– Վերջին տարիներին անընդհատ խոսվում է Երեւանի ճարտարապետական, քաղաքաշինական դեմքը վերականգնելու, պահպանելու մասին: Ըստ Ձեզ` ո՞րն է այդ դեմքը, եւ արդյո՞ք տեղին են այն վերականգնելու մասին խոսակցությունները:
– Այդքան որ ասում են` Երեւանի դեմք, լավ կլինի, որ հիշեն Անդրեյ Բելիին եւ Մանդելշտամին, որոնք շատ տաղանդավոր եւ աշխարհն ընկալող մարդիկ լինելով, թարմ աչքերով եկել եւ տեսել են Երեւանը, որը եղել է փոշոտ, գավառական, խղճուկ մի քաղաք: Եվ երբ այսօր ոմանք Երեւանը համեմատում են եվրոպական քաղաքների հետ, ապա պետք է հասկանան, որ նման համեմատությունն ուղղակի ճիշտ չէ, քանզի եվրոպական քաղաքներն այլ պատմական ճանապարհ են անցել, իսկ Երեւանն այդ ճանապարհը չի անցել: Երեւանը եղել է խղճուկ մի բնակավայր` 20.000 բնակչությամբ, որոնց մեծ մասն էլ, ի դեպ, ոչ հայազգի: Եվ պատմական, գեղագիտական դեմք, որպես այդպիսին, այդ շրջանում Երեւանը չի ունեցել: Ու չի կարելի այն համեմատել Վիեննայի կամ Պրահայի հետ: Ոչ թե` որ նրանք ավելի լավն են, այլ` տարբեր պայմաններում են ձեւավորվել: Այնպես որ, Երեւանը երբեք չի եղել եվրոպական քաղաք: Ինչ վերաբերում է դրանից հետո եկող պատմությանը, ապա այդ քաղաք է գալիս մեծ վարպետ, շատ մեծ ճարտարապետ, ըստ իս` միակ ակադեմիկոսը մինչ այսօր, գալիս է այն պայմաններում, երբ պետությունն արդեն հստակ ձեւակերպել է տնտեսական, քաղաքական, սոցիալական խնդիրները, որոնք դրվում են այդ մեծ վարպետի առջեւ, եւ այդ մեծ վարպետն իր գործը համապատասխանեցնում է այդ պահանջներին: Եվ այդ պատվերը կատարում է փայլուն: Այստեղ հարկ է նշել, որ Հայաստանում մինչ այդ մենք քաղաքաշինական դպրոց չենք ունեցել: Եվ երբ որ Թամանյանը եկավ Երեւան, եւ 1924թ. պետականորեն հաստատվեց նրա մշակած գլխավոր հատակագիծը, առաջացավ գործունեության մեծ դաշտ, քանի որ ստեղծվեց որոշակի քաղաքաշինական տարածք, որը պետք է կառուցապատվեր: Եվ այդ հատակագիծն արված էր այնքան փայլուն կերպով, որ քաղաքաշինության խնդիր այլեւս չկար, պետք էր շարունակել կառուցապատել Թամանյանի հատակագծով հաստատված տարածքը: Եվ պարզ է, որ ճարտարապետների այն ժամանակվա փոքրաթիվ բանակը պիտի զբաղվեր կառուցապատմամբ: Դրա համար էլ մեզ մոտ ծավալ ստեղծելու ճարտարապետությունը շատ ավելի մեծ թափ ստացավ, քան քաղաքաշինական տեսակետից տարածք կազմակերպելը: Քաղաքաշինական ծրագրից բացի, Թամանյանը նաեւ հետագա սերունդներին հուշեց, թե այդ ծրագրի կառուցապատման ընթացքում ինքն ինչպիսի ճարտարապետություն է հաստատում այս քաղաքի ապագայի համար: Նա շատ լավ գիտակցում էր, որ ամբողջ ծրագիրն ինքը չի հասցնի իրականացնել, դրա համար էլ քաղաքի հանգուցային կետերը` եւ իրենց դիրքով, եւ գեղագիտական արժեքով, հասցրեց սկսել եւ նշմարեց բարձր ճարտարապետության ճանապարհը: Որտեղի՞ց էր գալիս այդ ճանապարհը. Անիից, Երերույքից, որոնք ազգային ճարտարապետության` համաշխարհային ճանաչում ունեցող ամենավառ նմուշներն են: Այսինքն` նա մի քանի հարյուրամյակ հետ գնաց եւ կամուրջ ստեղծեց այդ շրջանի բարձր, հզոր ճարտարապետության եւ ներկայի միջեւ, կամուրջ, որի մի հենարանն Անիում էր, մյուսը` 20-րդ դարում: Եվ նրա կառուցած Օպերայի շենքը, կառավարության շենքը եւ այլն, դա են նշմարում: Նա մեզ հուշում էր, թե հետո ինչ է պետք անել: Այ հիմա, երբ հետոն եկավ, այդ կամուրջի տակ մնացին 19-րդ դարում կառուցված այդ սեւ քարից շենքերը, սակայն Թամանյանի ստեղծած կամուրջի այս մի հենարանը ստեղծեց հրապարակը, շարունակություն ունեցավ հրապարակի կառուցապատումն առանց Թամանյանի, դեպի Կայարան տանող փողոցը, Կիեւյան փողոցը, Մաշտոցի պողոտան եւ այլն, եւ այն վարպետները, որոնք Թամանյանի հուշածը լավ էին հասկացել, շարունակեցին այդ մասշտաբի, այդ որակի բարձր ճարտարապետությունը: Ինչ վերաբերում է նորագույն ժամանակներին, ապա 1981թ.-ից հետո Երեւանում որեւէ քաղաքաշինության մասին խոսելն ուղղակի ծիծաղելի կլինի, քանի որ քաոս էր` ինչպես կյանքում, այնպես էլ քաղաքաշինության մեջ: Եվ այդ քաոսը պիտի շարունակվեր այնքան, մինչեւ ինչ-որ մեկը սեղանին դներ ծրագիր. լավ, թե վատ` հարցի մյուս կողմն էր: Այդ մարդը եղավ Նարեկ Սարգսյանը, եւ նրա առաջարկած ծրագիրը հենվում էր Թամանյանի գաղափարի վրա: Եվ այդ ծրագրով բացվեցին փողոցներ` Իտալականը, քաղաքապետարանի առջեւի հրապարակը, եւ այլն: Այդ ծրագրում ներառված էր Գլխավոր պողոտայի, Ֆիրդուսու շուկայի տարածքի, Կոնդի, Կոզեռնի կառուցապատումը, եւ վերջապես` Հյուսիսային պողոտան: Հիմա այսքան որ վիճում են Հյուսիսային պողոտայի շուրջ, ասեմ, որ Թամանյանը մի քանի տարբերակ է ունեցել, որոնց մեջ առաջին հերթին եղել են ապագա պողոտան սահմանող հայտնի երկու գծերը: Հիմա, որ այսքան խոսում են Օպերայի շուրջ եղած այգու մասին, պետք է իմանան, որ Թամանյանի մոտ Օպերայի շուրջ այգի չի եղել: Այգին այնտեղ էր, որտեղ այսօրվա Ֆրանսիայի հրապարակն է: Ինչ-ինչ պատճառներով Թամանյանի տարբերակը փոխվեց եւ այգին ստեղծվեց այսօրվա տեղում, մինչդեռ Թամանյանն այսօրվա այգին կառուցապատել էր: Օպերայից դեպի հրապարակ գնացող պողոտայի` նրա գաղափարը, կառուցապատման առաջարկի առումով, դեռ չէր հասունացել, ուղղակի փողոցն անպայման պետք է լիներ:
– Սակայն տեսակետներ կան, թե այսօրվա Հյուսիսային պողոտայի ճարտարապետությունն ազգային չէ:
– Ի՞նչ է նշանակում` ազգային ճարտարապետություն: Չկա այդպիսի բանաձեւ, որով սահմանված լինի, թե ինչպիսին պետք է լինի ազգային ճարտարապետությունը: Եթե այդ տեսակետի հեղինակներից մեկնումեկը կկարողանա ինձ այդ բանաձեւն ասել, ես ձեռքերս վեր կբարձրացնեմ: Բայց մյուս կողմից, մարդ, որն ապրում-մեծանում, ձեւավորվում է միջավայրում եւ ազգային ճարտարապետության անցած ամբողջ ճանապարհը յուրացնելով` սկսում է ստեղծագործել եւ ազգությամբ էլ հայ է, չի կարող պատահել, որ նա այլ ազգի ճարտարապետություն ստեղծի: Դա բացառվում է: Չկա այդպիսի բան, որ ես հիմա նստելու եմ` ազգային ճարտարապետություն արտահայտող շենք նախագծեմ: Ի՛նչ, պիտի ասեն ինձ` կամարներո՞վ արա, կամարը հայերը չեն հորինել, դա չգիտես որտեղից եկած սխալ կարծիք է: Ուրիշ բան, որ տարածքը մեկնաբանելու խնդիրը հայերի համար մի այլ բան է: Կարող եմ բազմաթիվ օրինակներ բերել. Կարմրավոր եկեղեցուն նայելիս` թվում է, թե փոքրիկ, խաղալիքի պես մի բան է` որոշակի բարձր գեղագիտական արտահայտչականություն ունեցող, բայց երբ ներս ես մտնում, քեզ թվում է, որ այդ շենքը շատ մեծ է: Այ, տարածքի ազգային մեկնաբանությունը դրա մեջ է, իսկ այդ դետալները, որոնց միջոցով, կարծում ենք, ազգային ճարտարապետություն է ստեղծվում, սուտ բան է: Օրինակ` Սպարտակ Կնդեխցյանի ստեղծած կինո «Մոսկվայի» ամառային դահլիճը, որտեղ, ի դեպ, ոչ մի կամար կամ զարդաքանդակ չկա, զուտ հայկական մտածելակերպի արդյունք է, տարածքի զուտ հայկական մեկնաբանություն. օդի, ծավալների յուրահատուկ համատեղում: Նայեք Հռիփսիմեն, նայեք Երերույքը, նայեք Կարմրավորը, կտեսնեք, որ նույն հոգեբանությունն է: Բայց չէ՞ որ մենք այսօր ազգային տարազներով ման չենք գալիս, արխալուղներ չենք հագնում, քամարներ չենք կապում, կառքերով չենք շրջում, այսինքն` աշխարհի մեր գեղագիտական մեկնաբանությունը կամաց-կամաց դառնում է համամարդկային, եւ այդ ամբողջ գեղագիտության մեջ մնում է միայն վարպետության հարցը: Իսկ վարպետությունը կատարելագործելու համար պետք է կառուցենք, պիտի ընթացք լինի: Եթե մենք 7-9-րդ դարերում աշխարհի լավագույն վարպետներին հավասար էինք, տեղ-տեղ էլ` ավելի բարձր, ապա դրանից հետո մի մեծ ընդմիջում եղավ, եւ բնական է` մենք պիտի ինչ-որ մի օր սկսեինք համամարդկային լեզվով խոսել` մնալով ազգային: Այսօր, երբ ես քայլում եմ Հյուսիսային պողոտայի արդեն բացված հատվածով, զգում եմ, որ Երեւանով եմ քայլում:
– Իսկ ի՞նչ կասեք Հյուսիսային պողոտայի բարձր հարկայնության մասին, որը, որոշ մասնագետների գնահատմամբ, հարիր չէ թամանյանական ազգային ճարտարապետությանը:
– Գիտե՞ք ինչ, հարկայնությունն ազգային մտածելակերպի հետ որեւէ կապ չունի: Շենքը կարող է ունենալ 50 հարկ եւ լինել ազգային, եւ ընդհակառակը, լինել 2 հարկանի եւ ունենալ օտար ճարտարապետություն: Զվարթնոցը 49 մետր էր: Այն ժամանակ Եվրոպայում դրանից ավելի բարձր շենք չկար: Մինչ այդ նման չափի եկեղեցի չէին կառուցել: Հիմա ի՞նչ, ասենք, որ դա երկնաքե՞ր էր եկեղեցական շինարարության մեջ: Ամբողջ խնդիրը դոզայի մեջ է: Այսօր, երբ Հյուսիսային պողոտան կառուցվում է մեկ միասնական ծրագրով եւ մշակված որոշակի հարկայնությամբ, դա պատահական չէ: Եվ պողոտայում ընդամենը մեկ բարձր ակցենտ կա` Աշտարակը, այն էլ` որովհետեւ պողոտայի սկիզբն է:
-Դա չի՞ ճնշում Օպերայի շենքին:
-Ոչ, որովհետեւ, եթե մենք գեղագիտական, ծավալային մեկնաբանության մասին ենք խոսում, ապա նշեմ, որ սրանից դեռ 30 տարի առաջ «Երեւաննախագծի» տեխնիկական-քաղաքաշինական խորհրդում քննարկվում էր այսօրվա ատամնաբուժարանի կողքին` Օպերայի ճիշտ դիմաց, 16 հարկանի շենք կառուցելու հարցը: Եվ այդ քննարկման ժամանակ բոլորը եկան այն եզրակացության, որ Օպերան իր ծավալով եւ հզորությամբ այնպիսին է, որ նրա մոտ կարելի է նույնիսկ 40 հարկանի շենք կառուցել, եւ դա որեւէ կերպ չի կարող ճնշել այն: Բայց այն, որ քաղաքի առանձին հատվածներում 20-22-հարկանի շենքեր են կառուցվում` առանց տարածքի ընդհանուր ծրագրի, առանց նախատեսելու, թե դրանք ո՞ր կոնտեքստում են արվում, ես դրան կտրականապես դեմ եմ: Եվ բոլոր քննարկումների ժամանակ այդ բարձրահարկերի մասին ես իմ բացասական կարծիքն ասել եմ, եւ` ոչ միայն ես: Պետք է լինի տարածքը մեկնաբանելու ընդհանուր ծրագիր, որ մենք հասկանանք, թե այդ մի ցցված շենքը միայնա՞կ է մնալու, նոնսե՞նս է լինելու, թե՞ ընդհանուր ներդաշնակության տեսակետից ճիշտ չափ ունի եւ ճիշտ տեղում է: Խնդիրը բոլորովին այլ է Հյուսիսային պողոտայի դեպքում, քանի որ այդտեղ, ինչպես արդեն նշեցի, կա տարածքի ընդհանուր ծրագիր: Բայց գիտե՞ք, հետաքրքիր բան դուրս եկավ. երբ Նարեկ Սարգսյանը հրաժարվեց իր պաշտոնից, մեր ճարտարապետական հասարակայնության եւ մամուլի քննադատական ակտիվությունն ավարտվեց: Այն ժամանակ, երբ Նարեկ Սարգսյանի օրոք Իտալական փողոց էին բացում, մամուլն ու Ճարտարապետների միությունը քարկոծում էին, աղմուկ բարձրացնում` ասելով, որ դա անգրագիտություն է եւ այլն: Թե դա ինչ էր, այսօր արդեն բոլորին պարզ է, բայց խնդիրն այդ չէ: Խնդիրն այն է, որ այդ նույն Ճարտարապետների միությունն ու մամուլը նույնկերպ չաղմկեցին, երբ քանդեցին Սեւան հյուրանոցը, Երիտասարդական պալատը, չի աղմկում, երբ այսօր ճակատային մասից խայտառակ կերպով այլանդակվում է Ազատության պողոտայի եւ Բաբայան փողոցի խաչմերուկի հիանալի շենքը, եւ այլն, եւ այլն: Ընդհանրապես, վերջին մեկուկես տարվա ընթացքում Երեւանի քաղաքաշինական ընթացքի վերաբերյալ Ճարտարապետների միության հրապարակային դիրքորոշման կատարյալ բացակայությունից այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ այդ կառույցը Նարեկ Սարգսյանից հետո ընդհանրապես լուծարվել է: Եվ, ի դեպ, այդ քննադատների առաջին շարքերում էր նաեւ այսօրվա գլխավոր ճարտարապետ Ս. Դանիելյանը, որը «Երեւանին պետք է վերադարձնել իր հին տեսքը» կարգախոսով` մեկը մյուսի հետեւից այդ տեսքը ձեւավորող շենքերի քանդման թույլտվություններ է տալիս:
– Բայց Նարեկ Սարգսյանի օրոք եւս բազմաթիվ հուշարձան-շենքեր են քանդվել:
– Ոչ, դա այդպես չէ: Իր գործունեության 5 տարիների ընթացքում նույն Նարեկ Սարգսյանը տնօրինել է ընդամենը 4 հուշարձանի ճակատագիր, որոնցից երկուսը վերականգնվել են, իսկ մյուս երկուսն էլ` տեղահանվել են փողոց բացելու նպատակով: Մինչդեռ նույն հուշարձանասեր Լեւոն Վարդանյանի գործընկեր Սամվել Դանիելյանն իր գործունեության 2 տարիների ընթացքում հասցրել է ստորագրել 25 հուշարձան-շենքի քանդման թույլտվություն: Եվ ուրեմն, ի՞նչ է պատահել, ինչո՞ւ չեն աղմկում ճարտարապետները: Ինչո՞ւ են լռում հուշարձանասեր հասարակության ազնիվ ներկայացուցիչները: Ես դրա իմ բացատրությունն ունեմ: Բայց կուզենայի, որ նախկինում այդ մեծ-մեծ խոսողները բացատրություն տային: Մինչդեռ այսօր լրատվամիջոցներով քաղաքաշինական խնդիրները լուսաբանելիս ծրագրված կերպով արվում է ամեն ինչ Նարեկ Սարգսյանի անունը դուրս թողնելու համար (դժվար չէ գլխի ընկնել, թե ում կողմից): Բանը հասնում է այնտեղ, որ Հ1-ով հաղորդում են պատրաստում Հյուսիսային պողոտայի մասին եւ «հմտորեն» շրջանցում են ծրագրի հեղինակի անունը:
– Որքան հասկանում եմ, դուք դժգոհ եք ներկայիս գլխավոր ճարտարապետի գործունեությունից:
– Գոհ կամ դժգոհ լինելու համար նախ պետք է գլխավոր ճարտարապետ ունենալ: Իսկ այսօրվա գլխավոր ճարտարապետը` Սամվել Դանիելյանը, զուտ դեկորատիվ ֆիգուր է, որն այսօր փաստացի որեւէ հարց չի լուծում եւ որը այդպես էլ իր գործունեության ընթացքում չի առաջարկել որեւէ քաղաքաշինական ծրագիր, այլ զբաղվել է իր նախորդի ծրագրերի իրականացման շարունակությամբ: Կարող եմ ասել, որ Նարեկ Սարգսյանից հետո Երեւանն ունի մեկ գլխավոր ճարտարապետ. դա Երվանդ Զախարյանն է, որն էլ, ի դեպ, անձամբ է վարում Քաղաքաշինական խորհրդի նիստերը` հավանաբար, իր ղեկավարած կառույցի քաղաքաշինական ծառայության մեջ արդարացիորեն չգտնելով արժանի այլ մեկին:
– Դուք ձեր խոսքում նշեցիք, որ Թամանյանի ստեղծած ճարտարապետական հզոր կամուրջի տակ մնացին 19-րդ դարի սեւ շենքերը: Առաջիկայում քաղաքապետարանը պատրաստվում է այդ շենքերը հավաքել Գլխավոր պողոտայի` Արամի, Բուզանդի, Աբովյան եւ Եզնիկ Կողբացի փողոցներով պարփակված տարածքում: Ինչպե՞ս եք վերաբերվում «Հին Երեւան» կոչվող այդ ծրագրին:
– Միանգամից ասեմ, որ ես կտրուկ դեմ եմ: 18-րդ դարի վերջին եւ 19-րդ դարի սկզբում հիմնական ազգային կապիտալը կենտրոնացած էր Թիֆլիսում եւ Բաքվում: Երբ Թիֆլիսում հայերը կառուցեցին իսկապես եվրոպական քաղաք, այդ տարիներին ազգային կապիտալի միայն փշրանքները բաժին հասան Երեւանին, եւ այստեղ կառուցվեցին գեղագիտական տեսակետից մեր ճարտարապետության հետ ոչ մի կապ չունեցող շենքեր: Այսինքն` դրանք Հյուսիսային Կովկասի, Ռուսաստանի հարավային քաղաքներից` Կիսլովոդսկ, Պյատիգորսկ եւ այլն, պատճենահանած տների նմուշներ են: Ընդ որում` պատճենահանված ոչ միշտ ճարտարապետների, հաճախ շինարարների, երկաթգծի ինժեներների կողմից: Եվ այդ շենքերը, բացառությամբ մի քանի նմուշների, որեւէ գեղագիտական արժեք չեն ներկայացնում: Հիմա այսօր դա բերել-դարձնել մեր քաղաքի մե՞խը, ես դա անընդունելի եմ համարում: Եվ, ճիշտն ասած, Թամանյանն էլ է այդկերպ վերաբերվել այդ շենքերին: Ոչ ոք չի ուզում հիշել, որ նախագծելով այն քաղաքը, որով մենք այսօր հիանում ենք, նա բազմաթիվ նման շենքեր ուղղակիորեն վերացրել է: Եվ ճիշտ է արել, որովհետեւ նա վերականգնում էր մեր աշխարհընկալումը, որն ընդհատվել էր: Բացի այդ, այն պատճառաբանությունը, թե այդ սեւ շենքերով պիտի գայթակղենք ու զարմացնենք եվրոպացի զբոսաշրջիկներին, ուղղակի ծիծաղելի է: Մի ուրիշ բան էլ կա: Երեւանն այն եզակի քաղաքներից է, որը հենց Թամանյանի գաղափարի շնորհիվ հնարավորություն ստացավ շատ կարճ ճանապարհով կապելու Կենտրոնի տարածքը Հրազդանի ձորի հետ: Դա պիտի արվեր Գլխավոր պողոտայով, որը նրա համար էր, որ քաղաքի բնակչությունն առավելագույնը 10 րոպեում քայլելով հայտնվեր Հրազդանի ձորում: Եվ այսօր Գլխավոր պողոտայի վրա կազմակերպվող այդ ճարտարապետա-տուրիստական թամաշան, այլ կերպ անվանել չեմ կարող ձեր նշած «Հին Երեւան» ծրագիրը, փաստորեն խափանում է Թամանյանի այդ հիանալի հանգուցային գաղափարը, եւ մոտ երեք հեկտար տարածքը լցվում է ճարտարապետական հնոտիքով` հավիտյան փակելով դեպի Հրազդանի կիրճ կարճ հետիոտն ճանապարհը: Մինչդեռ, երբ այդ տարածքը քաղաքապետ Գրիգոր Հասրաթյանը մաքրեց, եւ մնում էր միայն այսօրվա «Սիլ Պլազայի» շենքը, երկար քննարկումներից հետո որոշվեց, որ երբ որ տեխնիկապես մենք պատրաստ կլինենք, ստորգետնյա անցուղի կանցկացնենք պողոտայի վրա գտնվող, բայցեւ իսկապես արժեք ունեցող 19-րդ դարում կառուցված Հայֆիլհարմոնիայի շենքի տակով` այդպիսով չընդհատելով պողոտայի ընթացքը եւ, միեւնույն ժամանակ, պահպանելով շենքը: Մինչդեռ հիմա այստեղից-այնտեղից կասկածելի ճարտարապետական արժեք ունեցող շենքեր բերելով-հավաքելով` ոչ միայն սպանում ենք այս քաղաքը ծնողի գաղափարը, այլեւ զոհաբերում ենք շուրջ երկու հեկտար կանաչ տարածք: Էլ չասած` որ դա հակասում է Երեւանի բոլոր նախորդ գլխավոր հատակագծերին, համաձայն որոնց` այդտեղ պետք է լիներ կանաչ տարածք: Բացի այդ, երբ 2004թ. ապրիլին ՀՀ նախագահն Ազգային պատկերասրահի տանիքից դիտում էր ապագա Հյուսիսային պողոտայի տարածքը, բազմաթիվ բնակիչների, ճարտարապետների, շինարարների եւ լրագրողների ներկայությամբ հայտարարեց, որ Գլխավոր պողոտայի նշված տարածքում պետք է այգի լինի:
– Այսօր բոլորի ուշադրությունն առավելապես ուղղված է Երեւանին: Մինչդեռ վիճակն էլ ավելի անմխիթար է Երեւանից դուրս:
– Երեւանից դուրս բարձիթողի վիճակ է: Ժամանակին կային բազմաթիվ ծրագրեր Հայաստանի քաղաքների եւ գյուղական բնակավայրերի համար: Այսօր այդպիսիք չկան: Չկան ոչ միայն ծրագրեր, այլեւ, Հայաստանի տարբեր բնակավայրեր այցելելով` տպավորություն է ստեղծվում, որ չկա նաեւ ոլորտը վերահսկող որեւէ գերատեսչություն: Այսօր որեւէ կերպ իր գոյության մասին զգացնել չի տալիս Քաղաքաշինության նախարարությունը: Ավելին, վերացել է հանրապետության ճարտարապետական ծառայությունը, որը բաղկացած էր մասնագետներից եւ համակարգում էր բոլոր մարզերի եւ գյուղական բնակավայրերի ճարտարապետությունը: Այսօր այդ ամենը չկա, եւ մարզերում քաղաքաշինությունը կրում է տարերային բնույթ: Օրինակ` Գյումրիի գլխավոր հրապարակում այնպիսի մի շինություն է կառուցվում, որն ուղղակի անհասկանալի է, անընդունելի: Իսկ Գյումրին, նկատենք, Հայաստանի երկրորդ քաղաքն է, որն ունի հաստատված գլխավոր հատակագիծ: Բա ինչպիսի՞ն է վիճակը մնացած ավելի փոքր քաղաքներում: Այսօր եթե մի գյուղացի փող ունի եւ ուզում է տուն կառուցել, որտե՞ղ է հաստատվում նրա նախագիծը: Գյուղապետն է այն հաստատում: Բայց գյուղապետն ի՞նչ գիտի, թե ի՞նչը հաստատել, ի՞նչը` ոչ: Սա շատ լուրջ խնդիր է, որը հրատապ լուծում է պահանջում: Իսկ ինչ վերաբերում է մեր Քաղաքաշինության նախարարությանը, ապա ես չեմ կարող լուրջ համարել մի կառույց, որի ղեկավարը, լինելով քաղաքական փախստակ, անձնական շահույթ ստանալու նպատակով հրապարակային ցինիզմով խեղաթյուրում է «Հայարդնախագիծ» ինստիտուտի շենքը, կամ էլ Գյուղակադեմիայի երկու մասնաշենքերի մեջտեղում տեղադրում այդ բարձրահարկ անճոռնի արկղը, առանց մտածելու, որ Գյուղակադեմիայի շենքի հեղինակը հայ ականավոր ճարտարապետ Սամվել Սաֆարյանն է: Եվ դա տեղի է ունենում քաղաքային իշխանությունների, Ճարտարապետների միության, եւ ճարտարապետական հուշարձանների պահպանության բազմաթիվ հիստերիկ մարտիկների զրոյական արձագանքի պայմաններում: Ի վերջո, ո՞վ պետք է պատասխան տա այս «էլիտար ցինիզմի» համար, երբ կառույցի ղեկավարը, ով կոչված է պայքարելու նման երեւույթների դեմ, ինքն է դրա ամենաակնառու օրինակը ցույց տալիս: