկնի ավտոմեքենայի տակ կամ բարձրահարկ շենքից: Մեզ մոտ դրա դպրոցը չկա»: Այնպես որ՝ հենց Խաչիկյանը գա՝ մեր դերասանները կսկսեն սովորել, թե ինչպես պետք է «կեղծ» դերասանություն անեն՝ բարձրահարկերից ընկնեն, ավտոմեքենայի տակ ընկնեն… Մինչ այս ամենն ուսանելը, «Հայֆիլմի» տնօրինությունն ու իշխանությունները ավելի լավ կանեն` սովորեն` ինչպես անեն, որպեսզի չընկնեն Խաչիկյանի խաբեությունների տակ, որից հետո հաստատ չի օգնի անգամ «կեղծ» դերասանությունը: