Հակասության եւս մեկ վկայություն չէ՞ Ալբերտ Բազեյանի համաձայնությունը՝ անդամակցել նորաստեղծ «Ոգու փորձություն» երկրապահական կազմակերպությանը, այն դեպքում, երբ ԵԿՄ վերջին համագումարում Արամ Սարգսյանը կոչ արեց չպառակտել նաեւ այս կառույցը, որը ստեղծել է Վազգեն Սարգսյանը: Այս դիտարկմանն ի պատասխան` Ս. Սուրենյանցն ասաց. «Ես չեմ ուզում գնահատականներ տալ ԵԿՄ-ի վերաբերյալ: Որպես ՀՀ քաղաքացի` կարող եմ ցանկություն հայտնել, որ նրանք միասնական լինեն, հնարավորինս հեռու քաղաքականությունից ու հնարավորինս հավատարիմ իր կանոնադրական գործունեությանը: ԵԿՄ-ն Վազգեն Սարգսյանի թողած ամենակարեւոր ժառանգություններից է, եւ ինքը կոնսոլիդացնող գործոն պետք է լինի, ոչ թե բաժանվի տարբեր մասերի: Բացի այդ, ԵԿՄ քաղաքական գործոն լինելու մասին խոսակցություններին անլուրջ եմ վերաբերվում: Կարծում եմ, մենք իսկապես ձգտում ենք դառնալ քաղաքացիական հասարակություն, իսկ դրա ձեւավորման ձգտումների առարկայացմանը զուգընթաց` պատերազմի հետեւանքով ստեղծված կառույցների քաղաքական կշիռը թուլանալու է: Մենք հարգում ենք Ա. Բազեյանի որոշումը, իրավունք չունենք չհարգել մեր ընկերոջ մոտեցումը: Բայց իմ տեսակետը միանշանակ է, որ ԵԿՄ-ն պետք է միասնական կառույց լինի, հնարավորինս ապաքաղաքական: Վ. Սարգսյանն իր գործունեության վերջին ամիսներին ուրվագծեց ԵԿՄ դերը: Նա ԵԿՄ գործիչներին, ովքեր քաղաքական գործունեության փորձ կամ ցանկություն ունեին` տեղափոխեց քաղաքականություն: Ցավոք, Վ. Սարգսյանից հետո երկրապահության գաղափարը զարգացնող գործիչ չեղավ, ու գաղափարական եւ կառուցվածքային առումով ԵԿՄ-ն հայտնվեց ճգնաժամի մեջ: Կլինի մեկ կազմակերպություն, թե՝ 10, միեւնույն է՝ դա հաղթահարել հնարավոր չէ, որովհետեւ բացակայում է Վ. Սարգսյանի նման խարիզմատիկ գործիչը, որն ի վիճակի էր ներդաշնակեցնել ԵԿՄ զարգացումը քաղաքացիական հասարակության ձեւավորման գործընթացի հետ»: