«ՀՀ-ում անհրաժեշտ է մթնոլորտի փոփոխություն, եւ այնպես չէ, որ իշխանությունը փոխելով` հաջորդ օրն իսկ իրավիճակը լավ կլինի»,- շաբաթ օրը քաղաքացիական նախաձեռնության առաջին հավաքից հետո ասել է ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը: Հիշեցնենք, որ այս շարժման նախաձեռնողները Վ. Մանուկյանն ու «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն են: Վ. Մանուկյանը նաեւ նշել է, թե անհրաժեշտ է ստեղծել «բրգաձեւ մի հատ մարմին», որը կփոխի իշխանությունը. «Ցանցային ինչ-որ մի բան պետք է լինի, ակումբատիպ միավորումներ, փոքր խմորումներ… Մեծ ցանց պետք է լինի, որ այն կարողանա պայքարել այս իշխանության դեմ»:
Ի պատասխան նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի հայտարարությանը, թե հնարավոր է իրենց` «քաղաքացիական անհնազանդություն» շարժումը միանա Րաֆֆի Հովհաննիսյան-Վազգեն Մանուկյան «քաղաքացիական նախաձեռնություն» շարժմանը, Վ. Մանուկյանն ասել է. «Իհարկե, բայց խումբ-խումբ միավորվելը չէ էական, չնայած մենք շատ կարեւորում ենք իրենց միավորումը: Մեր տարբերությունը հետեւյալն է` իրենք գտնում են, որ այս իշխանությունը հենց փոխվի` ամեն ինչ լավ կլինի, մենք գտնում ենք, որ իշխանությունը պետք է փոխվի որոշակի սկզբունքների շուրջ, որպեսզի նոր եկած իշխանությունն այդ սկզբունքները բավարարի»: