Խուլ ու համրերի համար քիչ հեռուստածրագրեր կան

08/12/2006 Անի ՀԱՐՈՅԱՆ

Խուլերի միավորման թարգմանչուհի Ռիմա Փահլեւանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ սուրդո թարգմանիչ դառնալու համար հատուկ մասնագիտություն պետք չէ: Հիմնականում թարգմանչուհիներն այդ ժեստերին տիրապետում են ոչ թե հատուկ դասընթացների շնորհիվ, այլ հատկապես այն ժամանակ, երբ ընտանիքի անդամներից որեւէ մեկը խուլ ու համր է լինում: Ռ. Փահլեւանյանը հավաստեց, որ այսօր շատ ուսանողներ են ցանկանում սովորել ժեստերի այդ լեզուն: Ինքը՝ տիկին Փահլեւանյանը, ստիպված է եղել սովորել այդ ժեստերը, քանի որ ծնողները խուլ ու համր են: – Խուլերի միավորման նախագահի հետ բազմիցս դիմել ենք տարբեր հեռուստաընկերություններ, բայց մեզ մերժել են: Մեր խուլերին շատ հետաքրքիր են հատկապես «02» եւ «Իմ իրավունքը» հաղորդաշարերը: Ես ինքս նաեւ դիմել եմ «Հ2» հեռուստաընկերություն, այն ժամանակ դեռեւս «Պրոմեթեւս» էր կոչվում: Առաջարկեցի, սակայն ինձ ասացին, որ վճարումը պետք է կատարի մեր վարչությունը: Բնականաբար վարչությունն այդքան գումար չէր կարող տրամադրել: Այլ հեռուստաընկերություններում էլ ասում են, որ անհրաժեշտ տեխնիկան չունեն: Բացի այդ, ասում են, որ հասարակությունն է բողոքում: Բողոքում են, թե երբ էկրանին սուրդո թարգմանություն է հեռարձակվում, շեղվում են եւ չեն կարողանում ճիշտ ընկալել,- ասաց Ռիմա Փահլեւանյանը: Որոշ հեռուստադիտողներ նշում են, որ ոչ միայն նյարդայնանում են, այլեւ իրենց ուշադրությունը շեղվում է, երբ նայում են սուրդո թարգմանչի շարժումներին: Երբեմն էլ մտովի փորձում են համեմատել, թե որ բառը որ շարժումին է համապատասխանում: Այդ պատճառով էլ չեն կարողանում լսել: Մեր հեռուստաընկերություններն էլ, կարծես հետեւելով հեռուստադիտողների ձայների մեծամասնությանը, աշխատում են խուսափել` մոռանալով, որ խուլ ու համր մարդիկ եւս մեր հասարակության անդամ են: Այսօր սուրդո թարգմանությամբ հաղորդումներ հեռարձակում է ԱԼՄ հեռուստաընկերությունը, իսկ Հանրային հեռուստատեսութունը «Հայլուր» լրատվական ծրագրի ժամանակ տեսաշարի հետ վազող տողով նաեւ համառոտ լուրեր է ներկայացնում: – ԱԼՄ հեռուստաընկերության եթերում սուրդո թարգմանությամբ հեռարձակվում են «Օրեցօր» լրատվական ծրագրի չորս թողարկումները, ինչպես նաեւ` Տիգրան Կարապետյանի «Հարցի արժեք» եւ «Դիրքորոշում» հեղինակային ծրագրերը,- մեզ հետ զրույցում ասաց «Օրեցօր» լրատվական ծրագրի խմբագիր Ռուզաննա Ստեփանյանը,- արդեն չորս տարի է, ԱԼՄ հեռուստաընկերությունն ունի սուրդո թարգմանչուհի` Նախշուն Ազիբեկյանը: Ըստ խմբագրի` եթե լինեն առաջարկներ նաեւ այլ հաղորդումների վերաբերյալ, ապա իրենք անպայման կընդունեն: Իսկ «Շանթ» հեռուստաընկերության ծրագրերի բաժնի աշխատակցուհին ասաց, որ իրենք դեռեւս նման ծառայություն չունեն, եւ դա տնօրենի լուծելիք խնդիրն է: